Հեգնանքն այն է, որ այն ամենը, ինչը Թրամփի վերադարձը Սպիտակ տուն դարձնում է վախեցնող շատ եվրոպացիների համար, հենց այն է, ինչ նրան գրավիչ է դարձնում աշխարհի մնացած մասի համար։
Politico. Թրամփի կապակցությամբ Եվրոպայի մտահոգությունը աշխարհում չի կիսվում
Մենք ապրում ենք տրանսատլանտյան հարաբերությունների ամենախոշոր ճգնաժամը Սուեզի ճգնաժամից ի վեր։ Սակայն այն այնքան տարօրինակ կերպով է զարգանում, որ ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունենում։
Աշխարհի ամենահարուստ մարդը, որը շուտով կդառնա ԱՄՆ ապագա վարչակազմի քվազի-պաշտոնական ներկայացուցիչ, հայտարարել է, որ փորձում է տապալել Մեծ Բրիտանիայի և հավանաբար նաև Գերմաիայի կառավարությունը։ Իսկ հենց ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն արդեն հստակ հասկացնել է տվել, որ ցանկանում է չեղարկել ԱՄՆ-ի կողմից պահպանվող կարգի բոլոր առանցքային սկզբունքները։ Նրա վերջին մեկնաբանությունները Պանամայի ջրանցքի և Գրենլանդիայի վերաբերյալ ցույց են տալիս, որ նա նույնիսկ պատրաստ է հարցականի տակ դնել այնպիսի հիմնարար սկզբունքներ, ինչպիսիք են տարածքային ինքնիշխանությունն ու սահմանների անխախտելիությունը։
Երբ Թրամփը նախորդ անգամ ընտրվեց, ԱՄՆ-ում և աշխարհում շատերը հանգստացան այն մտքով, որ Եվրոպան քայլ կանի առաջ։ Այն ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին հռչակեցին ազատ աշխարհի իրական առաջնորդ՝ այս դերը հավերժացվեց G7-ի խորհրդանշական լուսանկարում, որտեղ նա, աշխարհի առաջատար ժողովրդավարական երկրների առաջնորդների շրջապատում, կանգնած էր Թրամփի հանդիման։
Բայց այսօր Եվրոպան իր ամբողջ անվտանգության, տնտեսական և քաղաքական ռազմավարությունը կառուցում է ամերիկյան դաշնակցի գոյության վրա, որը Թրամփն այժմ հայտարարել է չգոյ։
-Այնուամենայնիվ, մեր կազմակերպության՝ Եվրոպական արտաքին հարաբերությունների խորհրդի կողմից անցկացված լայնածավալ հասարակական կարծիքի հարցումը ցույց է տալիս, որ Եվրոպայի մտահոգությունը Թրամփի կապակցությամբ շատերը չեն կիսում։
Հարցում անցկացնելով 24 երկրների 28,000 մարդու շրջանում՝ մենք պարզեցինք, որ աշխարհի մեծամասնությունը հավատում է, որ Թրամփը իրականում լավ է ԱՄՆ-ի, աշխարհի և համաշխարհային խաղաղության համար։
Մեր տվյալներով՝ Հնդկաստանում, Սաուդյան Արաբիայում, Ռուսաստանում, Չինաստանում և Հարավային Աֆրիկայում 5-ից 3 մարդ հավատում է Թրամփի խոստմանը՝ 24 ժամում ավարտել Ուկրաինայի հակամարտությունը։ Յուրաքանչյուր երկրորդը հավատում է, որ նա կհասնի խաղաղության Մերձավոր Արևելքում։
-Եվ ամենուր գերակշռում է այն կարծիքը, որ նա իսկապես կփրկի Վաշինգտոնի և Պեկինի հարաբերությունները, ինչը, տարօրինակ կերպով, կիսում է նաև հարցված չինացիների գրեթե կեսը։
Չնայած շատերը ողջունում են Թրամփի վերադարձը նախագահի պաշտոնում, նրանք պարտադիր չէ, որ հավատան, թե նա Ամերիկան կրկին մեծ կդարձնի։
Ավելին, այն 24 երկրներից 20-ում, որտեղ մենք հարցում են անցկացրել, մասնակիցների ավելի քան կեսը կարծում է, որ 20 տարի անց Չինաստանը կդառնա աշխարհի ամենահզոր պետությունը։ Միջին մեծության երկրների, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Ինդոնեզիան և Հարավային Աֆրիկան, շրջանում այս համոզմունքը կիսում են գրեթե 10-ից 7 մարդ։
Հեգնանքն այն է, որ այն ամենը, ինչը Թրամփի վերադարձը Սպիտակ տուն դարձնում է վախեցնող շատ եվրոպացիների համար, հենց այն է, ինչ նրան գրավիչ է դարձնում աշխարհի մնացած մասի համար։
Եվրոպան խուճապով վախենում է «Ամերիկան առաջին հերթին» հռետորաբանությունից և այն գաղափարից, որ ԱՄՆ-ը դադարում է լինել համաշխարհային կարգի պահպանող՝ հետապնդելով իր սեփական շահերը։ Սակայն դա հենց այն է, ինչին անհամբերությամբ սպասում են մարդիկ՝ հատկապես միջին մեծության երկրներում։
Նրանք այլևս չեն ցանկանում, որ ԱՄՆ-ը լինի ինքնահռչակ բարոյական դատավոր կամ համաշխարհային ոստիկան։ Նրանց համար շատ ավելի հարմար է գործ ունենալ ԱՄՆ-ի հետ որպես ամենահզոր պետության՝ ավելի գործարքային աշխարհում։
Սակայն մեր հարցումը նաև դրական պահեր ունի։ Չնայած եվրոպացիները գուցե բարձր չեն գնահատում իրենց դիրքը Թրամփի նոր դարաշրջանում, աշխարհի մնացած մասը ավելի շատ է գնահատում Եվրոպայի հզորությունը։ Խնդիրն այն է, թե ինչպես են եվրոպացիները պատրաստվում օգտագործել այդ հզորությունը։
-Մեր հարցումը ցույց է տալիս, որ Եվրոպան չի ձգտում դառնալ Թրամփի դեմ պայքարի առաջնորդ կամ շարունակել հրահանգներ տալ այլ երկրներին կամ դասեր կարդալ նրանց՝ ինչպես գործել։
Այնուամենայնիվ, աշխարհի բնակչության մեծամասնությունը Եվրամիությունը դիտարկում է որպես գերտերություն, որը կարող է պաշտպանել իրեն Չինաստանի և Ամերիկայի կողքին՝ պաշտպանելով իր շահերը։ Հարցն այն է, թե արդյոք ԵՄ երկրները կկարողանան համաձայնության գալ իրենց շահերի վերաբերյալ։
Միայն ներքին պառակտումը հաղթահարելով՝ Եվրոպան կկարողանա պաշտպանվել «բաժանիր և տիրիր» քաղաքականությունից, լինի դա Պեկինի, Մոսկվայի թե Վաշինգտոնի կողմից։
Մարկ Լեոնարդ, Եվրոպական արտաքին հարաբերությունների խորհրդի (ECFR) տնօրեն։
Աղբյուրը`politico
Թարգմանեց`
Արայիկ Մկրտումյանը