Լարվածությունն արդեն իսկ ակնհայտ է այդ հարաբերություններում, բավականաչափ մեծ անվստահությունն ու լարվածությունը արդեն իսկ երևում են, բայց իրավիճակն այնպիսին է, որ մրցակցություն է ընթանում, այդ դերակատարները պատմականորեն իրար հետ մրցակիցներ են եղել։ Թուրքիան պարզապես օգտվում է իրավիճակից և աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային փոփոխությունների ազդեցությամբ ավելի է բարելավում իր դիրքերը։
Արմեն Պետրոսյան
Առաջնայինը սիրիահայերի ճակատագիրն է, հետո արդեն՝ աշխարհաքաղաքական փոփոխությունների ուղիղ ազդեցությունը մեզ վրա. Արմեն Պետրոսյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը
– Պարո՛ն Պետրոսյան, Սիրիայում 24 տարվա նախագահ Բաշար ալ Ասադի իշխանությունը տապալվեց, նա լքել է երկիրը, քաղաքական ապաստան ստացել Ռուսաստանում։ Ինչպե՞ս ու ինչո՞ւ տեղի ունեցավ այս ամենը Սիրիայում։
– Աշխարհաքաղաքական ու նաև Մերձավոր Արևելքում ընթացող տարածաշրջանային փոփոխությունների համատեքստում 2019-2020 թթ. Սիրիայում հաստատված հրադադարն անակնկալ կերպով խախտվեց, ու Բաշար ալ Ասադի կառավարության դեմ հանդես եկող մի շարք խմբավորումներ՝ տարբեր գաղափարական ուղղվածություններով, տարբեր արտաքին հովանավորություններ ունեցող, անցան բավականաչափ գրագետ ու լավ կազմակերպված գործողության, որի արդյունքում էլ բավականաչափ, դարձյալ անկանխատեսելի արագությամբ վարչակարգը տապալվեց: Այս պահին, փաստացի, Սիրիայում փորձ է արվում հաստատել նոր կառավարություն՝ դեռևս մեծ անորոշության պայմաններում։
– Թուրքիայի դերակատարումն այս գործընթացում որքա՞ն էր, և արդյոք Թուրքիային կհաջողվի՞ վերահսկել Սիրիայում իրավիճակն այս ամենից հետո։
– Թուրքիայի ազդեցությունը բավականաչափ մեծ էր այս ողջ գործընթացում։ Այս գործողությունը, ինչպես նշեցի, բավականաչափ հաջողված էր, ու ակնհայտ էր, որ այդ զինյալ խմբավորումները միայնակ չեն գործել: Նրանք առնվազն ունեցել են մի քանի կարևոր երկրների հետախուզական ծառայությունների համակողմանի աջակցություն՝ և՛ հետախուզական տվյալների, և՛ ռազմական գործողութունների կազմակերպման ու առհասարակ լոգիստիկ տեսանկյուններից։
Դրանցում բավականաչափ կարևոր դեր ուներ նաև Թուրքիան, որովհետև այդ խմբավորումներից մի քանիսը գործում են անմիջապես Թուրքիայի ազդեցության ներքո, խոսքը հատկապես այս պահին Սիրիայի հյուսիսում ակտիվացած խմբավորումների մասին է՝ Սիրիայի ազգային բանակը, որն ուղիղ կերպով գործում էր Թուրքիայի հովանավորությամբ և աջակցությամբ։
Ինչ վերաբերում է մյուս խմբավորումներին, ապա ոչ բոլորն են, բնականաբար, այն աստիճանի գտնվել Թուրքիայի ազդեցության ներքո, որչափ Սիրիայի ազգային բանակը, դրանց վրա ազդել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի հատուկ ծառայությունները: Խոսքը, իհարկե, առանցքային խմբավորման մասին է՝ «Հայաթ Թահրիր ալ Շամ», որը, մեծ հաշվով, գլխավորում էր այս հարձակումը։
Բնականաբար, Թուրքիան կարծես թե փորձելու է առավելապես կենտրոնանալ Սիրիայի հյուսիսի վրա՝ այնտեղ իրեն ձեռնտու ու հովանավորյալ կառավարում ապահովելու, որովհետև միանշանակ չէ, որ Սիրիան կմնա միասնական: Մեծ հաշվով չի բացառվում այդ երկրի մասնատումը՝ ըստ ազդեցության գոտիների ու հյուսիսի մասով:
Թուրքիան ձգտելու է, որ իրեն լոյալ կառավարում լինի այնտեղ և փորձելու է լուծել մյուս կարևոր խնդիրը՝ այնտեղ քրդական ինքնակառավարման միավորների բացառում։ Ներկայում էլ, կարծես թե, հենց այդ գործընթացն է գնում, ու դա իրականացրել են ռազմական եղանակով, այսինքն՝ թուրքական զինված ուժերի, ընդդիմադիր խմբավորումների, ինչպես նաև, չի բացառվում՝ ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ, դիվանագիտական առևտրի միջոցով։
– Պարո՛ն Պետրոսյան, Հայաստանի վրա ի՞նչ ազդեցություն է ունենալու այս ամենը։
– Այս պահին առաջին հերթին սիրիահայերի ճակատագիրն է, որը չի կարող նաև անմասն թողնել Հայաստանին: Մոտ 20 հազար մեր հայրենակիցների ճակատագիրն այս պահին բավական անորոշ վիճակում է, ու կամա թե ակամա Հայաստանը որևէ ձևաչափով պետք է ներգրավվածություն ունենա այս խնդրի լուծմանը։
Սա առանցքային խնդիր է, ու պետք է հիմիկվանից փորձ արվի կապեր հաստատել տարբեր պետությունների հետ, որպեսզի նրանց միջոցով, հնարավորության դեպքում, փորձ արվի ապահովել մեր հայրենակիցների անվտանգությունը ու, իհարկե, պատրաստ լինել նրանց հնարավոր ներգաղթին Հայաստան։ Սա ամենանկատելի խնդիրն է այս պահին։
Երկրորդն արդեն այդ աշխարհաքաղաքական փոփոխությունների ուղիղ հետևանքներն են, որոնք ազդելու են նաև մեր տարածաշրջանի վրա։ Նույն Իրանի դիրքերի թուլացումը, Ռուսաստանի դիրքերի թուլացումը ու դրան զուգահեռ նաև Թուրքիայի դիրքերի էլ ավելի ամրապնդումը:
Եթե նախկինում Իրանը բավականաչափ էական գործոն էր՝ կանգնեցնելու թուրք-ադրբեջանական համատեղ ջանքերը միջանցքի ստեղծման համար, ապա հիմա նրա դիրքերը բավականաչափ թուլացած են, ինչն ուղիղ կերպով ազդելու է մեզ վրա, ու կարճաժամկետ հեռանկարում այս բոլոր զարգացումներն ազդելու են նաև Ադրբեջանի վարքագծի ու դիրքորոշման վրա, որն ավելի կարծրանալու ու ապակառուցողական է դառնալու։ Այնպես որ, համակ ուշադրությամբ պետք է հետևենք բոլոր գործընթացներին ու ամենատարբեր սցենարների համար լուծումներ ունենանք։
– Իրան-Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում ի՞նչ զարգացումներ կլինեն սիրիական դեպքերից հետո։
– Լարվածությունն արդեն իսկ ակնհայտ է այդ հարաբերություններում, բավականաչափ մեծ անվստահությունն ու լարվածությունը արդեն իսկ երևում են, բայց իրավիճակն այնպիսին է, որ մրցակցություն է ընթանում, այդ դերակատարները պատմականորեն իրար հետ մրցակիցներ են եղել։ Թուրքիան պարզապես օգտվում է իրավիճակից և աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային փոփոխությունների ազդեցությամբ ավելի է բարելավում իր դիրքերը։ Կանխատեսելի զարգացումներ են, այն անվստահությունը, որ եղել է պատմականորեն, հիմա շարունակվելու է։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am