Անհայտ է, թե որքան օգտագործման համար պիտանի զարին կամ մանանեխի գազ է մնացել Սիրիայում։ Միայն անժխտելիորեն պարզ է, որ Ասադը մի ժամանակ մեծ քանակությամբ նյարդային թունավոր նյութեր և այլ մահաբեր քիմիական նյութեր ուներ։ Եվ 2013 թվականին Սիրիայի նախագահը երդվեց, որ հրաժարվել է դրանցից, բայց բազմիցս դրանք օգտագործել է։
Washington Post
Ասադների ընտանիքի 53 տարվա իշխանության ընթացքում Սիրիայի կառավարությունը տոննաներով քիմիական զենք էր արտադրում՝ սկսած Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների մանանեխի գազի հսկայական տարաներից մինչև նյարդային թունավոր նյութեր, որոնք այնքան մահաբեր են, որ ընդամենը մի քանի կաթիլը կարող է սպանել։ Սակայն ամենամեծ անհանգստությունը առաջացնում է այն, որ Սիրիայի զանգվածային ոչնչացման զենքերը պարզապես անհետացել են։
Անհետացածի ցանկը երկար է։ Միջազգային զենքերի տեսուչների կողմից իրականացված ստուգման համաձայն՝ դրանում ներառված է ավելի քան 360 տոննա մանանեխի գազ, որը, ըստ Սիրիայի հայտարարության, արտադրվել է, սակայն ամբողջությամբ չի հաշվառվել։ Բացի այդ, կորել է 5 տոննա նյարդային թունավոր նյութի՝ զարինի, նախորդող քիմիկատ, որի քանակը բավական է փոքր լողավազան լցնելու համար։ Երբ նրանց վրա ճնշում գործադրվեց, սիրիական պաշտոնյաները ներկայացրեցին արդարացում, որը ծայրահեղ անհեթեթ է թվում։ «Կորել է տեղափոխման ժամանակ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառով», — հայտարարել են սիրիացիները՝ համաձայն The Washington Post-ի ձեռք բերած 2016 թվականի գաղտնի հետաքննության արձանագրությունների։
Ի՞նչ է պատահել այդ քիմիկատներին, որոնց մի մասը, ենթադրաբար, թաքցվել է ապագայում օգտագործելու նպատակով։ Այս հարցը հանկարծակի դարձավ ներկայիս սիրիական ապստամբների կողմից իշխանությունը զավթելուց հետո։
Երկրում, որտեղ իշխանություն չկա, իսկ ահաբեկչական խմբավորումներ, ինչպիսիք են Իսլամական պետությունը (ԻՊ), շրջում են արևելյան անապատներում, մնացած քիմիական նյութերի անվտանգությունն ապահովելը դարձել է առաջնահերթ խնդիր ոչ միայն Սիրիայի հարևանների, այլև ողջ աշխարհի երկրների համար։
Զարինի նույնիսկ փոքր քանակությունը՝ երբևէ ստեղծված ամենամահաբեր արհեստական նյութերից մեկը, ահաբեկիչների ձեռքում կարող է հանգեցնել հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր զոհերի։ Փորձագետները նշում են, որ Սիրիայում նման զենքերի առկայությունը կարող է դառնալ նախագահ Բաշար Ասադի իշխանության ամենասարսափելի ժառանգություններից մեկը, որը կարող է սպառնալիք ներկայացնել երկար ժամանակ անց, երբ բռնապետը այլևս իշխանության չի լինի։
Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասը հայտարարեց, որ գործակալությունը պատրաստ է խմբեր ուղարկել Սիրիա։ Նա հավելեց, որ դիտորդական մարմինը «շատ ավելի լավ է պատրաստված նման խնդիրներ լուծելու համար», քան երբ ՔԶԱԿ-ի տեսուչները 11 տարի առաջ առաջին անգամ ժամանեցին երկիր։ Իր հայտարարության մեջ խումբը նշել է, որ Սիրիայում հնարավոր է առկա են ոչ միայն մնացորդային տարրեր, այլև քիմիական զենքի ստեղծման ծրագրի «նոր պոտենցիալ բաղադրիչներ»։
ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները նույնպես արտահայտել են իրենց մտահոգությունը, թեև ամերիկյան անձնակազմը դեռ չի ուղարկվել զենքի որոնմանը աջակցելու համար։
Սիրիական ապստամբների առաջնորդները կրկին հայտարարեցին, որ քիմիական զենքի նկատմամբ հետաքրքրություն չունեն և խոստացան համագործակցել ՔԶԱԿ-ի հետ՝ ապահովելու բոլոր վտանգավոր նյութերի անվտանգությունը և ոչնչացումը։ Մինչդեռ Իսրայելը հրաժարվեց սպասել տեսուչների այցին։ Անցած շաբաթ Իսրայելի պաշտպանության բանակը մի քանի ավիահարված հասցրեց ռազմական հետազոտական կենտրոններին և պահեստներին, ինչը գնահատվեց որպես կանխարգելիչ քայլ՝ հնարավոր արտադրած զենքը ոչնչացնելու նպատակով։
Սակայն դեռևս անհասկանալի է, թե որքան զենք է թաքցված և ինչ տեսք կունենա նոր զինաթափման գործընթացը։ Եվրոպական մի դիվանագետ, որը ծանոթ է ՔԶԱԿ-ի ներքին քննարկումների ընթացքին, նշել է, որ խումբը պատրաստ է աշխատել Ասադի կառավարության հաջորդորդների հետ, բայց հավելել է, որ խաղադրույքները չափազանց բարձր են, որպեսզի սպասեն բոլոր ֆորմալությունների կատարմանը։
«Մենք պետք է խոսենք սիրիացիների հետ, անկախ նրանից, թե ով է ղեկին… Մենք փորձում ենք բոլորին հասկացնել, որ տարածման վտանգ կա», — ասել է պաշտոնյան, որը խոսել է անանունության պայմանով։
Անհայտ է, թե որքան օգտագործման համար պիտանի զարին կամ մանանեխի գազ է մնացել Սիրիայում։ Միայն անժխտելիորեն պարզ է, որ Ասադը մի ժամանակ մեծ քանակությամբ նյարդային թունավոր նյութեր և այլ մահաբեր քիմիական նյութեր ուներ։ Եվ 2013 թվականին Սիրիայի նախագահը երդվեց, որ հրաժարվել է դրանցից, բայց բազմիցս դրանք օգտագործել է։
Եթե քիմիկատները դեռ գոյություն ունեն թաքստոցներում, դրանք, հավանաբար, վերածվել են «կպչուն օշարակի», որը պակաս արդյունավետ է, քան նոր նյութերը, բայց դեռևս մահաբեր կարող է լինել, ասում է ՔԶԱԿ-ի և ՄԱԿ-ի նախկին առաքելությունների ղեկավար, ներկայումս Լոնդոնի ապահովագրական ոլորտում ռիսկերի խորհրդատու Ջերի Սմիթը։
Աղբյուրը՝
https://www.washingtonpost.com/national-security/2024/12/12/syria-chemical-weapons-search-mustard-sarin/
Թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը