Արցախ

Ստեփանակերտի «Սփյուռքացում»ը

Մաս 9

Մեծագույն գաղտնիք է, թե ինչու է ռուսական զորախմբին, փաստացի՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը թողնվել Պաշտպանության բանակի ողջ սպառազինությունը, ինչու՞ են ոչնչացվել պետական արխիվները: Երեւի տասնամյակներ հետո այդ մարդիկ հրապարակեն իրենց հուշերը կամ դա ուրիշները կանեն: Սերունդների պարտքն է, որպեսզի բացահայտվի, թե իրականում ի՞նչ հեռավոր նպատակ էր հետապնդում Ստեփանակերտում ՀՅԴ Հայ դատի գրասենյակի հաստատումը, ինչու՞ էր դրվել Լեռնային Ղարաբաղի «սփյուռքացման» նպատակ, երբ Արցախը նրա հարյուր հիսուն հազար հայ բնակչության երեք հազարամյա օրրանն էր եւ կար հնարավորություն, որ մնար այդպիսին:

Վահրամ Աթանեսյան

Ի՞նչ է կատարվել Ստեփանակերտում 2023 թ. սեպտեմբերի 24-28-ին՝ մնում է գաղտնիք: Առանձին վկայումներ կան, որ առողջապահական, կրթական եւ սոցիալական ոլորտի այս հաստատությունների, բայց ոչ՝ պետական գերատեսչություններ, ղեկավարներ մեկօրյա ռազմական գործողություններից հետո աշխատակիցներին նախապես ասել են, որ «մնում են եւ շարունակելու են իրենց գործունեությունը»: Փաստ է, սակայն, որ Պաշտպանության բանակի բենզապահեստի պայթյունից հետո հանրապետական բժշկական կենտրոնում շատ քիչ բուժաշխատողներ էին մնացել: Պետական հաստատություններում, ինչպես ականատեսները եւ տեասգրություններն են վկայում, սկսվել է արխիվների ոչնչացումը:
Չշտված, բայց հետեւողականորեն շրջանառվող տեղեկություններ կան, որ այդ օրերին դատարկվել են Ստեփանակերտի մի քանի առեւտրային կենտրոններ, առկա ամբողջ ապրանքը տեղափոխվել է Գորիս: Ի՞նչ մասնակցություն են ունեցել այդ գործում ռուս զինվորականները՝ մնում է ենթադրել: Ամենայն հավանականությամբ, գործարքից «առյուծի բաժին» նաեւ Ադրբեջանի զինվորականներին եւ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին է հասել:
Բռնատեղահանումից անցած ավելի քան մեկուկես տարում երբեք չեն դադարել խոսակցությունները, որ սեպտեմբերյան չորս-հինգ օրերին Ստեփանակերտում, մյուս քաղաքներում գործող բանկերն ունեցած կանխիկ դրամը տեղափոխել են Երեւան, ինչպես նաեւ բնակչության կողմից վարկերի դիմաց գրավադրած ոսկեղենը եւ այլ արժեքավոր առարկաները:
Այդ կանխիկ գումարները, զարդեղենը հանձնվե՞լ են բանկերի երեւանյան գլխամասային գրասենյակներին, թե տեղական կառավարիչների կողմից յուրացվել՝ ոչ ոք չգիտի, այդ եւ նման բազմաթիվ հարցեր, որպես կանոն, չեն քննարկվում: Ստեփանակերտից Երեւան է տեղափոխվել նաեւ պետական-ծառայողական տրանսպորտը: Տեղեկություններ կան, որ մի մասը «կալանքի տակ է», մյուսը շահագործվում եւ առայսօր արցախյան պետհամարանիշերով սպասարկում է Ստեփանակերտի քաղէլիտայի ներկայացուցիչներին, ուժային կառույցների եւ հատուկ ծառայությունների նախկին բարձրաստիճան չինովնիկներին:
Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության մի զգալի մասը, հատկապես Մարտունի քաղաքը եւ շրջանի տասնյակ գյուղեր մի քանի օր մնացել են կատարյալ շրջափակման եւ անորոշության մեջ: Ըստ որոշ աղբյուրների, այդ օրերին քննարկվել է Ստեփանակերտում եւ Մարտունու շրջանում նվազագույնը տասնհինգ-քսան հազար հայ բնակչություն պահելու հարցը: Տեսակետ կա, որ դա պետք է ապահովեր ռուսական զորախմբի հետագա ներկայությունը: Որեւէ մեկը չի բացահայտում, թե ու՞մ հետ է քննարկվել այդ հնարավորությունը: Արդյոք ռուսական զորախմբի հրամանատարությու՞նն է Ադրբեջանին նման «հանգուցալուծում» առաջարկել, թե հարցը քննարկվել է Բաքու-Ստեփանակերտ «բանակցությունների ձեւաչափո՞վ»:
Ակնհայտ իրողություն է, որ Մարտունի եւ Ճարտար քաղաքների, Մարտունու շրջանի մյուս բնակավայրերի հայ բնակչության տեղահանումը մի քանի օր ձգձգվել է: ԼՂ իշխանությունների, տեղական ինքնակառավարման մարմինների այդ օրերի գործունեության մասին հրապարակային ոչ մի տեղեկություն չկա, բացի այն, որ Արցախի տեղեկատվական շտաբը սեպտեմբերի 28-ին տեղեկացրել է, որ Սամվել Շահրամանյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարելու մասին հրամանագիր է ստորագրել: Լեռնային Ղարաբաղի իշխանության այդ քայլը հայ ժողովրդի պատմության մեջ մի նախադեպ ունի. 1921թվականի «փետրվարյան ապստամբությունից» հետո կազմավորված «Հայաստանի փրկության կոմիտեի» լուծարումը, Սիմոն Վրացյանի «կառավարության» Երեւանից հեռացումը: Այն ժամանակ, սակայն, կար ապստամբական Սյունիք, որտեղ Գարեգին Նժդեհը ծանր, օրհասական պատերազմ էր մղում բոլշեւիկյան եւ ադրբեջանական զորքերի դեմ: «Փրկության կոմիտեն» իր հետ Սյունիք է տեղափոխել հազարավոր պետական ծառայողների, զինվորականների եւ մտավորականների եւ Գորիսում ստանձնել է Սյունիքի կառավարումը: Ի պատիվ Վրացյանի պիտի ասել, որ տարիներ հետո «Հայաստանի հանրապետություն« գրքում նա խոստովանել է, որ «Փրկության կոմիտեն» մինչեւ վերջին լուման, վերջին արծաթե գոտին դատարկել է Հայաստանի պետական գանձարանը եւ տեղափոխել Սյունիք:
Ըստ Վրացյանի, այդ գումարների մի մասը թողնվել է Կապանի պղնձահանքերում, մնացածը տեղափոխվել է Պարսկաստան: Այդ իրավիճակի հետ է, երեւի, կապված Գարեգին Նժդեհի թողած վկայությունը, որ Արաքսի պարսկական ափում ինքը Վրացյանի կառավարության երկու անդամի «մտրակածեծ է արել»: Լեռնային Ղարաբաղի իշխանության վերջին ներկայացուցիչներն այդ քաջությունն էլ չունեցան եւ բռնատեղահանված հարյուր հազար մարդու հաշվետվություն չներկայացրին, թե ֆինանսական, նյութական, հոգեւոր-մշակութային ինչ արժեքներ կային Ստեփանակերտում, որ մասն է Հայաստան տեղափոխվել, որը՝ մնացել Ադրբեջանի տնօրինության տակ:
Մեծագույն գաղտնիք է, թե ինչու է ռուսական զորախմբին, փաստացի՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը թողնվել Պաշտպանության բանակի ողջ սպառազինությունը, ինչու՞ են ոչնչացվել պետական արխիվները: Երեւի տասնամյակներ հետո այդ մարդիկ հրապարակեն իրենց հուշերը կամ դա ուրիշները կանեն: Սերունդների պարտքն է, որպեսզի բացահայտվի, թե իրականում ի՞նչ հեռավոր նպատակ էր հետապնդում Ստեփանակերտում ՀՅԴ Հայ դատի գրասենյակի հաստատումը, ինչու՞ էր դրվել Լեռնային Ղարաբաղի «սփյուռքացման» նպատակ, երբ Արցախը նրա հարյուր հիսուն հազար հայ բնակչության երեք հազարամյա օրրանն էր եւ կար հնարավորություն, որ մնար այդպիսին:
(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *