Հայաստան

Թուրքիան Եւ Իսրայելը Սիրիայում Կպատերազմե՞ն

Հայտնի է դարձել, որ թուրքամետ խմբավորումները Սիրիայի հյուսիսում հանդիպում են քրդական ուժերի դիմադրությանը: Կատաղի մարտեր են ընթանում, մասնավորապես, Մանջիբ քաղաքում եւ շրջակա մի քանի բնակավայրերում:

Վահրամ Աթանեսյան

Դեկտեմբերի 8-ին Իսրայելի վարչապաետ Նաթանյահուն պաշտպանության նախարար Կացի եւ ԶՈՒ ԳՇ պետ Հալեւիի ուղեկցությամբ այցելել է Գոլանի բարձունքներ: Իսրայելական զինված ուժերը զբաղեցրել են այսպես կոչված «բուֆերային գոտին», որ Սիրիայի հետ սահմանին հաստատվել է 1974թվականին: Պետք է արձանագրել, որ Իսրայելն այդպիսով վերահսկողություն է սահմանում ամբողջ Գոլանի բարձունքների նկատմամբ:

Այդ տարածքն ունի ռազմավարական գերկարեւոր նշանակություն, փաստացի չորս պետության՝ Սիրիայի, Իսրայելի, Հորդանանի եւ Լիբանանի «բաժանարար գիծն» է, որի մի զգալի հատվածը մինչ այդ էլ իսրայելական հսկողության տակ էր: Նախագահության առաջին շրջանում Դոնալդ Թրամփը Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի հսկողությունը ճանաչել է օրինական, ինչպես նաեւ ԱՄՆ դեսպանատունը Թել-Ավիցից տեղափոխել Երուսաղեմ:

Ասադի վարչախմբի անկումից մեկ օր առաջ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում շրջանառության է դրվել օրինագիծ, որ առաջարկում է Միացյալ Նահանգների պաշտոնական փաստաթղթերում եւ ռազմական քարտեզներում «Արեւմտյան ափի» փոխարեն պաշտոնապես գործածել «Հուդեա եւ Սամարիա» պատմական անվանումները: Հորդանան գետի արեւմտյան ափը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1947թ. բանաձեւով ճանաչված է պաղեստինյան տարածք, որ երկու տասնամյակ անց Իսրայելը գրավել է եւ վերաբնակեցրել հայրենադարձ հրեաներով:

Իսրայելական մամուլը հայտնում է Սիրիայի տարածքում ռազմական օդանավակայանների, հրամանատարական կետերի, ռազմավարական նշանակության այլ ենթակառուցվածքների եւ զինապահեստների զանգվածային ռմբակոծումների մասին, որ իրականացնում է ՑԱՀԱԼ-ի օդուժը: Ռազմավարական նշանակության տասնյակ թիրախներ են խոցվել անգամ Դամասկոսում եւ նրա արվարձաններում:

Իսրայելի կառավարությանը մոտ աղբյուրները հայտնել են, որ նման որոշում ընդունել է ռազմական կաբինետը: Խնդիր է դրված ոչնչացնել Սիրիայի տարածքի բոլոր կարեւոր օբյեկտները, որպեսզի Թուրքիայի հովանավորությունը վայելող զինված խմբավորումներին արդիական ոչ մի սպառազինություն չանցնի: Ըստ տեղեկությունների, իսրայելական օդուժը ոչնչացրել է քիմիական զենքի եւ «երկիր-երկիր» հրթիռների բոլոր պահեստները:

Վարչապետ Նաթանյահուն Գոլանի բարձունքներում հայտարարել է, որ Ասադի վարչախումբը տապալվել է «Հեզբոլլայի» դեմ իսրայելական ուժերի ջախջախիչ հարվածների շնորհիվ: Նա, կարծես, փորձում է միջազգային հիմնական դերակատարներից Սիրիայի նկատմամբ հսկողության իրավունք ստանալ: Այս իմաստով բավական ուշագրավ է, որ Իրանի հսկողությամբ գործող «Հեզբոլլան» Սիրիայից դուրս է բերել իր մարտական խմբերը եւ զրահատեխնիկան:

Ընդ որում, բավական ինտրիգային է, որ իսրայելական օդուժը «Հեզբոլլայի» զրահատեխնիկայի մի շարասյուն գրոհելուց հետո այլեւս չի միջամտել եւ շուրջ 150 զրահամեքենաներից կազմված շարասյունն անարգել անցել է Լիբանան: Միաժամանակ հայտնի է դարձել, որ թուրքամետ խմբավորումները Սիրիայի հյուսիսում հանդիպում են քրդական ուժերի դիմադրությանը: Կատաղի մարտեր են ընթանում, մասնավորապես, Մանջիբ քաղաքում եւ շրջակա մի քանի բնակավայրերում:

Հստակ ուրվագծվում է, որ Իսրայելը թուրքամետ զինված խմբավորումներին զրկում է սիրիական բանակի զինանոցին տիրանալու հնարավորությունից: Իսկ դա նշանակում է, որ այդ խմբավորումները հետկոնֆլիկտային իրավիճակում չեն կարող թելադրող լինել կամ Իսրայելն ամեն ինչ անում է, որ իսլամական արմատականությունն ապագա Սիրիայում որոշիչ չլինի: Ռուսաստանն արդեն իսկ առաջարկել է, որ Սիրիայի հարցով Ժնեւում բանակցություններ սկսվեն՝ բոլոր կողմերի մասնակցությամբ:

Բարդ է կանխատեսել, թե ընդհանուր ի՞նչ սկզբունքներ կարող են քննարկվել, եթե նման բանակցություններ իրոք նախաձեռնվեն եւ սկսեն, բայց ակնհայտ է, որ ազդեցիկ է լինելու այն կողմը, որ գետնի վրա իրավիճակում առարկայական ուժ ունի: Թուրքիան կփորձի՞ իր հովանու ներքո գործող խմբավորումներին արդիական սպառազինություններ տրամադրել: Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ նման սցենարը բացառվում է: Իրանը եւ Ռուսաստանը համարյա լիովին հեռացել են Սիրիայից: Հնարավո՞ր է, որ Մոսկվան եւ Թեհրանը վակուում են ստեղծում, որպեսզի Սիրիայում Իսրայելը եւ Թուրքիան բախվեն: Իսկ եթե ամեն ինչ կառուցված է այնպես, որ թոյւրք-իսրայելական «ռազմական բախումն անխուսափելի» ներկայացնելու միջոցով Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի եւ Իրանի ազդեցությանը վերջ տրվի՞: Մոտակա շաբաթների իրադարձությունները թույլ կտան որոշակի կռահումներ անել:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *