Արցախ

«Գաղտնիք Ղարաբաղի»

Մաս 10

Ըստ երեւույթին, պետական կառավարումից նրա օտարումը միայն մի հիմնավորում ուներ. Լեոնարդ Պետրոսյանը գլխավորել է հուլիսի 19-ին Բաքու մեկնած եւ Ադրբեջանի իշխանությունների հետ հանդիպումներ ունեցած պատվիրակությունը:

Վահրամ Աթանեսյան

1991թ. դեկտեմբերի 28-ին նշանակված էին առաջին գումարման ԼՂՀ Գերագույն խորհրդի ընտրություններ: Ադրբեջանի Գերագույն խորհուրդը նոյեմբերի 25 –ին ընդունել էր ԼՂԻՄ-ը լուծարելու մասին որոշում: Երեք օր անց՝ նոյեմբերի 28-ին Խորհրդային Միության Սահմանադրական հսկողության կոմիտեն Հայաստանի Հանրապետության պաշտոնական հայցի հիման վրա քննության է առել ԼՂԻՄ-ը լուծարելու մասին Ադրբեջանի ԳԽ որոշման՝ ԽՍՀՄ սահմանադրությանը համապատասխանության հարցը եւ որոշել, որ այն «չի համապատասխանում ԽՍՀՄ սահմանադրությանը»:

Այդ վճիռը ոչ միայն իրավական, այլեւ քաղաքական լուրջ կռվան էր, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը, այնուհետեւ անկախության հանրաքվեի անցկացումը տրամաբանական շարունակություն ունենան եւ հասնեն իշխանության բարձրագույն եւ տեղական կառավարման մարմինների ձեւավորման վճռորոշ հանգրվանի:

Չունենալով ոչ օրենսդրական հիմք, ոչ այդ մակարդակի ընտրություններ անցկացնելու ավանդույթ, ընդունվել է «Գերագույն խորհրդի ընտրությունների ժամանակավոր կանոնակարգ»: Այն նախկին ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի տարածքում ձեւավորել է 91 մեծամասնական ընտրատարածք: Պատգամավորի թեկնածուներ առաջադրելու իրավասություն ունեին հիմնարկ-ձեռնարկությունները, բնակչության ներկայացուցիչների ժողովները: Կանոնակարգը նախատեսում էր նաեւ ինքնաառաջադրում: Թեկնածու գրանցվելու համար հարկ էր ներկայացնել ստորագրահավաքի լրացված թերթիկներ:
Ընտրություններն անցկացվեցին երկու փուլով, քանի որ դեկտեմբերի 28-ի քվեարկության արդյունքներով ոչ բոլոր ընտրատարածքներում էին պատգամավորներ ընտրվել: Առաջին գումարման Գերագույն խորհրդի ընտրություններում պատգամավորության բոլոր թեկնածուները նախընտրական քարոզչություն են իրականացրել իրենց անունից:

Քվեարկության առաջին փուլից հետո, սակայն, հայտնի դարձավ, որ ընտրված պատգամավորների մի շատ զգալի մասը ներկայացնում է Հայ հեղափոխական դաշնակցությունը: Ի՞նչ մեխանիզմներ է գործի դրել ՀՅԴ-ն՝ գնահատականները տրամագծորեն ներհակ են:
Փաստ է, որ այդ փուլից Լեռնային Ղարաբաղում բացահայտվել է քաղաքական երկու ուղղություն. մի թեւը հանդես է եկել որպես Հայաստանի գործող իշխանության համակիր, մյուսն՝ ընդդիմադիր:

Այլ իրավիճակում գաղափարա-քաղաքական այդ բեւեռացումը ոչ միայն բնական, օրինաչափ, այլեւ օգտակար կլիներ: Բայց շրջափակված եւ արդեն պատերազմի մեջ գտնվող Ստեփանակերտում իշխանության համար բացահայտ եւ կուլիսային պայքարը բացարձակապես ժողովրդի շահերից չէր բխում:

ԼՂՀ պետականության կայացման պատմության գաղտնիքներից մեկն էլ այն է, թե ինչու՞, ի՞նչ անհրաժեշտությամբ էր պայմանավորված նախընթաց մի քանի ամիսներին մարզգործկոմի նախագահի պարտականությունները բավական հաջող կատարած Լեոնարդ Պետրոսյանի քաղաքական օտարումը:

Իրերի դրությունից եւ քաղաքական տրամաբանությունից ելնելով՝ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնը պետք է զբաղեցներ նա: Լեոնարդ Պետրոսյանի նախագահությամբ է անցել մարզխորհրդի եւ Շահումյանի շրջախորհրդի համատեղ նստաշրջանը, որ հռչակել է Լեռնային Ղարաբաղի հանրապետություն: Նրա անմիջական ղեկավարությամբ է կազմակերպվել անկախության հարցով դեկտեմբերի 10-ի հանրաքվեն:

Ավելին, Լեոնարդ Պետրոսյանն է սեպտեմբերին ընդունել Ստեանակերտ ժամանած՝ Ռուսաստանի եւ Ղազախստանի նախագահներ Բորիս Ելցինին եւ Նուրսուլթան Նազարբաեւին: Ըստ երեւույթին, պետական կառավարումից նրա օտարումը միայն մի հիմնավորում ուներ. Լեոնարդ Պետրոսյանը գլխավորել է հուլիսի 19-ին Բաքու մեկնած եւ Ադրբեջանի իշխանությունների հետ հանդիպումներ ունեցած պատվիրակությունը:
Զուտ զգացմունքային առումով նրա նկատմամբ վերապահ վերաբերմունքը կարելի է հասկանալ: Բայց որտեղ իշխում է հույզը կամ նախապաշարումը, քաղաքականությունը դադարում է:

ՀՅԴ-ն 1991թ. աշնանը, երբ խորհրդային պատժիչ մարմինները Ստեփանակերտում գրեթե դադարել էին գործելուց, խնդիր է դրել ձեւավորել այնպիսի քաղաքական միջավայր, որ թույլ կտար ԼՂՀ-ում իշխանության բերել Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին ընդդիմադիր ուժ: Եւ այդ նպատակին հասել է: Բայց որքանո՞վ էր դա արդարացված:

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *