Մաս Ա
Ինչու՞ խորհրդարանական ընտրություններից առաջ «Ազատ հայրենիքը» եւ ՔՄԴ‑ն դաշինք են կազմել՝ ԼՂ ներքաղաքական կյանքի վերջին շրջանի գաղտնիքներից է, որ, հավանաբար, կբացահայտվի միայն ապագայի անաչառ ուսումնասիրողների կողմից:
Վահրամ Աթանեսյան
Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, տարածքային կառավարման նախկին նախարար Հայկ Խանումյանն «Ալիքմեդիայի» գլխավոր խմբագիր Թաթուլ Հակոբյանի հետ հարցազրույցում հայտարարել է, որ անցյալ տարվա սեպտեմբերի 9‑ին Ստեփանակերտում ոչ թե հեղաշրջում է տեղի ունեցել, այլ՝ իշխանության փոխանցում: Իր տեսակետը նա հիմնավորել է նրանով, որ ԱԺ-ում ամենամեծ խմբակցություն ուներ Արայիկ Հարությունյանը, եւ, իբր, հենց նրանք էլ Սամվել Շահրամանյանին նախագահ են ընտրել:
Առերեւույթ այդպես է: Բայց այդ խմբակցությունը ոչ թե Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» կուսակցությունն էր ներկայացնում, այլ՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը, իսկ ՔՄԴ‑ն իրականում ձեւավորվել են մի խումբ անձինք, որ նախկինում հանդիսացել են ՀՅԴ Արցախի երիտասարդական կառույցի անդամներ: Թե ինչու՞ խորհրդարանական ընտրություններից առաջ «Ազատ հայրենիքը» եւ ՔՄԴ‑ն դաշինք են կազմել՝ ԼՂ ներքաղաքական կյանքի վերջին շրջանի գաղտնիքներից է, որ, հավանաբար, կբացահայտվի միայն ապագայի անաչառ ուսումնասիրողների կողմից:
Բայց, ինչպես ասում են՝ «վերադառնանք մեր ոչխարներին»: Արայիկ Հարությունյանին հեռացնելու առաջին փորձն արվել է 2020 թ. նոյեմբերի 10-ին, նույն օրը, երբ Երեւանում «մի խումբ հայրենասերներ» գրոհել են կառավարության նստավայրը, ամառանոցը, որպեսզի հաշվեհարդար տեսնեն Նիկոլ Փաշինյանի հետ, մի խումբ էլ դաժան ծեծի է ենթարկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով տարածված հայտարարությունը նախապես ստորագրել են խորհրդարանի ՀՅԴ, «Արդարություն», «Միասնություն» եւ «Ժողովրդավարություն» խմբակցությունները, որ ընդհանուր թվով ունեին 17 պատգամավոր:
Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովը կարող է նախագահին անվստահություն հայտնել եւ պաշտոնանկ անել պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, այսինքն՝ 17 «կողմ» քվեով: Հայտարարության հրապարակումից ժամեր անց, սակայն, «Միասնական հայրենիք» կուսակցությունն իր խմբակցության ստորագրությունը չեղյալ է ճանաչել: Այսինքն, ետ է վերցրել Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը: Եթե դա տեղի չունենար, նույն օրը կգումարվեր ԱԺ արտահերթ նիստ, եւ Արայիկ Հարությունյանը կպաշտոնազրկվեր:
Երկրորդ անգամ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ՀՅԴ, «Արդարություն» եւ «Ժողովրդավարություն» խմբակցություններն Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջել են 2021 թ. մայիսին՝ Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին փուլում: Այդ փաստաթղթով նրանք Արայիկ Հարությունյանից պահանջել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ոչ մի աջակցություն չցուցաբերել:
Ստեփանակերտը 2022 թվականը դիմավորել է քաղաքական ծայրահեղականության հերթական սրացումով. Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել «Օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագիծ, ըստ որ քառասունչորսօրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողությանն անցած բոլոր տարածքները ճանաչվում են «օկուպացված» եւ երբեւէ «վերադարձի ենթակա»:
Այդ նախագծի քննարկումներին ընդառաջ ՀՅԴ‑ն բարձրացրել է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի պաշտոնանկության հարցը: Թովմասյանը փորձառու քաղաքական գործիչ է, խորհրդարանի խոսնակի պաշտոնն զբաղեցրել է նաեւ 1995–1997 թվականներին: Նա միաժամանակ «Ազատ հայրենիք» կուսակցության հիմնադիր եւ հեղինակավոր անդամներից է: Տեւական քննարկումների արդյունքում Արայիկ Հարությունյանին հաջողվել է Թովմասյանին պահել ԱԺ նախագահի պաշտոնում, ինչի դիմաց «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը կողմ է քվեարկել «Օկուպացված տարածքների մասին» օրենքին:
Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահը մեկամսյա ժամկետում կամ ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը, եւ այն մտնում է ուժի մեջ, կամ առարկություններով եւ առաջարկություններով ետ է վերադարձնում, որպեսզի խորհրդարանը վերստին քննարկի եւ քվեարկի: «Օկուպացված տարածքների մասին» օրենքն Արայիկ Հարությունյանը պաշտոնապես չի ստորագրել եւ չի հրապարակել, բայց եւ առարկություններով կամ առաջարկություններով խորհրդարանի կրկնակի քննարկմանը չի վերադարձրել:
(շարունակելի)
