Միջազգային

Մոսկվան Կորցնում Է Իր Ազդեցությունը Նաև Բաքվում

Անցած ամսվա ավիավթարը ցույց տվեց այս գործընկերության սահմանները և Ալիևի զարմանալի պատրաստակամությունը՝ ընդդիմանալու իր հյուսիսային, ավելի հզոր հարևանին:

The New York Times -ը գրում է, որ Ադրբեջանի զայրույթը ինքնաթիռի կործանման պատճառով աճում է՝ խորացնելով ճեղքը Ռուսաստանի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրը մեղադրել է Ռուսաստանին՝ ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատասխանատվությունից խուսափելու փորձի համար: Սա ուժեղացրել է Կրեմլի հետ հազվադեպ հանդիպող դիմակայությունը` ընդգծելով Ռուսաստանի ազդեցության կորստի փաստը նախկին Խորհրդային Միության մեծ մասում:

«Կարող եմ վստահ ասել, որ այս աղետում ադրբեջանցի քաղաքացիների մահվան մեղքը Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների վրա է… Մենք պահանջում ենք արդարություն, մեղավորների պատիժ, լիարժեք թափանցիկություն և մարդկային վերաբերմունք», – ասել է Ալիևը:

Հեռանալով ավանդական ձևաչափից՝ նա այս մեկնաբանություններն արել է ռուսերենով, այլ ոչ թե ադրբեջաներենով: Վերլուծաբանները սա համարել են հարգանքի նշան զոհված օդաչուների ռուսախոս հարազատների նկատմամբ, ինչպես նաև ցույց, որ Ալիևը ցանկանում էր լսելի լինել Մոսկվայում:

Չնայած դեկտեմբերի 28-ին նախագահ Վլադիմիր Պուտինը Ալիևից ներողություն էր խնդրել «օդային տարածքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի» համար, նա չէր ընդունել Մոսկվայի պատասխանատվությունը:

Աղետից հետո ադրբեջանական իշխանամետ ձայները հաճախակի կատաղի քննադատություն են հնչեցրել Ռուսաստանի հասցեին, չնայած Ալիևի և Պուտինի միջև սերտ հարաբերություններին: Այս երկու ավտորիտար առաջնորդները հաճախ ընդհանուր լեզու են գտել Արևմուտքի դեմ պայքարում:

Բաքվի Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի նախագահ Ֆարիդ Շաֆիևը հեռախոսային հարցազրույցում նշել է, որ Ռուսաստանի «կայսերական ամբարտավանությունը» դրսևորվել է աղետի հանգամանքները խճճելու մեջ: «Նրանք դեռևս վերևից են նայում բոլոր նախկին խորհրդային երկրներին», – ասել է Շաֆիևը:

Վերջին օրերին Ռուսաստանը լռում է աղետի վերաբերյալ: Երկուշաբթի օրը Կրեմլը ոչ մի մեկնաբանություն չէր արել, իսկ ռուսական պետական լրատվամիջոցները միայն մակերեսային կերպով լուսաբանել էին Ալիևի ելույթը:

Շաֆիևը նշել է, որ Մոսկվայի զուսպ արձագանքը կարող է արտացոլել իր գերակայության հանդեպ վստահությունը ամբողջ հետխորհրդային աշխարհում: Սակայն նա հավելել է, որ այդ վստահությունը կարող է սխալ լինել՝ մատնանշելով Սիրիայում ռուսամետ ռեժիմի հանկարծակի անկումը որպես վկայություն, թե որքան արագ կարող է իրավիճակը փոխվել:

«Այս պահին նրանք կարող են իրենց շատ հարմարավետ զգալ՝ իրենց դեռևս մեծ տերություն համարելով, բայց ժամանակի ընթացքում դա կարող է փոխվել», – ասել է Շաֆիևը:

Հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ազդեցությունը շարունակում է ցույց տալ թուլացման նշաններ: Ադրբեջանի հիմնական թշնամին՝ Հայաստանը, այլևս Ռուսաստանին չի դիտարկում որպես անվտանգության երաշխավոր և աջակցության համար դիմում է Արևմուտքին և Իրանին: Կենտրոնական Ասիայում ուժեղանում է Չինաստանի դերը, քանի որ նախկին խորհրդային հանրապետությունները Ռուսաստանին ընկալում են որպես թուլացած և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով զբաղված:

Անցած շաբաթ Մոլդովայից անջատված, ռուսամետ Դնեստրի շրջանում ևս մի ճեղք առաջացավ: Ռուսաստանի կողմից գազի մատակարարումների դադարեցումը այս տարածաշրջանը դրեց հարցականի տակ Մոսկվայի՝ Եվրոպայի հարավարևելյան ծայրամասում հավատարիմ հենակետ պահպանելու կարողությունը:

Այս ֆոնին Ադրբեջանը Մոսկվայի համար ավելի դրական էր թվում: Օգոստոսին Պուտինը երկօրյա պետական այց կատարեց, որի ընթացքում հրապարակվեցին կադրեր, որտեղ նա հանգստանում էր Ալիևի հետ: Սեպտեմբերին Ադրբեջան այցելեց Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը՝ Բաքուն անվանելով դաշնակից Արևմուտքի ջանքերին դիմակայելու գործում, որոնք ուղղված են «մեր պետություններում ներքին քաղաքական կայունությունը խարխլելուն»:

Սակայն անցած ամսվա ավիավթարը ցույց տվեց այս գործընկերության սահմանները և Ալիևի զարմանալի պատրաստակամությունը՝ ընդդիմանալու իր հյուսիսային, ավելի հզոր հարևանին:

Վառելիքային ռեսուրսների վաճառքից ստացված եկամուտներով և Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակից հետո վստահությամբ լցված 63-ամյա ավտոկրատ Ալիևը օգտագործում է ավիավթարի հետևանքները՝ Պուտինից կախվածությունից ազատագրվելու համար:

Ղազախստանը՝ ևս մեկ նախկին խորհրդային հանրապետություն, 2022 թվականի փետրվարից հետո փորձում է զգուշորեն հեռանալ Ռուսաստանից: Ադրբեջանի լրատվամիջոցները գովել են Ղազախստանին՝ ավիավթարի հետաքննության ընթացքում «անաչառություն և օբյեկտիվություն» ցուցաբերելու համար՝ Ռուսաստանին օգնելու փոխարեն այն թաքցնելու:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ուրբաթ օրը ղազախական թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ սև արկղերը Բրազիլիա ուղարկելը միակ միջոցն է «արդար և անաչառ հետաքննություն ապահովելու համար»:

Աղբյուրը`

Թարգմանեց`

Արայիկ Մկրտումյանը

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *