Արցախ

Ստեփանակերտի «Սփյուռքացում»ը

Մաս 11

Սամվել Շահրամանյանին նախագահ ընտրած քսաներկու պատգամավորների մասին «չար լեզուներն» ասում են, որ քվեարկության դիմաց յուրաքանչյուրը հարյուր միլիոն դրամ «հոնորար է ստացել»: Այդպես է Ստեփանակերտը սփյուռքացվել:

Վահրամ Աթանեսյան

Գարեգին Նժդեհը պատմում է, որ Սյունիքից Պարսկաստան անցնելու առաջին օրն Արաքսի ափին մտրակածեծ է արել Սիմոն Վրացյանի «Փրկության կոմիտեի» երկու անդամի: Նժդեհը մանրամասնություններ չի ասում, ակնարկներից, սակայն, հասկացվում է, որ նա Հայաստանի անկախ հանրապետության վերջին կառավարության անդամներին կասկածել է գանձագողության մեջ: Մեկ անգամ էլ նա հիշում է իր եւ Սիմոն Վրացյանի նամակագրությունը եւ դարձալ ակնարկի ձեւով հասակցնում է, որ երբ փորձել է պարզել Երեւանից Սյունիք, ապա Պարսկաստան հասցված գումարների հարցը, իրեն սպառնացել են ոչ միայն զրկել նպաստից, այլեւ հաշվեհարդարի ենթարկել: Այդ առթիվ մի հիշատակում էլ Լեւոն Շանթն ունի. երբ Վրացյանը նրան խնդրում է հիշել 1920թվականի ամռանը Ռուսաստանի հետ բանակցություններից մի կարեւոր դրվագ, Բեյրութում ապաստանած գրողը պատասխանում է շատ դժկամ, ապա հիշեցնում, որ «Փրկության կոմիտեի» նախագահը խոստացել էր լուծել Փարիզում հաստատվելու հարցը, բայց այդպես էլ ոչինչ չի ձեռնարկում:
2023 թվականի հոկտեմբերի 3-ին Լեռնային Ղարաբաղի իշխանության վերջին ներկայացուցիչները ոչ թե Արաքսը հատել՝ անցել են Իրան, այլ ռուսական զորախմբի հրամանատարության կողմից արժանացել են ուղղաթիռով անվտանգ Սիսիան հասնելու պատվի: Ըստ վստահելի աղբյուրների, ուղղաթիռում գտնվել են Սամվել Շահրամանյանը, Պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը եւ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը: Մինչ այդ Հակարիի ադրբեջանական «անցակետը» հատել եւ Երեւան են հասել Ազգային ժողովի բոլոր պատգամավորները, պետական նախարար Արթուր Հարությունյանը, կառավարության բոլոր անդամները, ոստիկանության, ԱԱԾ, դատախազության եւ Քննչական կոմիտեի բարձրաստիճան աշխատակիցները:
Նրանք, իհարկե, Սիմոն Վրացյանի օրինակին չեն հետեւի եւ երբեք չեն հրապարակայնացնի, թե Ստեփանակերտից իրենց հետ որքան կանխիկ գումար, թանկարժեք իրեր, ոսկու ձուլակտորներ եւ ադամանդներ են բերել: Չկա Նժդեհի նման մեկը, որ Երեւանի Ազատության հրապարակում նրանց մտրակածեծ անի: Չկա Լեւոն Շանթ, որ նամակով դժգոհի, թե իրեն էլ խոստացել էին փափուկ կյանք, բայց ոչինչ չտվեցին: Բռնատեղահանված հարյուր հիսուն հազար մարդ լռում է: Իհարկե, սոցիալական մեդիայում դժգոհում են, երբեմն՝ նույնիսկ անիծում, բայց հարցն այդպես էլ չի հասունանում որպես օրինական պահանջ, թե այդ ինչպե՞ս եղավ, որ ազատ, անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն քարոզող մարդիկ տարիների, տասնամյակների ընթացքում խլուրդի լռությամբ Երեւանում եւ երեւանամերձ էլիտար «գյուղերում փորեցին իրենց որջը», եկան ու արդեն մեկուկես տարի է՝ անվրդով ապրում են:
Մարդկանց փոխարեն խոսում են երեւանյան ցուցանակները, որ համալրվել են Ստեփանակերտից բերվածներով: Գործում են խանութների, սուպերմարկետների, հանգստյան եւ զվարճանքի գոտիների, «հացատների» ցանցեր: Գործում են խոշոր շինարարական կազմակերպություններ, որ Հայաստանի «սորոսական» կառավարության ազդեցիկ կապալառուներ են, մրցույթներ են շահում, ներգրավված են ասֆալտապատման, կամրջաշինարարության ծրագրերում: Ավելի փոքր տրամաչափի «ձեռներեցները» Երեւանում խորովածանոցներ են բացել, ժենգյալով հացի եւ ղարաբաղյան քաղցրեղենի խանութներ:
Քառորդ դար առաջ, երբ արդեն վտարանդի էր, Վանո Սիրադեղյանը կանխատեսել է, որ ղարաբաղցիները Երեւան կգան նախնական կապիտալի իրենց ազդեցիկ «քեյսով» եւ կներգրվեն այն համակարգին, որ ստեղծում էր այդ օրվա իշխանությունը: Ցավոք, այդպես էր, որովհետեւ Քիուեսթյան բանակցությունների մի փուլում Հայաստանի իշխանությունը որոշեց, որ Պաշտպանության բանակի գեներալները Երեւանում բնակարան պիտի ունենան: «Մարդիկ շաբաթը մեկ-երկու անգամ գործուղման են լինում, հո հյուրանոցներում չպիտի մնա՞ն»,- սա էր հիմնավորումը:
Օրենքով Հայաստանի Զինված ուժերի գեներալը մինչեւ 65 տարեկանը պետք է ծառայության մեջ լինի կամ առաջին կարգի պահեստազորում: Ստեփանակերտից Երեւան տեղափոխված գեներալներն այսօր կամ Հայաստանում չեն, կամ զբաղվում են ձեռնարկատիրական խոշոր գործունեությամբ: Սամվել Շահրամանյանին նախագահ ընտրած քսաներկու պատգամավորների մասին «չար լեզուներն» ասում են, որ քվեարկության դիմաց յուրաքանչյուրը հարյուր միլիոն դրամ «հոնորար է ստացել»: Այդպես է Ստեփանակերտը սփյուռքացվել:
(Վերջ)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *