Հայաստանը փաստորեն իրականացնում է վեկտորի փոփոխության քաղաքականություն, ինչը Հայաստանը զարգացնելու և պետությունը փրկելու միակ ճանապարհն էր։
Ռոբերտ Ղևոնդյան
Ռուսաստանի, այլ նաև մյուս ուժային կենտրոնների հետաքրքրության գլխավոր շարժառիթը «Զանգեզուրի միջանցքն» է. Ռոբերտ Ղևոնդյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը
– Պարո՛ն Ղևոնդյան, Ռուսաստանի ու Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից ու հայտարարությունից դատելով՝ ի՞նչ հետևություններ կարելի է անել, ինչպե՞ս եք գնահատում հանդիպումը:
– Առաջին տպավորությունն այն է, որ Հայաստանը սովորել է խոսել այն մասին, ինչը հետաքրքրում է իրեն, նախկինում Ռուսաստանը խոսում էր իրեն հետաքրքրող թեմաների մասին, և Հայաստանի տարբեր իշխանությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ այս իշխանության, փորձում էին այդ համատեքստում իրենց խոսքը կառուցել: Այս անգամ այդպես չէր, Ռուսաստանը խոսում էր իրեն հետաքրքրող թեմաների մասին, Հայաստանն էլ՝ իրեն հուզող հարցերի, այսինքն՝ կարելի է ասել, որ սա նման էր երկու հավասարարժեք գործընկերների խոսակցության ու ոչ թե տիրոջ ու ծառայողի փոխհարաբերությունների, ինչպես նախկինում էինք տեսնում:
– Սյունիքի մարզի վերաբերյալ եղավ արձանագրում, խոսվեց այնտեղ Ռուսաստանի հյուպատոսություն բացելու մասին, Ռուսաստանի հետաքրքրվածությունը Սյունիքով ինչո՞վ եք բացատրում, եթե նաև նկատի ունենանք «Զանգեզուրի միջանցքի» թեման:
– Սյունիքով Ռուսաստանի ու ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև մյուս ուժային կենտրոնների հետաքրքրության գլխավոր շարժառիթը «Զանգեզուրի միջանցքն» է, որը ցանկացած կարգավիճակով՝ կլինի Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի՞ վերահսկողությամբ, թե՞ ինչ-որ մասնավոր ընկերության վերահսկողությամբ, դառնում է միջին միջանցքի մաս, այսինքն՝ սա շատ յուղոտ պատառ է, ու դրա համար շատ լուրջ հետաքրքրվածություն կա բոլոր ուժային կենտրոններից:
Զարմանալի չէ նաև, որ և՛ Ֆրանսիան, և՛ Իրանը , և՛ Ռուսաստանը ցանկանում են Սյունիքում հյուպատոսություն ունենալ, ցանկանում են իրենց ներկայությունն ընդլայնել Սյունիքում, որովհետև Սյունիքը հեռանկարային ուղղություն է: Եթե միջին միջանցքը իրականություն դառնա, ու թե՛ Չինաստանը, թե՛ ԱՄՆ-ն հետաքրքրված են, զարմանալի է, բայց այս հարցում երկու գերտերություններն էլ հետաքրքրված են, որ այդ միջանցքը իրականություն դառնա ու անցնի մեր տարածաշրջանով, ապա ժամանակի ընթացքում այդ միջանցքը կամ, մեր ընկալմամբ՝ ճանապարհը իր ենթակառուցվածքներով, իր ընդլայնվելու հնարավորություններով կարող է դառնալ շատ կարևոր տնտեսական հանգույց, ու այդտեղ ներկայություն ունեցողները, բնականաբար, շատ իրական, տնտեսական, ֆինանսական շահեր կկարողանան իրականացնել: Հենց սա է Ռուսաստանի հիմնական շահագրգռվածությունը:
– Պարո՛ն Ղևոնդյան, Հայաստանին ի՞նչ է տալու ռուսական հյուպատոսության բացումը, եթե այն իրականություն դառնա:
– Չեմ կարծում, թե դա Հայաստանին որևէ բան է տալու, դա բացառապես Ռուսաստանի շահերը հետապնդող գործողություն է լինելու: Հուսանք, որ Հայաստանը չի համաձայնի դրան, առավելևս, որ Ռուսաստանը ձգտում է ոչ միայն հյուպատոսություն, այլ նաև վերահսկողություն ունենալ այդ ճանապարհի նկատմամբ: Իհարկե, այդ հյուպատոսությունը ինչ-որ չափով կնպաստի Ռուսաստանի նպատակին՝ հասնելու ճանապարհին, ինչը որևէ դեպքում չի կարելի թույլ տալ, որովհետև չեմ կարծում, թե Հայաստանում լուրջ մարդիկ ցանկանում են, որ Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ ռուսական վերահսկողություն լինի:
– Ձեր գնահատմամբ՝ կա՞ հիմա ճգնաժամ հայ-ռուսական հարաբերություններում:
– Իհարկե կա, ու դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանը փորձում է կախված չլինել Ռուսաստանից, փոխել հարաբերությունների բնույթը: Բնական է, որ դա Ռուսաստանի համար ցանկալի չէ, ու նա փորձում է հնարավորինս ավելի շատ Հայաստանին պահել փոխհարաբերությունների ցածր մակարդակում, Հայաստանն էլ, հակառակը՝ փորձում է ավելի շատ բարձրացնել իր կարգավիճակը ու դուրս գալ այդ վասալային կախվածությունից, ինչն առանց ճգնաժամի պատկերացնել հնարավոր չէ:
– Մենք կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը բալանսավորված է, ինչպես վերջերս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
– Իհարկե ոչ, Նիկոլ Փաշինյանը քաղաքական հայտարարություններ է անում: Բալանսավորված քաղաքականություն վարելը միայն հայտարարելով չէ, իրականում Հայաստանն ակնհայտորեն փոխում է արտաքին վեկտորը և ճիշտ է անում, որովհետև այլ կերպ այլևս հնարավոր չէր: Իսկ հայտարարությունները ընդամենը նպատակ ունեն այդ գործընթացից ուշադրությունը շեղելու, թեև չեմ կարծում, որ դա ծառայում է իր նպատակին: Նկատի ունեմ, որ որևէ մեկի ուշադրությունը չի շեղվում Հայաստանի վարած քաղաքականությունից՝ անկախ նրանից, թե ինչ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Խնդիրն այն է, որ Հայաստանը փաստորեն իրականացնում է վեկտորի փոփոխության քաղաքականություն, ինչը Հայաստանը զարգացնելու և պետությունը փրկելու միակ ճանապարհն էր, այսինքն՝ Հայաստանը իր գլխավոր գերակայությունները տեղափոխում է Ռուսաստանից դեպի Արևմուտք: Իհարկե դա չի նշանակում, թե Ռուսաստանի հետ հարաբերություններում կամուրջներ են այրվելու, Հայաստանը շարունակելու է Ռուսաստանի հետ աշխատանքները, բայց գլխավոր կետերը լինելու են Արևմուտքում, գոնե առաջիկա ժամանակաշրջանում:
– Պարո՛ն Ղևոնդյան, Արարատ Միրզոյանը, անդրադառնալով ԵՄ-ին անդամակցությանը, նշել է, որ դա հասարակական նախաձեռնություն է, իսկ հետոն ցույց կտա հանրաքվեն: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ արտգործնախարարը խուսափել է այդ հարցի վերաբերյալ քաղաքական հստակ դիրքորոշում հայտնելուց: