18.5 C
Yerevan

Թուրքիան Ցանկա­նում Է Պահել Հաջո­ղությունը

Թուրքիան հիմա չի ուզում, որ այստեղ իրա­վի­ճակ սրվի, առա­ջին հերթին, որովհետև այն իրադրությունը, որ հիմա կա, իր օգտին է՝ պատե­րազմում Հայաստա­նի պարտությունից ու Արցա­խի հայա­թա­փումից հետո, այսինքն՝ Թուրքիան հիմա ասում է, որ եղածն իր օգտին է, ու ավե­լի լավ է՝ դա հիմա մնա, հետո նոր կմտա­ծի դիրքերն ավե­լի ուժե­ղացնե­լու մասին։

Ռուբեն Սաֆրաստյան

Թուրքիան շահագրգռված է, որ հայ-ադրբե­ջա­նա­կան պայմա­նա­գի­րը շուտ ստո­րագրվի, որովհետև իրադրությունը հիմա իր օգտին է. Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է թուրքա­գետ Ռուբեն Սաֆրաստյա­նը

– Պարո՛ն Սաֆրաստյան, վերջին շրջա­նում Թուրքիա­յի ու Ադրբե­ջա­նի ղեկա­վարնե­րի միջև հեռա­խո­սա­զանգե­րը հաճա­խա­կի են դարձել, ու ի թիվս այլ հարցե­րի նրանք քննարկում են նաև հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի կարգա­վո­րումից բխող հարցեր։ Սիրիա­յից հետո ինչպիսի՞ն են մեր տարա­ծաշրջա­նի հետ կապված թուրք-ադրբե­ջա­նա­կան մտադրություննե­րը։

– Հեռա­խո­սա­զանգե­րի ինտենսի­վությունը կապված է այն հանգա­մանքի հետ, որ Թուրքիան սկսում է իր նոր դիրքը կիրա­ռել Հարա­վա­յին Կովկա­սում, իսկ դա նշա­նա­կում է, որ այս փուլում նա համա­րում է, որ մեր տարա­ծաշրջա­նում հասել է առա­վե­լության, ու այս ստա­տուս քվոն իր օգտին է։ Այսինքն՝ նա իրեն սկսում է ընկա­լել որպես Հարա­վա­յին Կովկա­սում ազդե­ցությունն ուժե­ղացրած պետություն, և ես կարծում եմ, որ դրա­նից էլ ելնե­լով Էրդո­ղա­նը փորձում է ազդել Ադրբե­ջա­նի վրա։

Ո՞րն է այդ ազդե­ցության նպա­տա­կը. իմ ընկալմամբ՝ Թուրքիան, որ հիմա զբաղված է Սիրիա­յով ու առա­ջի­կա ամիսնե­րին ու մեկուկես տարվա ընթացքում, հավա­նա­կան է, լրջո­րեն զբաղված կլի­նի Սիրիա­յով, որովհետև իսկա­պես մեծ բեռ է վերցրել իր վրա, ու դեռ հարց է՝ տակից դուրս կգա՞, թե՞ չէ։ Թուրքիա­յի համար հիմա կարև­որ է, որ Հարա­վա­յին Կովկա­սում հնա­րա­վո­րինս հանգիստ իրադրություն լինի, նա շահագրգռված չէ, որ Հարա­վա­յին Կովկա­սում իրադրությունը սրվի, որովհետև Սիրիա­յով է զբաղված։

Թուրքիան նաև շահագրգռված է, ըստ իս, որ հայ-ադրբե­ջա­նա­կան պայմա­նա­գի­րը ավե­լի շուտ ստո­րագրվի, որովհետև Թուրքիան արդեն սկսում է հասկա­նալ, որ տարա­ծաշրջա­նում ավե­լի է ուժե­ղացրել իր դիրքե­րը, ու իր համար կարև­որ է, որ հայ-ադրբե­ջա­նա­կան այդ ստո­րագրվե­լիք պայմա­նա­գի­րը որոշ չափով ամրագրի այս նոր իրա­վի­ճա­կը։

– «Զանգե­զուրի միջանցքի» վերա­բերյալ ևս վերջին շրջա­նում Թուրքիա­յից հնչող հայտա­րա­րություններն ակտի­վա­ցել են, եթե այդ պայմա­նա­գի­րը կնքվի, Թուրքիան ուզում է առանց այս նախագծի հիշատակմա՞մբ կնքել, թե՞ այս հարցը լուծեն, նոր ստո­րագրեն։

– Առա­ջի­նը, որ ուզում եմ ընդգծել, այն է, որ Թուրքիան իհարկե չի հրա­ժարվել իր գաղա­փա­րից, որ «Զանգե­զուրի միջանցքի» վրա Հայաստա­նը հնա­րա­վո­րինս հսկո­ղություն չունե­նա, Հայաստա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը խախտվի և այլն, այսինքն՝ լինի այնպես, ինչպես ուզում են Թուրքիան ու Ադրբե­ջա­նը։ Այնպես որ, «Զանգե­զուրի միջանցքի» հետ կապված Թուրքիա­յի ռազմա­վա­րա­կան նպա­տա­կը մնում է սա։

Թուրքիան ներկա փուլում շահագրգռված չէ, որ հիմա պայմա­նագրում «Զանգե­զուրի միջանցքի» մասին կետ լինի, տեսանք նաև, որ Ալիևը հրա­պա­րա­կեց, որ նման կետ, կարծես թե, չկա։ Բազմիցս խոսել ենք այդ մասին, որ Թուրքիա­յի երկաթգի­ծը՝ Կարս-Նախիջև­ան, կառուցված չէ, այսինքն՝ եթե հիմա լինի այդ երկաթգիծն այն ձևով, ինչպես ինքն է ուզում, Թուրքիան դրա­նից առանձնա­պես օգուտ չի ստա­նա, որովհետև իր երկաթգի­ծը դրա հետ կապված չի լինե­լու։ Դրա համար Թուրքիա­յի համար կարև­որ է, որ իր ուզած ձևով այդ ամե­նը լինի 2028–2029 թվա­կաննե­րին, որովհետև նրանց տրանսպորտի նախա­րա­րը վերջերս ասաց, որ 29-ին են այն ավարտե­լու։

Բայց, կրկնում եմ, որ Թուրքիան իր մոտե­ցումից չի հրա­ժարվել, որ դա լինի արտա­տա­րածքա­յին ճանա­պարհ, այսինքն՝ Հայաստա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը խախտվի։ Ու մյուս հանգա­մանքը՝ կապված դրա հետ, ես դրա մասին էլ եմ ասել, ուղղա­կի կրկնում եմ, որ հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի կարգա­վորման գործընթա­ցը, որ Թուրքիան կասեցրել է, թեև առանձնա­պես առաջ էլ չէր գնա­ցել, սպա­սում է, որ հայ-ադրբե­ջա­նա­կան պայմա­նա­գի­րը կնքվի, ինչպես ասել է Էրդո­ղա­նը։

Եթե պայմա­նա­գիրն էլ ստո­րագրվի, ապա անգամ այդ դեպքում, ես կարծում եմ, որ Թուրքիան իր հարա­բե­րություննե­րը Հայաստա­նի հետ չի կարգա­վո­րի, որպես ճնշման միջոց կպա­հի, որ Հայաստա­նից ստա­նա այն, ինչ ուզում է ստա­նալ «Զանգե­զուրի միջանցքի» հետ կապված։

– Մենք գիտենք պայմա­նա­գի­րը կնքե­լու համար Ադրբե­ջա­նի բոլոր նախա­պայմաննե­րը, եթե Թուրքիան ուզում է, որ, ինչպես ասում եք, դա շուտ ստո­րագրվի, Թուրքիա­յին կհա­ջողվի՞ համո­զել Ադրբե­ջա­նին հրա­ժարվել դրանցից, թե՞ Թուրքիան էլ է ուզում պայմա­նա­գիրն այդ նախա­պայմաննե­րով ստո­րագրել։

– Թուրքիա­յից ամե­նա­բարձր պաշտո­նա­կան մակարդա­կով հնչել են հայտա­րա­րություններ, որ Թուրքիան համա­ձայն է, որ այս պայմա­նա­գի­րը կնքվի այնպես, ինչպես Ադրբե­ջանն է ուզում։ Հնա­րա­վոր է, որ այդ հանդի­պումնե­րի, զրույցնե­րի ժամա­նակ թուրքե­րը հորդո­րեն ազե­րի­նե­րին, որ այդ պայմա­նա­գի­րը ստո­րագրեն, ի վերջո թղթի կտոր է, հետո, եթե պետք լինի՝ ինչ ուզե­նաք, կանեք, մենք էլ ձեր մեջքին կանգնած ենք։ Նման խոսակցություններ կվա­րեն, բայց լուրջ ճնշում Ադրբե­ջա­նի վրա չեն կիրա­ռի այդ հարցում։

– Այսինքն, ելնե­լով նրա­նից, որ Թուրքիան այստեղ կայունություն է ուզում, ապա Ադրբե­ջա­նին չի դրդե­լու Հայաստա­նի հետ ռազմա­կան էսկա­լա­ցիա­նե­րի գնալ։ Այո՞:

– Այո՛, Թուրքիան հիմա չի ուզում, որ այստեղ իրա­վի­ճակ սրվի, առա­ջին հերթին, որովհետև այն իրադրությունը, որ հիմա կա, իր օգտին է՝ պատե­րազմում Հայաստա­նի պարտությունից ու Արցա­խի հայա­թա­փումից հետո, այսինքն՝ Թուրքիան հիմա ասում է, որ եղածն իր օգտին է, ու ավե­լի լավ է՝ դա հիմա մնա, հետո նոր կմտա­ծի դիրքերն ավե­լի ուժե­ղացնե­լու մասին։

Երկրորդը՝ շատ ճիշտ նկա­տե­ցիք, որ Թուրքիան Սիրիա­յում մեծ պատասխա­նատվություն է վերցրել իր վրա, ու չի ուզե­նա, որ այստեղ իրադրությունը խախտվի, որ այստեղ էլ ռեսուրսներ չկի­րա­ռի, որովհետև Թուրքիան այն պետությունը չէ, որ կարո­ղա­նա մի քանի ճակա­տով ռազմա­վա­րա­կան ռեսուրսներ ծախսել։

Երրորդ՝ Թուրքիան կուզե­նա, որ այդ պայմա­նա­գի­րը Ադրբե­ջա­նի ուզա­ծով լինի։ Իրա­վի­ճա­կը սա է, բայց եթե հիմա Ադրբե­ջա­նը ուզե­նա Հայաստա­նից ինչ-որ բաներ կորզել, դա Ադրբե­ջա­նի խաղն է, նա ճնշումներ է գործադրում, ու դրանք կարող են լինել նաև սահմա­նին տարբեր տեսա­կի սադրանքնե­րով, իսկ այդ դեպքում Թուրքիան արդեն կօժանդա­կի Ադրբե­ջա­նին՝ հայտա­րա­րություննե­րի ու այլ մակարդա­կով, այլ ոչ թե զորք կմտցնի Հայաստան։

Սա է լինե­լու խաղը առա­ջի­կա մի քանի տարի­նե­րի ընթացքում, եթե իրադրությունը կտրուկ չփոխվի։ Չեմ բացա­ռում, որ ինչ-որ էքստրաօրդի­նար փոփո­խության պարա­գա­յում Թուրքիան փոխի իր քաղա­քա­կա­նությունը տարա­ծաշրջա­նում՝ ավե­լի ակտիվանա,Ադրբեջանին հրահրի հարձակվել Հայաստա­նի վրա, ինքն էլ օգնի։ Սա չեմ բացա­ռում, բայց դեռ այն, ինչ տեսնում եմ, իրադրությունն այդ ուղղությամբ չի գնում։ Այս պահին Սիրիան է նրա ուշադրության կենտրո­նում, որովհետև այնտեղ մեծ խաղ է սկսել։

Քրիստի­նե Աղա­բեկյան

MediaLab.am

Առնչվող Հոդվածներ