Մաս 5
Հատկապես դաժան վերաբերմունք էր ցուցաբերվում այն երիտասարդների նկատմամբ, որ Ղարաբաղյան շարժման առաջին շրջանի հովերով տարված՝ խորհրդային անձնագրի առաջին՝ ադրբեջաներեն էջը պոկել էին, թողել միայն ռուսերեն տարբերակը: Դա որակվում էր «անարգանք Ադրբեջանի եւ ադրբեջանական ժողովրդի նկատմամբ»:
Վահրամ Աթանեսյան
1991թ. հուլիսի 3-7-ին Լեռնային Ղարաբաղի տասնյակ հայկական բնակավայրերում անցկացվեց «անձնագրային ռեժիմի ստուգում»: Ամենուր այն իրականացվում էր նույն սցենարով. վաղ լուսաբացին բնակավայրը շրջափակվում էր խորհրդային զորքերի զրահատեխնիկայով, ելումուտը դադարեցվում էր, ապա տեղ էին հասնում զինվորականները, այնուհետեւ՝ Ադրբեջանի ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատայինները: Խորհրդային զինվորականության ներկայացուցիչները բարձրախոսով բնակչությանը կոչ էին անում մնալ տներում, նախապատրաստել անձը հաստատող փաստաթղթերը, զգուշացնում, որ փախուստը կդիտվի որպես դիմադրության փորձ եւ կարժանանա համարժեք արձագանքի:
Այդ օրերին «անձնագրային ռեժիմը խախտելու» պատրվակով ձերբակալվեցին հարյուրավոր հայ տղամարդիկ: Ռուս զինվորականները եւ Ադրբեջանի ՆԳՆ հատուկ ջոկատայիններն «անձնագրային ռեժիմի խախտում» էին որակում փաստաթղթային ցանկացած թերություն: Հատկապես դաժան վերաբերմունք էր ցուցաբերվում այն երիտասարդների նկատմամբ, որ ղարաբաղյան Շարժման առաջին շրջանի հովերով տարված՝ խորհրդային անձնագրի առաջին՝ ադրբեջաներեն էջը պոկել էին, թողել միայն ռուսերեն տարբերակը: Դա որակվում էր «անարգանք Ադրբեջանի եւ ադրբեջանական ժողովրդի նկատմամբ»: Ոչ պակաս դաժան էր նաեւ այն անձանց նկատմամբ վերաբերմունքը, ովքեր ուսման կամ աշխատանքի բերումով մի քանի տարի ապրել էին Հայաստանում եւ անձնագրում ունեին այդ մասին համապատասխան նշումներ: Նրանք տեղում որակվում էին «Հայաստանից Ադրբեջանի տարածք գործուղված գրոհայիններ»:
Ծայրահեղ ծանր էր Ստեփանակերտում ապրող՝ Շարժման առաջին հանրահավաքների կազմակերպիչների եւ մասնակիցների վիճակը: Այդ օրերին պարզվեց, որ զանգվածային միջոցառումները ՊԱԿ-ի մարզային վարչության եւ Բաքվից գործուղված աշխատակիցների կողմից ամենավերջին մանրամասնություններով տեսագրվել եւ լուսանկարվել են: Շարժման հայտնի դեմքերը հարկադրված էին ամեն օր փոխել գիշերակացի վայրը, չներկայանալ աշխատանքի, տնից դուրս չգալ, մի խոսքով՝ ապրել ընդհատակային կյանքով: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ շատերն ստիպված էին Ստեփանակերտից տեղափոխվել ծայրամասային գյուղեր:
Ընդհատակի հետ կապված առաջին կամավորական ջոկատների մասնակիցներն այդ ամիսներին ճամբարներ էին ստեղծել լեռներում եւ անտառներում: Նրանց սննդի եւ այլ կարիքները հոգում էին մերձակա գյուղերի վստահելի մարդիկ: «Կոլցո» ռազմագործողությունը բացի ֆիզիկական բռնություններից, հետապնդում էր նաեւ մարզի հայ բնակչության շրջանում ներքին տարաձայնություններ եւ հակասություններ սադրելու նպատակ: ՊԱԿ-ի գործակալները լուրեր էին տարածում, որ Շարժման առաջնորդները «համագործակցում են Պոլյանիչկոյի եւ Սաֆոնովի հետ, իսկ շարքային մարդկանց մատնում դժվարությունների եւ փորձանքների»:
Կասկածամտությունը տարածվում էր արագորեն: Դրան նպաստում էր նաեւ սոցիալական ծանր վիճակը: Խորհրդային զինվորականությունը հայ բնակչությանն առաջարկում էր անհրաժեշտ մթերքներ հասցնել Ադրբեջանից: Կարիքից դրդված՝ որոշ մարդիկ ընդունում էին այդ առաջարկությունը, վճարում եռապատիկ եւ միաժամանակ արժանանում հանրային պարսավանքի: Հյուծիչ խոսակցությունների կենտրոնը, բնականաբար, Ստեփանակերտն էր, որտեղ առանձնակի քննարկման թեմա էր, թե ով է կարողացել ընտանիքը տեղափոխել Հայաստան: Երեւան-Ստեփանակերտ չվերթի տոմս ձեռք բերելու եւ անվտանգ օդանավ նստելու համար, ինչպես իրազեկ մարդիկ էին վկայում, խորհրդային զինվորականները պահանջում էին խոշոր գումարներ: Այդ կասկածամտությունը, շարունակվող բռնությունները, Մոսկվայի կատարյալ լռությունը չէին կարող քաղաքական հետեւանքներ չունենալ:
Գրեթե էքզիստենցիալ այդ իրավիճակում հուլիսի հուլիսի 19-ին Ստեփանակերտում գումարվում է մարզխորհրդի նիստ: Այն անցկացնելու թույլտվություն տվել էր արտակարգ դրության շրջանի զինվորական պարետությունը՝ նախապես Մոսկվայից ստացած հրահանգով: Մարզխորհրդի այդ նիստը հայտնի է «առճակատումից՝ համագործակցության անցնելու» կարգախոսով: Որոշում է ընդունվում Բաքու՝ Ադրբեջանի ղեկավարության հետ բանակցությունների համար պատվիրակություն կազմավորելու մասին:
(Շարունակելի)