Սիրիայում թուրքամետ «ընդդիմությունը» զինված պայքար է սկսել, որովհետեւ արձանագրել են Ռուսաստանի եւ Իրանի դիրքերի թուլացում:
Վահրամ Աթանեսյան
Մոսկվայում Իրանի դեսպանատունը թելեգրամյան գրառում է կատարել, որ դեկտեմբերի 4-ին Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենիի միջազգային հարցերով տեղակալ այաթոլլա Մոհսեն Ղումին պատվիրակության ուղեկցությամբ ժամանել է Ռուսաստանի մայրաքաղաք: Նրան դիմավորել է Մոսկվայում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կազեմ Ջալալին: Այլ տեղեկություն դեռեւս հայտնի չէ:
Նախօրեին Կատարի լրատվամիջոցներին տված հարցազրույցում Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ասել է, որ պատրաստվում է այցելել Մոսկվա՝ Դամասկոսում եւ Անկարայում բանակցություններից հետո «գնահատելու Սիրիայի իրավիճակը»: Մինչ այդ նույն հարցի շուրջ կայացել է ՌԴ եւ ԻԻՀ նախագահների հեռախոսազրույցը:
Դամասկոսում եւ Անկարայում Իրանի արտգործնախարարի բանակցություններից հետո Սիրիայում իրավիճակը ոչ միայն չի կայունացել, այլեւ ավելի է սրվել. Թուրքիայի հովանու ներքո գործող «ապստամբական ուժերը» նոր բնակավայրեր են գրավել: Ըստ երեւույթին, Թեհրանը Սիրիայի նախագահ Ասադի հետագա ճակատագրի եւ այդ երկրի ամբողջականության պահպանության հարցում չափազանց խոր մտահոգություններ ունի:
Ընդ որում, կարելի է ենթադրել, որ այդ մակարդակով Թեհրան-Մոսկվան «կրիզիս-կոմունիկացիայի» համար կողմերը հիմնավոր պատճառներ ունեն՝ կապված Սիրիայում Թուրքիայի հետագա քայլերի հետ կամ, թերեւս, Ռուսաստանին պետք են ավելի բարձր եւ հուսալի երաշխիքներ, քան կարող է տալ Իրանի նախագահը, առավել եւս՝ արտաքին գործերի նախարար Արաղչին:
Միջազգային հեղինակավոր փորձագիտական հաստատությունները համակարծիք են, որ Սիրիայում թուրքամետ «ընդդիմությունը» զինված պայքար է սկսել, որովհետեւ արձանագրել են Ռուսաստանի եւ Իրանի դիրքերի թուլացում: Ռուս-ուկրաինական պատերազմը մարդկային, նյութական, ֆինանսական եւ քաղաքական ու դիվանագիտական ռեսուրսներ է խժռում: Որքան էլ Վլադիմիր Պուտինը եւ Կրեմլի քարոզչամեքենան պնդեն, որ Արեւմուտքին «չի հաջողվել Ռուսաստանին մեկուսացնել», փաստ է, որ Մոսկվան հուսալի հարաբերություններ ունի միայն մի քանի երկրի հետ:
Ընդ որում, Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանը շատ թափանցիկ ակնարկել է, որ Սիրիայի հարցով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները մնացել են անցյալում: Անկարան առայժմ գոնե առերեւույթ հանդես է գալիս Բաշար Ասադի հետ քննարկումների պատրաստակամությամբ: Բայց խորքային առումով Թուրքիային Սիրիայում ձեռնտու է այնպիսի իշխանություն, որ կբավարարի թուրքոմանների պահանջները:
Ամենայն հավանականությամբ, Էրդողանի ծրագիրը հանգում է նրան, որ Սիրիայի հյուսիսում հռչակվի թուրքոմանական ինքնավարություն՝ Հալեպ «մայրաքաղաքով»: Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Բահչելին հիշեցրել է, որ «Ռուսաստանը եւ Իրանը Հալեպում սուննի մուսուլմանների սպանդ են կազմակերպել»: Դա պատահական հիշեցում չէ:
Բահչելին Էրդողանի կոալիցիոն գործընկերն է, ասում է այն, ինչ Թուրքիան իրոք ցանկանում է: Իսկ դա նախկին օսմանյան տարածքների նկատմամբ առնվազն պրոտեկտորատի հաստատումն է, քաղաքական ուղեգիծ, որ Ուկրաինայի եւ հետխորհրդային մյուս երկրների նկատմամբ Ռուսաստանի կայսերական նկրտումների հայելային պատասխանն է կամ՝ շարունակությունը:
Սիրիայի գործող նախագահը վերջին տարվա ընթացքում մի քանի անգամ չի արձագանքել բանակցություններ սկսելու՝ Էրդողանի առաջարկությանը: Թուրքական կողմի փորձագիտական գնահատմամբ՝ Ասադի այդ որոշումը «պայմանավորված է Մոսկվայի եւ Թեհրանի ազդեցությամբ»: Իրանի հոգեւոր առաջնորդի տեղակալը, Մոսկվայում ի՞նչ մակարդակի ընդունելության է արժանանալու:
Եթե բանակցություններ կայանան Վլադիմիր Պուտինի հետ, ուրեմն Թեհրանը Մոսկվային շատ լուրջ ուղերձ է փոխանցում: Այդ դեպքում Սիրիայի թուրքամետ ուժերը կմեծացնեն Ասադի նկատմամբ ճնշումը, որպեսզի նա ընդունի «կարգավորման» թուրքական առաջարկությունները: Ռուսաստանը եւ Իրանը Բաշար Ասադին ռազմական օժանդակություն կտրամադրե՞ն: Եթե հանգամանքները թելադրեն, որ Սիրիա ռուսական եւ իրանական զորքեր մտնեն, Թուրքիան կգնա՞ նրանց հետ ուղղակի առճակատման: