Ալիևը նաև հասկանում է, որ հայ – ամերիկյան ռազմավարական գործընկերության փաստաթուղթը ստորագրվելու է ամերիկյան հեռացող վարչակազմի հետ: Հետևաբար, նախ հայկական կողմը ստիպված է լինելու հավելյալ աշխատանքեր տանել Թրամփի վարչակազմի հետ՝ երկուստեք վերահաստատելու այդ փաստաթղթով ամրագրված սկզբունքներն ու հանձնառությունները։
Արմինե Մարգարյան
Ինչու Չի Կարելի Պաշտոնապես Հրապարակային Արձագանքել Ալիևի Երեկվա Հայտարարություններին
Մի քանի օրից Հայաստանը կդառնա ԱՄՆ ռազմավարական գործընկերը: Ալիևը հիմար չէ և շատ լավ է հասկանում, որ ԱՄՆ ռազմավարական գործընկեր Հայաստանը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում կարող է իրեն շրջապատել տնտեսական, էներգետիկ և ռազմական անվտանգային բարձիկներով, այլ բառերով՝ համապարփակ անվտանգային պատնեշով:
Այս ամենը չի կարող չանհանգստացնել Ալիևին, քանի որ ինքն իրեն դիրքավորում է որպես տարածաշրջանային սուբհեգեմոն, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ ցանկացած արտատարածաշրջանային ակտոր պետք է իր տարածաշրջանային քաղաքականությունը սինխրոնացնի Ադրբեջանի շահերի հետ: Հետևաբար, ի՞նչ է պետք անել՝ պետք է շատ արագ հայ – ադրբեջանական կարգավորման համատեքստում սահմանել այնպիսի խաղի կանոններ, որոնք կենթադրեն ամերիկյան եկող վարչակազմի՝ սուբհեգեմոն Ադրբեջանի կարգավիճակը ճանաչելն ու ընդունելը:
Միևնույն ժամանակ, Ալիևը նաև հասկանում է, որ հայ – ամերիկյան ռազմավարական գործընկերության փաստաթուղթը ստորագրվելու է ամերիկյան հեռացող վարչակազմի հետ: Հետևաբար, նախ հայկական կողմը ստիպված է լինելու հավելյալ աշխատանքեր տանել Թրամփի վարչակազմի հետ՝ երկուստեք վերահաստատելու այդ փաստաթղթով ամրագրված սկզբունքներն ու հանձնառությունները (էլ չեմ ասում ի կատար ածելու գոծողությունների ծրագիրը/ծրագրերը) և երկրորդ՝ Թրամփն իր հետ բերելու է նոր, անկանխատեսելի խաղի կանոններ գլոբալ համատեքստում:
Հետևաբար, ինչ է պետք անել: Պետք է հայ -ադրբեջանական սահմանային լարվածություն հրահրել: Այս պարագայում բոլոր սցենարներն էլ կաշխատեն Ալիևի օգտին:
Սցենար առաջին՝ ամերիկյան նոր վարչակազմը հայ-ադրբեջանական գործընթացում կներգրավվի նոր, Ադրբեջանին ձեռնտու կետից (Հայաստանի այսպես կոչված «դեմիլիտարիզացիայի», «դենացիֆիկացիայի» և այլ նման ցնդաբանությունների հարցը՝ բանակցությունների օրակարգի մաս): Սցենար երկրորդ՝ ամերիկյան նոր վարչակազմը չի խառնվի առհասարակ, քանի որ, ինչպես Ալիևն էր ասում իր հարցազրույցում «թուրք – ադրբեջանական ռազմական համագործակցությունը ապահովում է տարածաշրջանի կայունությունը»: Սրան կգումարվի նաև Իրանի դեմ որպես զենք գործիքայնացվելու, Արևմուտք – Ռուսաստան հարաբերություներում լարվածության թուլացման միջնորդ դառնալու ադրբեջանական նկրտումների իրականացումը և Ադրբեջանը կստանա իր բաղձալին՝ տարածաշրջանային հարց լուծողի կարգավիճակը: Դե թե հետո ինչ կարող է սպասվել Հայաստանին, երևի թե կարիք չկա մանրամասնելու:
Թեման կարելի է շարունակել, սցենարները՝ նույնպես, բայց այս պահին միայն ընդգծեմ այսքանը: Խելքով ու հաշվարկով է պետք առաջնորդվել, այլ՝ ոչ էմոցիաներով:
Մի բան էլ՝ Արցախյան 44-օրյա պատերազմից օրեր առաջ մենք մատ էինք թափ տալիս Թուրքիայի վրա: Զուտ հիշեցման կարգով:
Գրառումը՝ Արմինե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից։