Եթե սահմանազատվեն հենց Կիրանցում կիրառված սկզբունքով, ապա Ադրբեջանը որոշակի հարցեր է ունենալու՝ որոշ շինություններ պետք է հանձնվեն հայկական կողմին:
Շահեն Շահինյան
Սահմանազատման նոր փուլ. ինչու՞ է այն սկսվում հյուսիսից և ինչ ռիսկեր է պարունակում. քարտեզագիր Շահեն Շահինյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քարտեզագիր Շահեն Շահինյանը
– Պարո՛ն Շահինյան, ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտգործնախարարության տարածած հաղորդագրությունից, 2025 թ. հունվարի 16-ին տեղի է ունեցել ՀՀ և ԱՀ միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և ԱՀ և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի տասնմեկերորդ հանդիպումը: Կողմերը համաձայնության են եկել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքներն սկսել հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև ՀՀ և ԱՀ սահմանը ԻԻՀ հետ: Որպեսզի հանրության համար առավել հասկանալի լինի, թե ո՛ր հատվածների մասին է խոսքը, կխնդրեմ առավել պարզ ու հստակ ասեք՝ ո՞ր տարածքների մասին է խոսքը:
– Սա ենթադրում է, որ սահմանազատումը սկսվելու է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանների հատման կետից: Այս պահի դրությամբ՝ Վրաստանի սահմանի մասին խոսք չկա, ու ընթանալու է մինչև Հայաստան-Իրան-Ադրբեջան սահմանների հատման կետը: Ըստ այդմ ստացվում է, որ սահմանազատվելու է ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանների մի հատվածը, քանի որ այս պահին չի խոսվում Հայաստանի ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև սահմանի սահմանազատման վերաբերյալ:
Այս հաղորդագրությունը մի շարք հարցեր է առաջացնում. նախ՝ ինչո՞ւ է որոշվել հենց սկսել հյուսիսային հատվածից, այսինքն՝ հայ-վրացական սահմանի հատման կետից, քանի որ գիտենք, որ գոնե այդ հատման կետից մինչև գրեթե Սոթք ընկած հատվածը 90-ականներից սկսած մեծ մասամբ փոփոխություններ չի կրել՝ բացառությամբ Տավուշի հատվածի մի քանի գյուղերի, այսպես կոչված սահմանազատման անցած տարվա փորձը, ինչպես դա անվանվեց պաշտոնապես:
Մասնագիտական տեսանկյունից ավելի նպատակահարմար կլիներ սահմանազատումը շարունակել կա՛մ Սյունիքի, կա՛մ Ջերմուկի հատվածներից, որն առավել խնդրահարույց է այսօր, կամ թեկուզ Սոթք-Վարդենիս հատվածում: Ինչո՞ւ եմ ասում այս հատվածներից, որովհետև հայկական ու ադրբեջանական կողմերի միջև առկա է անվստահության մթնոլորտ, ու մենք տեսնում ենք, որ, ըստ էության, նախորդ տարվա քայլերով հայկական կողմն ապացուցեց, որ ինքը ցանկանում է գնալ սահմանազատման ու խաղաղության, բայց ադրբեջական կողմի հռետորաբանությունը լրիվ այլ բանի մասին է խոսում:
Հիմք ընդունելով սա՝ ես կարծում եմ, որ ցանկալի կլիներ սահմանազատումը սկսել հայկական կողմի համար առավել «ցավոտ» հատվածներից՝ Ջերմուկ, Սոթք-Խոզնավար, Իշխանասար, Ներքին Հանդի հատվածը, այսինքն՝ ավելի շատ հարավային սահմանի հատվածները:
– Այսինքն՝ ձեռք բերված այս պայմանավորվածությունը չի՞ ենթադրում, որ այս փուլում ադրբեջանական զորքը դուրս կգա ՀՀ սուվերեն տարածքից, որտեղ այս պահին գտնվում է:
– Սահմանազատումն ինքնին ենթադրում է, որ եթե կողմերը համաձայնության են գալիս սահմանի ծրագծի վերաբերյալ, ապա ծրագծի մի կողմում պետք է լինի հայկական զորքը, մյուսում՝ ադրբեջանական: Եթե տվյալ հատվածի վերաբերյալ կողմերը համաձայնության գան, ապա այն հատվածները, որոնք պետք է վերադարձվեն Հայաստանին, կվերադարձվեն, բայց այստեղ խնդիրն այն է, որ մենք տեսանք նախորդ տարի, որ երբ սահմանազատվում էր Կիրանցի հատվածը, Ոսկեպարի հատվածում ու Բերքաբերի ջրամբարի հատվածում երկու խոշոր կտորներ բաց թողնվեցին, չսահմանազատվեցին այն հիմնավորմամբ, թե կողմերը համաձայնության չեն եկել ու դա թողել են հետոյի:
Չի բացառվում, որ նմանատիպ դեպքեր լինելու են սահմանի մյուս հատվածներում, այստեղ կարևոր է հասկանալ, թե որքա՛ն շատ են լինելու այդ հատվածները, որտեղ կողմերը համաձայնության չեն գա ու լուծումը կթողնեն հետոյի, քանի որ այս գործընթացի մեկնարկը չի ենթադրում, որ կողմերը ամբողջ սահմանագծի վերաբերյալ պայմանավորվել են, թե ինչպես է դա անցնելու, տեղում համաձայնության են գալու:
Մյուս հարցին, որ չի պատասխանում այս հաղորդագրությունը՝ «անկլավների» հարցն է, արդյոք դրանց անդրադարձ լինելո՞ւ է, թե՞ ոչ, քանի որ գիտենք, որ մինչ օրս չկա իրավական հիմք «անկլավների» վերաբերյալ: Մենք ունենք արխիվային փաստաթղթեր, որոնցով ցույց է տրվում, որ Արծվաշենը եղել է Հայաստանի մաս, հետո անհասկանալի պայմաններով բաժանվել է Հայաստանից, սակայն չկա որևէ իրավական փաստաթուղթ, որոնք կապացուցեն կամ կհիմնավորեն ադրբեջանական երեք «անկլավների» գոյացումը:
– Հաշվի առնելով արդեն եղած փաստերը ու նաև ձեր ասածը, որ սահմանազատումը չի շարունակվում Հայաստանի համար «ցավոտ» տեղերից, կարո՞ղ ենք ասել, որ Ադրբեջանը իր ցանկալի հատվածներում գործընթացը կանի, իսկ այն վայրերից, որտեղից պետք է դուրս գա, հրաժարվի գործընթացը շարունակելուց:
– Ռիսկերը, որ Ադրբեջանը ինչ-որ մի պահի կարող է դադարեցնել սահմանազատման գործընթացը, միշտ կան, որովհետև ադրբեջանական կողմի նկատմամբ անվստահություն կա: Խաղաղության հասնելու համար գործնական որևէ քայլ Ադրբեջանի կողմից մենք չենք տեսել, ավելին՝ հռետորաբանությունը չի փոխվել: Այստեղ կարևոր է հասկանալ, թե մենք ինչո՛վ ենք հակազդելու դրան:
– Տավուշից շարունակվող սահմանազատման գործընթացը մեզ համար ռիսկեր պարունակելո՞ւ է, պարո՛ն Շահինյան:
– Եթե սահմանազատումը հասնի Ոսկեպարի հատվածին՝ ռիսկի տակ է հայտնվելու Մ16 միջպետական մայրուղին, եթե գնան այն ճանապարհով, ինչ արեցին Կիրանցի հատվածում, ապա այդ ճանապարհը դուրս է մնալու Հայաստանի վերահսկողությունից, ու ստիպված պետք է դրան այլընտրանք կառուցվի:
Մնացած մասերը, եթե Տավուշի հատվածն ենք կոնկրետ նայում, այնտեղ կան որոշակի հատվածներ, որոնք կա՛մ վերահսկվում են Ադրբեջանի կողմից, կամ գտնվում են նրանց ուղիղ կրակի տակ՝ հենց Բարեկամավանի, Կոթիի, Պառավաքարի, Այգեպարի հատվածներում: Այստեղ կան գյուղատնտեսական հողեր, որոնք գտնվում են հենց ադրբեջանական ուղիղ կրակի տակ, ու սահմանազատման գործընթացը կարող է լուծել այդ խնդիրը, եթե Ադրբեջանի հետ համապատասխան որոշում ձեռք բերվի:
Այդ հատվածում նաև կան ադրբեջանական որոշակի տարածքներ, որոնք եթե սահմանազատվեն հենց Կիրանցում կիրառված սկզբունքով, ապա Ադրբեջանը որոշակի հարցեր է ունենալու՝ որոշ շինություններ պետք է հանձնվեն հայկական կողմին:
– Կպահպանվի՞ այդ սկզբունքը:
– Սահմանազատման վերաբերյալ եղած կանոնակարգը հստակ սկզբունքներ չի նշում, որովհետև փոխանակության մասին այնտեղ խոսք չկա, դա թողնված է համաձայնությանը, իսկ եթե համաձայնության չգան ու առաջնորդվեն միայն քարտեզներով ու արխիվային նյութերով, ապա կստացվի այն, ինչ եղավ Կիրանցում, երբ գյուղի համար կարևորություն ունեցող կամուրջն անցավ ադրբեջանական վերահսկողությանը:
Ես վստահ չեմ, որ ադրբեջանական հանձնվելիք տարածքները կհանձնվեն, որովհետև այն, ինչ տեսանք նախորդ տարի Կիրանցում, որ ադրբեջանական ոչ մի տուն, հողամաս նեղություն չկրեց, ու այս ամենից ելնելով՝ չունենք հիմք ու վստահություն, որ Ադրբեջանը գնալու է ինչ-որ հստակ սկզբունքով:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am