15.1 C
Yerevan

Ստե­փա­նա­կերտի «Սփյուռքացում»ը

Մաս 4

Ըստ երև­ույթին, խորհրդա­րա­նա­կան կուսակցություննե­րը հույս ունեին Սփյուռքի լոբբիստա­կան կառույցնե­րի, ամեն առաջ’ՀՅԴ Հայ Դատի գրա­սենյակնե­րի, միջո­ցով Եվրո­պա­յում և Միացյալ Նահանգնե­րում հասնել Ադրպե­ջա­նի նկատմամբ այնպի­սի ազդե­ցության, որ ԼՂ կարգա­վորման բանակցա­յին գործընթա­ցի վերա­մեկնարկման հնա­րա­վո­րություն կստեղծեր:

Վահրամ Աթա­նեսյան

2022 թ ապրի­լի 14-ին Լեռնա­յին Ղարա­բա­ղի Ազգա­յին ժողո­վը միա­ձայն ընդունեց մի հայտա­րա­րություն, որ մեկ շաբաթ առաջ ղարա­բաղյան կարգա­վորման հարցում «նշա­ձող իջեցնե­լու» եւ այդ ձեւով միջազգա­յին որո­շա­կի աջակցություն շահե­լու մասին Հայաստա­նի վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի հնչեցրած գաղա­փա­րի մերժո­ղա­կան պատասխանն էր: Այն ձեւա­կերպվեց «Արցա­խը երբեք չի լինե­լու անկախ Ադրբե­ջա­նի կազմում» վերջնագրի տեսքով: Խորհրդա­րա­նում ներկա­յացված քաղա­քա­կան բոլոր ուժե­րը Հայաստա­նի վարչա­պե­տին չլիա­զո­րե­ցին Ադրբե­ջա­նի եւ շահագրգիռ կողմե­րի հետ բանակցություննե­րում քննարկել Լեռնա­յին Ղարա­բա­ղի կարգա­վի­ճա­կը:
Դրա փոխա­րեն հայտա­րա­րության հեղի­նակնե­րը համայն հայությա­նը կոչ արե­ցին համախմբել բոլոր հնա­րա­վո­րություննե­րը եւ սատար կագնել Լեռնա­յին Ղարա­բա­ղին: Ըստ երեւույթին, խորհրդա­րա­նա­կան կուսակցություննե­րը հույս ունեին Սփյուռքի լոբբիստա­կան կառույցնե­րի, ամեն առաջ՝ ՀՅԴ Հայ դատի գրա­սենյակնե­րի, միջո­ցով Եվրո­պա­յում եւ Միացյալ Նահանգնե­րում հասնել Ադրբե­ջա­նի նկատմամբ այնպի­սի ազդե­ցության, որ ԼՂ կարգա­վորման բանակցա­յին գործընթա­ցի վերա­մեկնարկման հնա­րա­վո­րություն կստեղծեր:
Այդ նախա­ձեռնությունը գործնա­կա­նում ոչ միայն անի­րա­կա­նացնե­լի, այլեւ քաղա­քա­կան առումով խիստ խոցե­լի էր, որովհե­տեւ ուկրաի­նա­կան պատե­րազմը փաստա­ցի խզել էր Ռուսաստա­նի եւ Արեւմուտքի հարա­բե­րություննե­րը, իսկ առանց Մոսկվա­յի համա­ձայնության ԵԱՀԿ Մինսկի խմբի համա­նա­խա­գա­հությունը չէր կարող վերսկսել իր առա­քե­լությունը: Մի իրա­վի­ճա­կում, երբ Լեռնա­յին Ղարա­բա­ղում նվա­զա­գույն անվտանգություն ապա­հո­վում էր ռուսա­կան զորա­խումբը, Ստե­փա­նա­կերտի «արեւմտյան կողմնո­րո­շումը» չէր կարող չհա­րուցել Մոսկվա­յի առնվազն տարա­կուսանքը:
Ազգա­յին ժողո­վի համա­խոհ հայտա­րա­րությունից մի քանի շաբաթ անց, իսկ ավե­լի ստույգ՝ մայի­սի 28-ին Ստե­փա­նա­կերտը պաշտո­նա­կան կարճ հաղորդագրություն տարա­ծեց, որ նախօ­րեին Սյունի­քի մարզի Գորիս քաղա­քում նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նը հանդի­պել է Փարի­զի քաղա­քա­պետ Ան Իդալգո­յին: Այլ աղբյուրնե­րից հայտնի դարձավ, որ Փարի­զի քաղա­քա­պե­տին «ուղեկցել են ՀՅԴ Բյուրո­յի անդամներ»՝ առանց բացա­հայտե­լու նրանց ինքնությունը:
Երեւույթն արդեն իսկ ինտրի­գա­յին էր. եթե Լեռնա­յին Ղարա­բա­ղի նախա­գա­հը Փարի­զի քաղա­քա­պե­տին Ստե­փա­նա­կերտի իր նստա­վայրում չի ընդունում, այլ մեկնում է Գորիս, ուրեմն ռուս խաղա­ղա­պահներն Ան Իդալգո­յի ԼՂ այցին համա­ձայնություն չեն տվել՝ մեղմ ասած: Գործնա­կա­նում ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րությունը Փարի­զի քաղա­քա­պե­տին արգե­լել է անցնել Լաչի­նի միջանցքով:
Նման պահանջ, բնա­կա­նա­բար, ներկա­յացրել է Ադրբե­ջա­նը, բայց Ստե­փա­նա­կերտի եւ Փարի­զի «արտա­քին քաղա­քա­կան շփումներն» ըստ էության չէին կարող հաճե­լի լինել նաեւ Ռուսաստա­նի համար: Պետք է նկա­տի ունե­նալ, որ խոսքը մի ժամա­նա­կա­հատվա­ծի մասին է, երբ Արեւմուտքի օգնությամբ կազմա­կարպե­լով դիմադրություն՝ Ուկրաի­նա­յին հաջողվել էր ռուսա­կան զորքե­րը հեռացնել մայրա­քա­ղաք Կիեւի մերձա­կայքից:
Ո՞վ էր հաշվարկել, որ Փարի­զի քաղա­քա­պե­տի եւ Լեռնա­յին Ղարա­բա­ղի նախա­գա­հի գորիսյան հանդի­պումը «մազա­չափ օգտա­կար» կլի­նի ղարա­բաղյան կարգա­վորմա­նը կամ գոնե կնպաստի բնակչության անվտանգությա­նը, ի՞նչ իմաստ ուներ այդ մասին տեղե­կատվա-քարոզչա­կան «աղմուկը», որ նաեւ ֆրանսիա­կան մամուլն էր կազմա­կերպել՝ ոչ ոք այս հարցե­րի պատասխա­նը չի ունե­ցել եւ առայսօր չունի: Կարե­լի է միայն ենթադրություններ անել:
Նախընթաց տասնամյա­կում Ստե­փա­նա­կերտն առաջնորդվում էր «Արցախ-Հայաստան-Սփյուռք եռա­միասնության» քարոզչությամբ: Պաշտո­նա­պես սնուցվում էր, որ համա­հայկա­կան համախմբումը ղարա­բաղյան հակա­մարտության արդա­րա­ցի կարգա­վորման գլխա­վոր երաշխիքն է: Քառա­սունչո­րօրյա պատե­րազմից հետո տարածվեց, որ Հայաստա­նը «չի կատա­րում Արցա­խի անվտանգության երաշխա­վո­րի պարտա­կա­նությունը»: Ըստ էության դրվեց Ստե­փա­նա­կերտ-Սփյուռք միա­կա­մությամբ իրա­վի­ճա­կը հաղթա­հա­րե­լու խնդիր:
Իհարկե, այս դիտարկումն առե­րեւույթ է, խորքա­յին ի՞նչ քննարկումներ են ունե­ցել ՀՅԴ Հայ Դատի պատասխա­նա­տունե­րը եւ Լեռնա­յին Ղարա­բա­ղի իշխա­նություննե­րը՝ հրա­պա­րա­կա­յին որեւէ տեղե­կություն չկա: Փաստն այն է, որ մի քանի ամիս տեւած քննարկումնե­րից հետո նույն տարվա դեկտեմբե­րի սկզբին Արա­յիկ Հարությունյա­նը մեկնեց Ֆրանսիա: Նա դեռ Փարի­զում էր, երբ Ադրբե­ջա­նը վերջնա­կա­նա­պես փակեց Գորիս-Ստե­փա­նա­կերտ ճանա­պարհը, իսկ ռուսա­կան զորա­խումբը Շուշի-Քարինտակ խաչմե­րուկից հեռացրեց իր դիտա­կե­տը՝ հասկա­նա­լի դարձնե­լով, որ ԼՂ եւ Հայաստա­նի միջեւ հաղորդակցությունը կարող է վերա­կանգնվել միայն Ադրբե­ջա­նի համա­ձայնությամբ:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ