Ճշմարտությունը դառը հաբ է, մենք չենք ցանկանում այդ դառնությունն ունենալ։ Մենք պարզապես աղոթում ենք, որ լավ լինի։ Անհնար է շնորհավորել ու լավը մաղթել, ցանկանալ, եթե գրեթե անգիր գիտես, թե ինչպես են զարգանալու դեպքերն ու իրադարձությունները հաջորդ տարի։ 2025-ը ավելի լավը չի լինելու, բայց ավելի վատը կարող է լինել։ 2019-ին մարդիկ իրար շնորհավորել, կերել-խմել ուրախացել են, մաղթել են ամենալավը ու հաջորդ տարին ավարտվել է սարսափելի պատությամբ, համավարակով, հազարավոր զոհերով, վիրավորներով, տարածքների կորուստով։ Նույնը շարունակվել է հաջորդ տարիներին։ 2022-ին էլ, երբ Արցախը շրջափակված էր, հանրապետությունում նույն կերուխումը շարունակվել է, իսկ հաջորդ տարին ամփոփվել Արցախի վերջնական կորուստով ու 100 հազարից ավել հայի բռնի տեղահանությամբ։ Ի՞նչ է լինելու հաջորդ տարի։
Մեր Ուղին
Անցնող տարին լի էր փորձություններով, մենք ունեցանք ձեռքբերումներ և կորուստներ․․․․մոտավորապես այսպես են շնորհավորում պետական ղեկավարները, լրատվականները, անհատները, նշում են ձեռքբերումներ, կորուստներ ու վերջում էլ մաղթում, որ ամեն ինչ եկող տարում լավ լինի։ Այդ ամենը կրկնվելու է եկող տարի, այնպես, ինչպես կրկնվել է ամեն անցնող տարի։ Եզրահանգումը մեկն է՝ տարին լի էր փորձություններով, ձեռքբերումներով ու կորուստներով։ Չմոռանանք «մարտահրավեր» բառը։ Դա էլ է գեղեցիկ հնչում տարին ամփոփելու համար։ Եվ իհարկե ինչ որ կույր հավատ, որ մի քանի ժամ հետո՝ 2025-ին ամեն ինչ լավ է լինելու։
Արդյո՞ք մեր իրականությունը մեզ թեկուզ չնչին չափով հուշում է, որ ինչ որ բան լավ է լինելու։ Արդյո՞ք մենք իրոք հավատում ենք մեր՝ ալկոհոլից մշուշված գիտակցության խորքերից ծնվող բառերին։ Ու արդյո՞ք մենք նորից պատրաստվում ենք նորից ու նորից կրկնվող դեպքերը ավելի լավն ընկալելու ինքնախաբեությանը։ Ու ի՞նչ պիտի լինի, որ մեր մեջ իրոք ինչ որ փոփոխություն արձանագրենք, ինչ որ բան փոխենք մեր մեջ ու գործողություններում, որ դա հիմք դնի ինչ որ նորության, ինչ որ լավ բանի։ Շատ մեծ կասկած կա։
Տնտեսության ու արտաքին քաղաքականության մեջ ինչ որ բա՞ն է փոխվելու։ Հենց այնպես, օդից։ Չէ՞ որ ընդամենը մեկ երկու օր հետո բնակչությունը շարունակելու է իր բնականոն, վհատված կյանքը, չէ՞ որ ամեն ինչ շարունակվելու է տրամաբանորեն։ Ուրեմն ի՞նչ կարիք կա հենց այսօր ինչ որ շնորհավորանքներ տալու, եթե ոչինչ չի փոխվելու։ Ի՞նչն է մարդկանց ստիպում մեծ գումարներ ծախսել, երկու օր ուտել-խմել ու հույս ունենալ, որ մի քանի կգ մսի օգտագործումն ու օղու չարաշահումը կարող է ինչ որ լավ բանի հանգեցնել, կամ լուծել ազգային ինչ-ինչ հարցեր։ Սա ինքնախաբեությո՞ւն է, թե պարզապես այս ամենը հաճելի է մեզ։
-Բա ի՞նչ անենք,- կհակաճառեն մարդիկ,- տարվա մեջ մի օր չուրախանա՞նք։
Չէ, մի ուրախացեք։ Որովհետև ոչ մի առիթ չկա ուրախանալու։ Որովհետև մեր խնդիրները գնալով ավելի են սրվում, կուտակվում, պայթյունավտանգ դառնում։ Արցախի հարցում մեզնից խլել են գրեթե բոլոր իրավունքները, գրեթե ոչ ոք չի հավատում, որ արցախցիները կկարողանան հետ գնալ, մերձավոր Արևելքում տեղի ունեցող սպանդն ու դրա մոտեցումը Հայաստանին դառնում է ավելի իրատեսական, տնտեսությունը ոչ մի իրական, լուրջ աճ չի գրանցել, որ հասարակ մարդիկ զգան իրենց վրա, կրթությունը շարունակում է լճանալ անհավանական տեմպերով, Հայաստանում ամեն չորրորդ երեխան կարդալ չգիտե, աղքատությունը հրեշի պես լափում է մարդկանց, ռազմական վտանգը ոչ մի տեղ չի կորել․․․․ի՞նչ ուրախանալու բան կա։ Որովհետև դեկտեմբերի 31-ն է ու օրացուցային տարին փոխվո՞ւմ է։ Որովհետև վերջին երկու հազար տարում այդ օրը նշե՞լ են։ Հետո՞ ինչ։ Դրանից առաջ ուրիշ օր են նշել, ուրիշ կենացներով։ Նույնիսկ «նշել» բառը ամեն տարածաշրջանում ու ժամանակաշրջանում տարբեր կերպ են հոլովել։ Ու հիմա մենք չենք ցանկանում դատարկ ու գեղեցիկ բառերով ևս մեկ նյութ ավելացնել համացանցում, որովհետև բոլորն այդպես են անում։ 2020-ից հետո ամեն ասված բառը կրկնակի արժեք պիտի ունենա։
Անցնող տարում այն բոլոր լուրերն ու վերլուծությունները, որ ներկայացվել են կայքում, նպատակ չեն ունեցել ուղղակի լրահոս լցնելու կամ ինչ որ մեկին ինչ որ բան ցույց տալու։ Դա շատերն անում են։ Նպատակը եղել է մեկը՝ տեղեկացնել կատարվողի մասին, զգուշացնել անխուսափելիի մասին։ Տեղյակ ենք պահել, թե աշխարհի որ անկյունում ինչ է կատարվում ու ինչ սպասել, տեղյակ ենք պահել, թե Հայաստանում ինչպես են զարգանում իրադարձությունները ու դրանք որևէ ուրախության առիթ չեն տալիս։ Այնպես, որ պարզապես շնորհավորել օրացուցային փոփոխությունը, մի տեսակ դառնում է անհեթեթ, որովհետև չգիտես, թե ինչը շնորհավորես։
Ճշմարտությունը դառը հաբ է, մենք չենք ցանկանում այդ դառնությունն ունենալ։ Մենք պարզապես աղոթում ենք, որ լավ լինի։ Անհնար է շնորհավորել ու լավը մաղթել, ցանկանալ, եթե գրեթե անգիր գիտես, թե ինչպես են զարգանալու դեպքերն ու իրադարձությունները հաջորդ տարի։ 2025-ը ավելի լավը չի լինելու, բայց ավելի վատը կարող է լինել։ 2019-ին մարդիկ իրար շնորհավորել, կերել-խմել ուրախացել են, մաղթել են ամենալավը ու հաջորդ տարին ավարտվել է սարսափելի պատությամբ, համավարակով, հազարավոր զոհերով, վիրավորներով, տարածքների կորուստով։ Նույնը շարունակվել է հաջորդ տարիներին։ 2022-ին էլ, երբ Արցախը շրջափակված էր, հանրապետությունում նույն կերուխումը շարունակվել է, իսկ հաջորդ տարին ամփոփվել Արցախի վերջնական կորուստով ու 100 հազարից ավել հայի բռնի տեղահանությամբ։ Ի՞նչ է լինելու հաջորդ տարի։
Նկատո՞ւմ ենք, որ Հայաստանը գնալով փոքրանում է։ Մաղթենք, որ մեծանա՞։ Գնալով թուլացավ, մաղթենք, որ հզորանա՞։ Անցած տարի Արցախը կորցրինք, մաղթենք, որ վերադառնա՞։ Ամեն կորստին պատասխանում ենք կենացով, կրակոցին՝ մաղթանքով, սպանությանը՝ մաղթանքով։
Գուցե պահն է, որ այս խելագարությունը ինչ որ կերպ դադարի՞։ Գուցե պահն է, որ Նոր Տարին «խոզի բդից» այն կողմ անցնի։ Գուցե պահն է, որ․․․․․
Ամեն դեպքում չմոռանանք, որ այս տողերը տրամադրություն իջեցնելու համար չեն, այլ բարկության կայծի, ոչ թե թուլացնելու համար են, այլ «թասիբի գցելու», ոչ թե աղետաբեր կռռոց է, այլ սթափության կոչ ինքներս մեզ։ Մենք չպետք է մոռանանք, որ մենք մեծ ազգ ենք, մեծ անցյալով ու կյանքով, չմոռանանք, որ մենք այս աշխարհի հիմքերից ենք եղել ու գնանք դեպի դա։ Սուտ երազների փոխարեն ապրենք այս աշխարհում։ Ուրախանանք, ոչ թե պարզապես կենցաղով, այլ ուրախանանք գաղափարապես։ Նոր տարին մեր սրտում պետք է լինի, մեր գաղափարում, այլապես ոչ մի օղի ու երշիկ մեզ թեթևացում չի բերի։
Նոր տարին մարդկությունը հենց այնպես չի նշել ու նշում։ Նոր տարին հին մարդիկ նշել են բնությանը համահունչ, իրենց կյանքի փուլեր ընդգծելով։ Հին հայերը ամանոր նշել են հստակ պատկերացում-նպատակ-գիտակցումով, նախ որպես գաղափար և ապա բնության կողմից տրված պարգևի վայելք։ Միսն ու գինին պարզապես միս ու գինի չեն եղել, այլ իր տեսակի հաղորդություն բնությանն ու տիեզերքին։ Դա էր այդ պահի գիտակցումը և որքան էլ զարմանալի կարող է թվալ, դա իրական էր, ոչ թե սեղանի ճոխության մրցույթ։
«Մեր Ուղինը» շնորհավորում է բոլորին, մաղթում է սթափություն, պատասխանատվություն, գիտակցություն։ Թող բանականությունը լինի մեր առաջնորդը։