20 C
Yerevan

Ստե­փա­նա­կերտի «Սփյուռքացում»-ը


(Մաս Ա)

Ըստ երեւույթին, Ստե­փա­նա­կերտում Հայ դատի գրա­սենյա­կի բացումն ուղերձ էր Արա­յիկ Հարությունյա­նին եւ ազդա­րա­րում էր, որ ձեւա­վորվում է ազգա­յին-հայրե­նա­սի­րա­կան բեւեռ, որի համար հետպա­տե­րազմա­կան ստա­տուս-քվոն ընդունե­լի չէ, ինչպես նաեւ՝ Բաքվի հետ ուղղա­կի երկխո­սության գաղա­փա­րը:

Վահրամ Աթա­նեսյան


Քառա­սունչորսօրյա պատե­րազմի տարե­լի­ցին ընդա­ռաջ, Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տության հռչակման 30-ամյա­կի օրը՝ 2021թ. սեպտեմբե­րի 2‑ին Ստե­փա­նա­կերտի «Եվրո­պա» հյուրա­նո­ցի կոնֆե­րենս-դահլի­ճում տեղի ունե­ցավ արտա­ռոց եւ հանրա­յին լայն շրջա­նակնե­րի համար բոլոր առումնե­րով անսպա­սե­լի միջո­ցա­ռում. պաշտո­նա­պես բացվեց ՀՅԴ Հայ դատի գրա­սենյակ: Հանդի­սա­վոր արա­րո­ղությա­նը հրա­վիրված էին ԼՂՀ նախկին նախա­գահներ Արկա­դի Ղուկասյա­նը եւ Բակո Սահակյա­նը, գործող նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նը ներկա չէր:
Դժվար է ասել՝ կազմա­կերպիչնե­րը նրան չէի՞ն հրա­վի­րել, թե՞ նա հարմար չէր գտել մասնակցե­լու նման միջո­ցառման: Փաստ է, որ իշխա­նությունն այդ արա­րո­ղությա­նը ներկա­յացված էր արտա­քին գործե­րի նախա­րար Դավիթ Բաբա­յա­նի մակարդա­կով: Իր խոսքում նա ողջունեց ՀՅԴ նախա­ձեռնությունը, բարձր գնա­հա­տեց Հայ դատի գրա­սենյակնե­րի գործունեությունը: Ստե­փա­նա­կերտում ՀՅԴ Հայ դատի գրա­սենյա­կի բացումը նա գնա­հա­տեց աշխարհա­քա­ղա­քա­կան զարգա­ցումնե­րի համա­տեքստում եւ առաջնա­հերթություն համա­րեց «Արցա­խի սուբյեկտայնության պահպա­նումը եւ միջազգա­յին ճանաչման գործընթա­ցը»:
Թե ի՞նչ «գործընթաց» նկա­տի ուներ Դավիթ Բաբա­յա­նը մի իրա­վի­ճա­կում, երբ իրա­վի­ճա­կը «կարգա­վորվում էր» նոյեմբե­րի 9‑ի եռա­կողմ հայտա­րա­րությամբ՝ որեւէ հիմնա­վո­րում չտրվեց: Մինչ այդ, Հայաստա­նում խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րին ընդա­ռաջ, ԼՂ Ազգա­յին Ժողո­վի երեք՝ ՀՅԴ, «Արդա­րություն» եւ «Ժողովրդա­վա­րություն», խմբակցություննե­րը վերստին հանդես էին եկել Արա­յիկ Հարությունյա­նի հրա­ժա­րա­կա­նի պահանջով հայտա­րա­րությամբ: Երեք քաղա­քա­կան ուժե­րը գործող նախա­գա­հից պահանջել էին ոչ մի աջակցություն չցուցա­բե­րել Նիկոլ Փաշինյա­նին եւ «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գիր» կուսակցությա­նը: Փաստա­ցի դա Արա­յիկ Հարությունյա­նին ներկա­յացված քաղա­քա­կան վերջնա­գիր էր: Խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րով կազմա­վորված «Հայաստան» դաշինքի քաղա­քա­կան էներգե­տի­կան ապա­հո­վում էր ՀՅԴ‑ը:
Ըստ երեւույթին, Ստե­փա­նա­կերտում Հայ դատի գրա­սենյա­կի բացումն ուղերձ էր Արա­յիկ Հարությունյա­նին եւ ազդա­րա­րում էր, որ ձեւա­վորվում է ազգա­յին-հայրե­նա­սի­րա­կան բեւեռ, որի համար հետպա­տե­րազմա­կան ստա­տուս-քվոն ընդունե­լի չէ, ինչպես նաեւ՝ Բաքվի հետ ուղղա­կի երկխո­սության գաղա­փա­րը: Դավիթ Բաբա­յա­նը, երեւի, այդ միտումնե­րը նկա­տի ուներ,ե րբ ակնկա­լում էր, որ Հայ դատի գրա­սենյա­կի միջո­ցով հնա­րա­վոր կլի­նի պահպա­նել Արցա­խի սուբյեկտայնությունը եւ միջազգա­յին ճանաչման գործընթա­ցը: Իրա­վի­ճա­կի նրբությունը նրա­նում էր, որ ավանդա­բար Հայ դատի գրա­սենյակներն ավե­լի համարձակ եւ հարա­բե­րա­կա­նո­րեն արդյունա­վետ գործում են Եվրա­պա­յում եւ Միացյալ Նահանգնե­րում, իսկ Ռուսաստա­նում այդ կառույցը ֆորմալ ներկա­յացված չէ:
Ստե­փա­նա­կերտում, մինչդեռ, նստած էր ոչ թե ամե­րիկյան կամ ֆրանսիա­կան, այլ ռուսա­կան խաղա­ղա­պահ զորախմբի հրա­մա­նա­տա­րությունը, իշխա­նությունը նրա միջո­ցով էր լուծում օրախնդիր հարցե­րը: Նրանք, ովքեր ներկա էին Ստե­փա­նա­կերտում Հայ դատի գրա­սենյա­կի բացմա­նը, քաղա­քա­կան ուժե­րը, որ ողջունել էին այդ որո­շումը հայտնի են որպես ռուսա­կան կողմնո­րոշման գործիչներ, նրանց գաղա­փա­րա­խո­սությունը կառուցված էր Ռուսաստա­նի օժանդա­կությամբ իրա­վի­ճա­կը հաղթա­հա­րե­լու նպա­տա­կի վրա: Նման պայմաննե­րում ի՞նչ ենթա­տեքստ ուներ Ստե­փա­նա­կերտում Հայ դատի գրա­սենյա­կի հիմնադրումը: Չէ՞ որ այդ գրա­սենյա­կը որեւէ արդյունա­վետ քայլ կատա­րե­լու համար պետք է առա­ջին հերթին համա­գործակցեր ՀՅԴ ամե­րիկյան եւ եվրո­պա­կան կառույցնե­րի հետ: Մինչդեռ ԼՂ‑ի գետնի վրա իրա­վի­ճա­կը վերահսկվում էր ԱՄՆ‑ի եւ Ֆրանսիա­յի հետ արդեն սուր տարա­ձայնություններ բացա­հայտած՝ Ռուսաստա­նի խաղա­ղա­պահ զորա­խումբը: (շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ