Հայաստան

Ցեղասպանությունը Որպես Քաղաքական Մտրակ

1920թ․ ռուսներն ու թուրքերը միմյանց մեջ կիսեցին Հայաստանը(խոշոր հաշվով Անդրկովկասը), իսկ 1921թ․ նախ Մոսկվայում, իսկ հետո Կարսում կնքեցին եղբայրության ու բարեկամության մասին պայմանագիրը։ Թուրքերի բարեկամությունը բոլշևիկներին խիստ անհրաժեշտ էր տարածաշրջանում չմեկուսանալու և Անտանի դեմ պայքարելու համար, ուստի հայերի Ցեղասպանությունը շատ արագ մի կողմ դրվեց․ Մոսկվայի համար Անկարայի բարեկամությունը շատ ավելի թանկ էր։

Մեր Ուղին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ցյուրիխում հայ համայնքի հետ հանդիման ժամանակ Ցեղասպանության մասին խոսքերը զայրացնող հետևանքներ է թողել։ Շատերը վարչապետին մեղադրել են Ցեղասպանությունը կասկածի տակ դնելու համար։ ՀՀ վարչապետի խոսքերից այն է հետևում, որ 30-ականներին ԽՍՀՄ-ում արգելված էր Ցեղասպանության մասին խոսելը, բայց դրանից հետո անցավ որոշ ժամանակ ու ԽՍՀՄ-ը թույլատրեց հայերին արտասանել Ցեղասպանություն բառը, նույնիսկ հուշահամալիր կառուցվեց և այլն։ Վարչապետը նաև ասել է, որ մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել և ինչու։ Շատերն այս ամենը համարել են նահանջ Ցեղասպանության ճանաչման փաստից։
Ընդհանուր առմամբ պետք է նշել, որ Ցեղսպանությունը տեղի է ունեցել, անկախ նրանից, թե ինչ որ մեկը կձգտի հերքել այն, թե ոչ։ Բոլորը գիտեն, որ դա տեղի է ունեցել։ Նույնիսկ թուրքերը, որ ամեն կերպ ձգտում են հերքել, գիտեն, որ Ցեղսպանություն տեղի է ունեցել։ Գուցե մեզնից էլ լավ գիտեն ու շատ ավելի մանրամասն, քանի որ Ցեղասպանությունն իրենց ձեռքերով է կատարվել։
Գալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը խոսել է ԽՍՀՄ-ում Ցեղսպանության մասին խոսելու ու այդ հարցը բարձրաձայնելու երևույթի մեկնաբանման ու հասկացման կարևորության մասին, հարկավոր է նշել, որ դա ինչ որ անսովոր կամ զարմանալի հարց չէ։ Անհասկանալի է, թե ինչու է վարչապեը որոշել Ցյուրիխում հայ համայնքի հետ խոսել հենց նման թեմայով և նման տեսանկյունից, բայց քանի որ դա տեղի ունեցած երևույթ է, մենք կփորձենք որոշակի պարզաբանում տալ ԽՍՀՄ-ում՝ Հայոց Ցեղսպանության թեմայի վերաբերմունքի մասին։
ԽՍՀՄ-ում իրոք, որ 30-ականներին արգելված էր խոսել 1915-ի մասին։ Արգելված էր գրեթե մահվան սպառնալիքով։ Նա, ով կհամարձակվեր նման թեմա բարձրացներ՝ կաքսորվեր կամ կգնդակահարվեր ազգայնամոլության, ժողովուրդների միջև թշնամության հրահրման և ժողովուրդների եղբայրության միջև սեպ խրելու մեղադրանքով։ ԽՍՀՄ-ում շատ և շատ մարդիկ են նման մեղադրանքոներով սպանվել։ Օրինակ Ակսել Բակունցի «Ծիրանի փողը» պատմվածքը դարձավ գրողին մեղադրելու հանդուգն նացիոնալիզմի և շովինիզմի մեջ, որը սեպ է խրում խորհրդա-թուրքական եղբայրության մեջ։ Ու նման դեպքերը հատկապես 30-ականներին, որ մարդուն մեղադրեն ազգայնամոլության մեջ ու սպանեն, տասնյակ հազարավոր են։
Բայց ո՞րն էր խնդիրը ու ինչու էր ԽՍՀՄ-ում Հայոց Ցեղասպանությունը արգելված թեմա։ Բանը նրանումն է, որ դեռևս 1918-20 թթ․ թուրքերն ու բոլշևիկյան Ռուսաստանը բավական սերտ շփումներ ունեին, իսկ քեմալականների ու բոլշևիկների հարաբերությունները հատկապես 1919թ․ այն աստիճան մտերիմ էին, որ Լենինը գումար և զենք էր ուղարկում Մուստաֆա Քեմալին։ Հայաստանի Հանրապետության վրա թուրքերի հարձակումը ևս բոլշևիկյան Ռուսաստանի հետ համաձայնեցված էր։ 1920թ․ ռուսներն ու թուրքերը միմյանց մեջ կիսեցին Հայաստանը(խոշոր հաշվով Անդրկովկասը), իսկ 1921թ․ նախ Մոսկվայում, իսկ հետո Կարսում կնքեցին եղբայրության ու բարեկամության մասին պայմանագիրը։ Թուրքերի բարեկամությունը բոլշևիկներին խիստ անհրաժեշտ էր տարածաշրջանում չմեկուսանալու և Անտանի դեմ պայքարելու համար, ուստի հայերի Ցեղասպանությունը շատ արագ մի կողմ դրվեց․ Մոսկվայի համար Անկարայի բարեկամությունը շատ ավելի թանկ էր։ Խորհրդա-թուրքական հարաբերությունները սկսեցին վատանալ այն դեպքերից հետո, երբ Թուրքիան դաշինք կնքեց նացիստական Գերմանիայի հետ և պատրաստվում էր հարձակվել ԽՍՀՄ-ի վրա, ավելի կոնկրետ Հայաստան վրա, այնտեղից Բաքու շարժվելու նպատակով(թեև կա նաև հակառակ կարծիքը, որ գերմանական «Գերտրուդա» օպերացիան նախատեսված էր գերմանացիների՝ Թուրքիայի վրա հարձակվելու համար, քանի որ Հիտլերը թույլ չէր տա Բաքվի նավթը բաժին հասներ քեմալականներին)։ Փաստն այն է, որ խորհրդա-թուրքական հարաբերությունները անշեղորեն վատանում էին։ Ստալինը նույնիսկ երկու անգամ փորձեց ռազմական միջամտություն իրականացնել ու վերցնել Արևմտյան Հայաստանի որոշ տարածքներ։ Շատ պատճառներով այդ ամենը իրականություն չդարձավ։ Թուրքիան սկսեց լրջորեն անհանգստանալ։ Նա ի վիճակի չէր միայնակ դիմագրավել Խորհրդային բանակին, եթե հարձակում լիներ։ Թուրքիան շարժվեց Արևմուտք։ Այնտեղ արագ մոռացան փոխադարձ մեղադրանքները ու 1952թ․ Թուրքիան մտավ ՆԱՏՕ և ողջ սառը պատերազմի ընթացքում հարում էր Արևմուտքին։ ԽՍՀՄ-ում այս քայլը գնահատվեց որպես «դավաճանություն» և կրկին վեր բարձրացավ Հայոց Ցեղասպանության հարցը։ Մոսկային արդեն ձեռնտու էր այն շահարկելը և հայերին հնարավորություն տվեցին ավելի քան կես դար հետո խոսել Ցեղասպանության մասին, հուշահամալիր կառուցել, նշել 1915-ի կոտորածներին զոհ գնացած մարդկանց հիշատակը։ Սա է Ցեղասպանության «խորհրդային ոդիսականը»։ Լավ է, թե վատ, դա է։ Ընդհանրապես հայերի հարցերը միշտ էլ եղել են դիվանագիտական առուծախի առարկա։ Հայերի հարցը միշտ էլ շահարկել են Ռուսաստանն ու Արևմուտքը՝ սկսած 1878թ․ Սան Ստեֆանոյի պայմանագրից ու Բեռլինի կոնգրեսից։ Իրավական առումով ստեղծելով «Հայկական հարցը», Ռուսաստանն ու Արևմուտքը այն թանկ գնով վերավաճառում էին հայերին ու թուրքերի հետ պայմանավորվում ըստ պահանջի։ Դա նորություն չէ։ Խոշոր պետությունները միշտ էլ ավելի փոքր ազգերի հարցերը դարձրել են առուծախի առարկա։ Ոչ միայն հայերինը։
Գալով նրան, որ ռուսների անունը շատ ավելի շատ է հոլովվում հայերին «գցելու», հայերի վստահությունը չարաշահելուն, ինչ որ զարմանալի բան չէ։ Ռուսները դա արել են անըդհատ ու անընդմեջ, ոչ թե այն պատճառով, որ նրանք եվրոպացիներից ավելի վատն են, այլ ռուսական ազդեցությունը տարածաշրջանում եղել է հսկայական համեմատ եվրոպացիների։ Ռուսները հայերին շահագրգռել ու խաբել են դեռ Պետրոս 1-ից սկսած, ընդհուպ մինչև կայսրության կործանումը, երբ 1914թ․ համաշխարհայինի ժամանակ հայերին ինքնավարություն էին խոստացել Արևմտյան Հայաստանում, բայց Անգլիայի ու Ֆրանսիայի հետ գաղտնի համաձայնություն էին կնքել, թե Օսմանյան կայսրության որ տարածքը ում է հասնելու։ Այնպես չէ, որ Անգլիան ու Ֆրանսիան չգիտեին հայոց Ցեղասպանության մասին, բայց նրանք ևս դեմ չէին հայերի արյունը շահարկելու ու դա վաճառելուց։ Այդպես են արել բոլորը ու Հայոց Ցեղասպանության վերաբերյալ հետագա գրականության մեծ մասը ստեղծված է ռուսական ու արևմտյան քաղաքական մոտիվներով՝ իրենց իսկ շահերին համապատասխան։
Փոքր ինչ անհասկանալի է մնում այն, թե վարչապետ Փաշինյանը ինչու է հենց ԽՍՀՄ-ում տեղի ունեցած դեպքերից խոսել Ցյուրիխում։ Արդյո՞ք դա ներկայիս հայ-ռուսական ոչ այնքան բարենպաստ հարաբերությունների ու Հայաստանի «Եվրոպակականացման» ընթացքից է, թե՞ Փաշինյանը համարել է, որ այդ հարցի բարձրացումը էական նշանակություն ունի Ցեղասպանության հասկացման ու ավելի պարզ ըմբռնելու համար։ Բայց Փաշինյանը լավ կանի ավելի պարզորոշ խոսելու և ավելի հստակ նախադասություններ արտաբերելու, որ դրանից եհոտ իր քաղաքական թիմը չզբաղի դրանք հերքելով կամ պարզաբանելով։
Առաջին անգամը չէ, որ վարչապետ Փաշինյանը խոսում է ոչ միանշանակ, երբեմն անհասկանալի ձևաչափով ու տեղիք է տալիս խիստ քննադատության։ Մյուս կողմից էլ նկատելի է Հայաստանի քաղաքական ընդդիմության այն կեցվածքը, որ նրանք սպասում են Փաշինյանի որևէ խոսքի, որից կկարողանան կառչել ու Ռուսաստանին պաշտպանելով՝ «պաշտպանել» նաև ազգային հարցերը։
Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս հայաստանյան ներքին քաղաքական կյանքի ողջ անհեթեթությունը, չկայացվածությունը։ Նաև ցույց է տալիս, որ որպես հասասարակություն, մենք դեռևս ի վիճակի չենք որևէ հարցի քննարկում անել՝ առանց այդ հարցից հեռանալու ու սպեկուլյատիվ հնարքների դիմելու։
Գալով հայոց Ցեղասպանության հարցին, կարող ենք նշել հետևյալը՝
Այն հայերի(ու նաև ողջ մարդկության) դեմ գործված ամենազարհուրելի հանցագործություններից մեկն է։ Դրան նպաստել են նաև ռուսական ու արևմտյան քաղաքական որոշումները, որոնք ի հաշիվ հայերի, թուրքերի հետ հարաբերություն են լավացրել ու վատացրել։ Ցեղասպանության հարցի հետագա քննարկումը եղել է տարբեր պետությունների քաղաքական առաջնահերթությամբ պայմանավորված քաղաքական գործիք, որով նրանք հայերին սիրաշահել են՝ հարմար գնով թուրքերի կամ միմյանց հետ հարցեր պարզելու համար։ Մնացած ամեն ինչը պարզապես խոսքեր են։
Հայոց Ցեղասպանություը հայ ժողովրդի ողբերգությունն է ու դրա միակ շահառուն և անկեղծ մտահոգվողը միայն ու միայն հայ ժողովուրդն է։ Պետք է այնքան խոհեմ լինել, որ այդ հարցի քննարկումը չդառնա քաղաքական տարբեր խմբերի սպեկույլատիվ մտրակ, որով փորձելու են միմյանցից քաղաքական բոնուսներ ստանալ։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *