Սիրիայից ստացվում է չափազանց ուշագրավ տեղեկություն. քրդական զինված ուժերը պատրաստ են կռվել Թուրքիայի հովանավորությունը վայելող զինառյալների դեմ, որոնք փորձում են շրջափակել Հալեպի եւ հարակից բնակավայրերի քրդական համայնքները:
Վահրամ Աթանեսյան
Սիրիայից ստացվում է չափազանց ուշագրավ տեղեկություն. քրդական զինված ուժերը պատրաստ են կռվել Թուրքիայի հովանավորությունը վայելող զինառյալների դեմ, որոնք փորձում են շրջափակել Հալեպի եւ հարակից բնակավայրերի քրդական համայնքները:
Reuters‑ը, հղում անելով Սիրիայի կառավարական բանակի աղբյուրներին, տեղեկագրում է, որ դեկտեմբերի լույս 2‑ի գիշերը Իրաքի տարածքից Սիրիա են անցել եւ երկրի հյուսիսային շրջաններ ուղեւորվել մի շարք շիադավան զինված կազմավորումներ, որ «գտնվում են Իրանի վերահսկողության տակ»:
Այս տեղեկատվությունը հաջորդում է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղզիի Դամասկոս այցին, որտեղ նա բանակցություններ է վարել Սիրիայի նախագահ Ասադի հետ: Այդ հանդիպումից հետո Ասադը հայտարարել է, որ Սիրիան կհաղթի ահաբեկիչներին, ով էլ որ նրանց հովանավորը լինի:
Ըստ տեղեկությունների, Իրանի նախագահ Արաղչին Դամասկոսից մեկնել է Անկարա: Արաղչի-Ֆիդան բանակցությունների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ, բայց ավելի ուշագրավ է, որ Իրաքը փաստացի ռազմական աջակցություն է ցուցաբերում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:
Խնդիրն այն է, որ դեռեւս ամիսներ առաջ Թուրքիան Իրաքի հետ քրդական զինված խմբավորումների դեմ համատեղ պայքարի համաձայնության է հասել, ինչը հնարավորություն է ստեղծել, որպեսզի Անկարան բավական ազատ գործի այդ երկրի տարածքում:
Կենտրոնական կառավարությունից զատ Թուրքիան լուրջ պայմանավորվածություններ է ձեռք բերել նաեւ Իրաքյան Քրդստանի ղեկավարության հետ: Անկարայի նպատակն է Իրաքի հյուսիսից դեպի Սիրիա ռազմական փոխադրումները կասեցնել եւ պաշարման օղակի մեջ առնել տեղի քրդական խմբավորումներին:
Սիրիայից ստացվում է չափազանց ուշագրավ տեղեկություն. քրդական զինված ուժերը պատրաստ են կռվել Թուրքիայի հովանավորությունը վայելող զինառյալների դեմ, որոնք փորձում են շրջափակել Հալեպի եւ հարակից բնակավայրերի քրդական համայնքները:
Իրաքից Սիրիայի տարածք շիադավան կազմավորումների մուտքը ռազմականից բացի ունի քաղաքական կարեւորություն: Ակնկալիքները, որ արաբական երկրները կմիավորվեն Ասադի դեմ, չեն արդարանում: Արաբական երկրների լիգան Ասադին ճանաչում է Սիրիայի օրինական նախագահ եւ սատարում նրա կառավարությանը:
Թուրք-իրաքյան սիներգիան, ինչին տեւական ժամանակ ձգտում է Թուրքիայի նախագահ Էրդողանը, փաստացի չի ստացվում: Իրաքի աջակցությունը Սիրիայի նախագահի համար շատ էական է: Նախադեպը կարող է կիրառելի լինել նաեւ արաբական այլ երկրների հետ հարաբերություններում:
Թուրքիան, այսպիսով, նախաձեռնել է չափազանց բարդ գործընթաց, որ շոշափում է նաեւ Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը: Ռուսաստանյան մամուլն, իհարկե, Սիրիայում ռուս-թուրքական դիմակայության խնդիրը նրբորեն շրջանցում է, բայց փաստացի Թուրքիան չեղարկել է Աստանայի պայմանավորվածությունները:
Դեկտեմբերի 2‑ին Թուրքիայի հովանավորությունը վայելող զինյալները Իդլիբի շրջանում ընդհուպ մոտեցել են ռուսական ռազմահենակայանին: Բացառված չէ, որ իրավիճակի սրացման դեպքում նրանց միջեւ բախումներ սկսվեն: Սիրիայի հյուսիս մտած իրաքյան խմբավորումները նույնպես կրակային շփման մեջ են մտնելու թուրքամետ խմբավորումների հետ: Թուրքիան եւ Իրաքը կարող են արդեն պաշտոնապես հայտնվել տարբեր ճամբարներում:
