Ներքին կյանքում ինչու՞ են «Իսլամական համերաշխություն» կազմակերպության անդամները հետապնդվում: Սիրիայում այսօր փաստացի իշխանություն է Թուրքիան: Ալիեւը սեփական քաղաքացիների կվերադարձնի՞ Ադրբեջան:
Վահրամ Աթանեսյան
Ավարտվող տարվա փետրվարի 20-ին Սիրիայից Ադրբեջան է հայրենադարձվել յոթ քաղաքացի: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ երկու կին եւ հինգ երեխա, որ պահվում էին Սիրիայի տարածքի ճամբարներից մեկում: Նրանք նախ տեղափոխվել են Թուրքիա, ապա՝ Ադրբեջան: Ադրբեջանում երբեմն-երբեմն տեղեկություններ են տարածվում նախկինում Իսլամական պետության գրոհայինների շարքերում կռված անձանց դատավարության մասին: Հայտնի է, որ Իրաքի իշխանությունները վաղուց են բարձրացրել իրենց երկրի տարածքում պահվող ադրբեջանցիների խնդիրը:
Բաքվում, երեւում է, ընտրել են թեման չհրապարակայնացնելու տարբերակը եւ զանգվածային հայրենադարձություն չեն կազմակերպում՝ զգուշանալով միջազգային ոչ բարենպաստ արձագանքներից: Բայց իրողությունը դժվար է քողարկել. Իրաքում եւ Սիրիայում մի քանի հազար ադրբեջանցի գրոհայիններ են կռվել: Նրանցից շատերն այդ երկրներ են անցել ընտանիքներով: Երկու կանայք եւ հինգ երեխաները, որ փետրվարի 20-ին Թուրքիայի տարածքով հայրենադարձվել էին, անշուշտ սպանված ադրբեջանցի գրոհայինների հարազատներ են:
Այդ կարգի քանի՞ անձ է պահվում Իրաքի եւ Սիրիայի տարածքի ճամբարներում՝ հայտնի չէ, քանի՞սն են հրաժարվում վերադառնալ կամ նախընտրում են մնալ Թուրքիայում՝ նույնպես: Իսկ ինչպե՞ս է դասավորվում հայրենադարձվածների ճակատագիրն Ադրբեջանում՝ Բաքվի աղբյուրները դարձյալ ոչինչ չեն ասում: Կարելի է, իհարկե, ընդունել, որ դա Ադրբեջանի ներքին գործն է: Բայց հայրենադարձության մասին տեղեկատվությունը ժամանակային առումով համընկել էր Մյունխենում Իլհամ Ալիեւի եւ Իրաքյան Քրդստանի ներկայացուցիչների բանակցություններին եւ նրա Անկարա այցին:
Ըստ երեւույթին, խոսքը հազարավոր մարդկանց Ադրբեջան տեղափոխելու մասին է, որ կարող է լուրջ հետեւանքներ ունենալ: Ադրբեջանական սոցիալական մեդիան հաղորդում է փետրվարի 19-ից Բաքվում, մի քանի այլ քաղաքներում եւ գյուղական շրջաններում «հավատացյալների զանգվածային ձերբակալությունների» մասին: Հատկապես ընդգծվում է „Իսլամական համերաշխություն„ կոչվող կառույցի անդամների նկատմամբ գործադրված բռնությունը:
Կա՞, արդյոք, Ադրբեջանում „իսլամական ընդհատակ„: Մեծ է հավանականությունը, որ Իրաքից եւ Սիրիայից հայրենադարձություն կազմակերպելու եւ „Իսլամական համերաշխություն„ կազմակերպության դեմ իրավապահների քայլերի մասին տեղեկատվությունը հենց իշխանությունն է կազմակերպում: Իլհամ Ալիեւն Ադրբեջանում „կրոնապետություն հաստատելու վտանգը„ մշտապես օգտագործել է սեփական բռնապետությունը որպես „միակ ընդունելի տարբերակ„ ներկայացնելու համար:
Երդմնակալության ելույթում Իլհամ Ալիեւը պաշտոնապես հռչակել էր «իսլամաֆոբիայի դեմ պայքարի առաջին շարքերում կանգնելու» արտաքին քաղաքական ուղեգիծ: Բայց ներքին կյանքում ինչու՞ են «Իսլամական համերաշխություն» կազմակերպության անդամները հետապնդվում: Սիրիայում այսօր փաստացի իշխանություն է Թուրքիան: Ալիեւը սեփական քաղաքացիների կվերադարձնի՞ Ադրբեջան:
