Մաս Ա
Ինչու՞ խորհրդարանական ընտրություններից առաջ «Ազատ հայրենիքը» եւ ՔՄԴ-ն դաշինք են կազմել՝ ԼՂ ներքաղաքական կյանքի վերջին շրջանի գաղտնիքներից է, որ, հավանաբար, կբացահայտվի միայն ապագայի անաչառ ուսումնասիրողների կողմից:
Վահրամ Աթանեսյան
Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, տարածքային կառավարման նախկին նախարար Հայկ Խանումյանն «Ալիքմեդիայի» գլխավոր խմբագիր Թաթուլ Հակոբյանի հետ հարցազրույցում հայտարարել է, որ անցյալ տարվա սեպտեմբերի 9-ին Ստեփանակերտում ոչ թե հեղաշրջում է տեղի ունեցել, այլ՝ իշխանության փոխանցում: Իր տեսակետը նա հիմնավորել է նրանով, որ ԱԺ-ում ամենամեծ խմբակցություն ուներ Արայիկ Հարությունյանը, եւ, իբր, հենց նրանք էլ Սամվել Շահրամանյանին նախագահ են ընտրել:
Առերեւույթ այդպես է: Բայց այդ խմբակցությունը ոչ թե Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» կուսակցությունն էր ներկայացնում, այլ՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը, իսկ ՔՄԴ-ն իրականում ձեւավորվել են մի խումբ անձինք, որ նախկինում հանդիսացել են ՀՅԴ Արցախի երիտասարդական կառույցի անդամներ: Թե ինչու՞ խորհրդարանական ընտրություններից առաջ «Ազատ հայրենիքը» եւ ՔՄԴ-ն դաշինք են կազմել՝ ԼՂ ներքաղաքական կյանքի վերջին շրջանի գաղտնիքներից է, որ, հավանաբար, կբացահայտվի միայն ապագայի անաչառ ուսումնասիրողների կողմից:
Բայց, ինչպես ասում են՝ «վերադառնանք մեր ոչխարներին»: Արայիկ Հարությունյանին հեռացնելու առաջին փորձն արվել է 2020 թ. նոյեմբերի 10-ին, նույն օրը, երբ Երեւանում «մի խումբ հայրենասերներ» գրոհել են կառավարության նստավայրը, ամառանոցը, որպեսզի հաշվեհարդար տեսնեն Նիկոլ Փաշինյանի հետ, մի խումբ էլ դաժան ծեծի է ենթարկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով տարածված հայտարարությունը նախապես ստորագրել են խորհրդարանի ՀՅԴ, «Արդարություն», «Միասնություն» եւ «Ժողովրդավարություն» խմբակցությունները, որ ընդհանուր թվով ունեին 17 պատգամավոր:
Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովը կարող է նախագահին անվստահություն հայտնել եւ պաշտոնանկ անել պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, այսինքն՝ 17 «կողմ» քվեով: Հայտարարության հրապարակումից ժամեր անց, սակայն, «Միասնական հայրենիք» կուսակցությունն իր խմբակցության ստորագրությունը չեղյալ է ճանաչել: Այսինքն, ետ է վերցրել Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը: Եթե դա տեղի չունենար, նույն օրը կգումարվեր ԱԺ արտահերթ նիստ, եւ Արայիկ Հարությունյանը կպաշտոնազրկվեր:
Երկրորդ անգամ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ՀՅԴ, «Արդարություն» եւ «Ժողովրդավարություն» խմբակցություններն Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջել են 2021 թ. մայիսին՝ Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին փուլում: Այդ փաստաթղթով նրանք Արայիկ Հարությունյանից պահանջել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ոչ մի աջակցություն չցուցաբերել:
Ստեփանակերտը 2022 թվականը դիմավորել է քաղաքական ծայրահեղականության հերթական սրացումով. Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել «Օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագիծ, ըստ որ քառասունչորսօրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողությանն անցած բոլոր տարածքները ճանաչվում են «օկուպացված» եւ երբեւէ «վերադարձի ենթակա»:
Այդ նախագծի քննարկումներին ընդառաջ ՀՅԴ-ն բարձրացրել է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի պաշտոնանկության հարցը: Թովմասյանը փորձառու քաղաքական գործիչ է, խորհրդարանի խոսնակի պաշտոնն զբաղեցրել է նաեւ 1995-1997 թվականներին: Նա միաժամանակ «Ազատ հայրենիք» կուսակցության հիմնադիր եւ հեղինակավոր անդամներից է: Տեւական քննարկումների արդյունքում Արայիկ Հարությունյանին հաջողվել է Թովմասյանին պահել ԱԺ նախագահի պաշտոնում, ինչի դիմաց «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը կողմ է քվեարկել «Օկուպացված տարածքների մասին» օրենքին:
Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահը մեկամսյա ժամկետում կամ ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը, եւ այն մտնում է ուժի մեջ, կամ առարկություններով եւ առաջարկություններով ետ է վերադարձնում, որպեսզի խորհրդարանը վերստին քննարկի եւ քվեարկի: «Օկուպացված տարածքների մասին» օրենքն Արայիկ Հարությունյանը պաշտոնապես չի ստորագրել եւ չի հրապարակել, բայց եւ առարկություններով կամ առաջարկություններով խորհրդարանի կրկնակի քննարկմանը չի վերադարձրել:
(շարունակելի)