Հայաստան

Հայաստանը Փորձում Է Խուսափել Կոնֆլիկտից

Սա հայկական կողմի համար ճգնաժամային կառավարման միջոց է՝ փորձելու մեղմել պատերազմական այն ուլտիմատումը, որն Ալիևն առաջ է քաշել: Ադրբեջանական պահանջներն այս զիջումներով բնավ չեն ավարտվելու, նման ենթադրություն անելու որևէ հիմք չկա։

Նարեկ Սուքիասյան

Սա հայկական կողմի ճգնաժամային կառավարման քայլ է՝ մեղմելու Ալիևի պատերազմական ուլտիմատումը. քաղաքագետը՝ Մինսկի խմբի լուծարման մասին

Լուսանկարը՝ aua.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Քաղաքակրթական ու մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, քաղաքագետ Նարեկ Սուքիասյանը

– Պարո՛ն Սուքիասյան, վարչապետի գրասենյակից «Ազատությանը» հայտնել են, որ Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը: Հնարավոր ի՞նչ ռիսկեր, հետևանքներ կամ արդյունքներ կունենա այս գործընթացը, ինչպե՞ս եք գնահատում հայկական կողմի պատրաստակամությունն այս հարցում:

– Ցանկացած բանակցային գործընթացում, որի մեջ կան մի քանի բանակցվող կետեր, բանակցող կողմերը դասակարգում են անում առավել կարևոր ու նվազ կարևոր ռազմավարական կետերի միջև՝ սահմանելով հնարավոր զիջումների սանդղակը: Այս պարագայում հայկական կողմը կարծես թե ավելի կարևոր է համարում «միջանցքի» հարցում դիրքորոշումը, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի վերադարձը» և այլն, իսկ Մինսկի խմբի հարցում ադրբեջանական պահանջը, միջազգային դատարաններում միմյանց հանդեպ հայցերից հրաժարումը՝ ավելի պակաս կարևոր ու հնարավոր զիջման ենթակա:

Մենք այսօր տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմից թշնամական հռետորաբանության աճի պայմաններում, երբ հնարավոր էսկալացիայի ռիսկն աճում է, հայկական կողմը կարծես թե փորձում է նվազեցնել այդ ռիսկը՝ զիջումների գնալով կամ ցույց տալով դրանց գնալու պատրաստակամություն, այն պայմաններում, երբ չկան միջազգային այլ երաշխիքներ, որոնք Ադրբեջանին հետ կպահեն նման գործողություններից:

Սա նոր բան չէ, հայկական կողմը մի քանի անգամ արդեն նման քայլի գնալու պատրաստակամություն է հայտնել, բոլոր դեպքերում էլ այդ զիջումները փորձել են պայմանավորել նաև ադրբեջանական կողմից որոշակի զիջումներով, ինչին սակայն Ադրբեջանը չի գնացել, ու սա հանգեցնում է միակողմանի զիջման:

– Ձեր գնահատմամբ՝ Մինսկի համանախագահ երկրներն ինչո՞ւ դիրքորոշում չեն արտահայտում այս թեմայի վերաբերյալ:

– Մինսկի խումբն արդեն գոյություն չունեցող կառույց է, այն կարող է վերակենդանանալ միայն միջազգային շատ տեկտոնիկ շարժերի արդյունքում, որովհետև այն արդեն դիսֆունկցիոնալ էր Ուկրաինայում պատերազմի մեկնարկից սկսած, ու եթե անգամ 2020-ից հետո Մինսկի խումբը որոշակի հայտարարություններ արեց, անգամ ինքնորոշման իրավունքի մասին էր նշվում, բայց Ադրբեջանի կողմից այդ կառույցը պատերազմից հետո արժեզրկվել էր:

Մենք տեսանք, որ ուկրաինական պատերազմից ի վեր երեք համանախագահների միջև որևէ նպատակի ուղղված բանակցությունները գրեթե անհավանական էին: Այսօր արդեն, օրեցօր ավելի սրվող հակամարտության պայմաններում, երբ համանախագահ երկրների միջև արդեն ավելի հաճախ է քննարկվում ատոմային վտանգը, ապա դժվար է պատկերացնել, որ նրանք կվերադառնան այդ խմբի ձևաչափին, որն անգամ ուկրաինական ճգնաճամից մեկ տասնամյակ առաջ դեռևս մնում էր այն եզակի ձևաչափերից մեկը, որում կողմերը համագործակցում էին՝ միմյանց շահերը հարգելով:

– Այսինքն՝ համանախագահ երկրները և՞ս դեմ չեն լինելու, որ այդ կառույցը լուծարվի, պարո՛ն Սուքիասյան:

– Դե մենք սրան լուրջ արձագանքներ չենք տեսել, համանախագահներից Ֆրանսիան արդեն իսկ որդեգրել է շատ ավելի պարզ դիրքորոշում՝ ի պաշտպանություն Հայաստանի՝ ունենալով իր բազմաշերտ կոնֆլիկտներն Ադրբեջանի հետ, իսկ թե՛Մոսկվայից, թե՛ Վաշինգտոնից անընդհատ հնչում է ձևակերպում, որ իրենք աջակցում են բանակցային գործընթացին ու պատրաստ են տրամադրել իրենց հարթակները: Թե՛ պրակտիկան, թե՛ շահերն արդեն թելադրել են նոր ձևաչափերը, որոնք Մինսկի խումբը դարձրել են ավելի ոչ այժմեական, թեև Հայաստանի շահերից էր բխում Մինսկի խմբի օգտագործումը՝ որպես բանակցային նախընտրելի ձևաչափ՝ ի համեմատություն բոլոր այն ձևաչափերի, որոնք այսօր գոյություն ունեն:

– Այսինքն, եթե անգամ այս կառույցը լուծարվի, Հայաստանը, նկատի ունեմ նաև Արցախը մեծ կորուստ չեն ունենալու, որովհետև նշվում է, որ Արցախի մասով իրավական միակ հիմքն այս կառույցն է, եթե այն լուծարվի՝ կորուստը մեծ է լինելու: Ունենալո՞ւ ենք այդ կորուստը, թե՞ միևնույն է, այդ կառույցը դադարել էր կենսունակ լինելուց:

– Արցախի սուբյեկտայնության հարցը կապված չէ ու չի էլ եղել Մինսկի խմբի գոյության հետ, եթե անգամ Մինսկի խումբը նման արժեք ունեցել է, ապա դա երկրորդային արժեքներից է եղել, Արցախի սուբյեկտայնության հարցը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա է խարսխված, այլ ոչ թե՝ բանակցային ձևաչափի:

Այս պահին Մինսկի խումբը թե՛ կողմերի, թե՛ հենց համանախագահների համար դե ֆակտո գոյություն չունեցող կառույց է, ապագայում, եթե բանակցային դիրքերն այնպես ձևափոխվեն, և Արևմուտքի ու Ռուսաստանի միջև միջազգային իրադրությունն այնպես ձևափոխվի, որ այն նորից կենսունակ դարձնի, ապա հնարավոր է, որ նշանակություն ունենա ու կարող է օգտագործվել Հայաստանի համար՝ որպես ընդունելի ու շահեկան ձևաչափ, բայց նման հեռանկարը արագ փոփոխվող ու անկայուն աշխարհում այնքան էլ իրատեսական չէ:

– Պարո՛ն Սուքիասյան, ասացիք, որ Հայաստանն ընտրում է այն զիջումները, որոնք նվազ կարևոր են՝ այդկերպ փորձելով զսպել ադրբեջանական ագրեսիան: Այս զիջումներն անելով, Ադրբեջանը տեղի տալո՞ւ է, թե՞ սրանց հաջորդելու են մյուս պահանջները՝ «միջանցք», «Արևմտյան Ադրբեջանի համայնքի վերադարձ» և այլն:

– Սա կարճաժամկետ ճգնաժամային կառավարման լուծում է, որը որևէ կերպ չի ապահովում երկարաժամկետ խաղաղություն կամ կայունություն: Այս օրինաչափությունը մենք տեսնում ենք արդեն հինգ տարի: Սա հայկական կողմի համար ճգնաժամային կառավարման միջոց է՝ փորձելու մեղմել պատերազմական այն ուլտիմատումը, որն Ալիևն առաջ է քաշել: Ադրբեջանական պահանջներն այս զիջումներով բնավ չեն ավարտվելու, նման ենթադրություն անելու որևէ հիմք չկա:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *