14 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 11

Արթուր Մկրտչյա­նը, որպես ուսյալ մտա­վո­րա­կան, հայ ժողովրդի պատմության գիտակ, քաղա­քա­կան առումով ավե­լի շատ պրագմա­տիկ, քան «հեղա­փո­խա­կան» գործիչ էր: Նա Հադրութի հարա­վա­յին գյուղե­րում կամա­վո­րա­կան շարժման կազմա­կերպիչ էր, «Կոլցո» ռազմա­գործո­ղության ճիրաննե­րից փրկվել էր մի կերպ:

Վահրամ Աթա­նեսյան

Լեռնա­յին Ղարա­բա­ղի պետա­կան-քաղա­քա­կան կյանքի գաղտնիք է, թե ինչու՞ ավե­լի քան երեք տասնամյակ անկա­խության օր է համարվել սեպտեմբե­րի 2‑ը: Չէ՞ որ 1991թվականի սեպտեմբե­րի այդ օրն ընդա­մե­նը կատարվել է ԼՂ կարգա­վի­ճա­կի փոփո­խություն. ինքնա­վար մարզի փոխա­րեն կազմա­վորվել է հանրա­պե­տություն՝ ներառնե­լով նաեւ Շահումյա­նի հայաբնակ գյուղա­կան շրջա­նը: Ընդունված փաստաթղթի պաշտո­նա­կան անվա­նումն է. «Հռչա­կա­գիր Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տություն հռչա­կե­լու մասին»:

Նույն տարվա դեկտեմբե­րի 10-ին նշա­նակված հանրաքվեով համա­ժո­ղովրդա­կան համա­ձայնության-անհա­մա­ձայնության է դրվել մեկ հարց. «Համաձա՞յն եք, որ հռչակված Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տությունը լինի անկախ պետություն եւ ինքնուրույն որո­շի հարա­բե­րություննե­րը հարեւան երկրնե­րի հետ»: Միայն այդ հանրաքվեից հետո է, որ կայա­ցել են առա­ջին գումարման ԼՂՀ Գերա­գույն խորհրդի ընտրություննե­րը:

Առա­ջին փուլի արդյունքներն ապա­հո­վում էին քվո­րում, իշխա­նության բարձրա­գույն մարմի­նը կարող էր սկսել իր աշխա­տանքնե­րը: Առա­ջին նստաշրջա­նը բացվել է 1992 թվա­կան հունվա­րի 6‑ին՝ օրա­կարգում ունե­նա­լով Գերա­գույն խորհրդի նախա­գա­հի, նրա առա­ջին տեղա­կա­լի, տեղա­կա­լի եւ մշտա­կան հանձնա­ժո­ղովնե­րի ղեկա­վարնե­րի ընտրության հարցե­րը:

Նստաշրջա­նի բացումն անակնկալ էր: Բացա­հայտվեց, որ պատգա­մա­վորնե­րի ճնշող մեծա­մասնությունը կամ ՀՅԴ անդամ է, կամ՝ համա­կիր: Այդ խմբակցությունը, ինչպես իրա­զեկ աղբյուրներն են բազմիցս վկա­յել, կտրուկ մերժում է Գերա­գույն խորհրդի նախա­գա­հի պաշտո­նում Լեոսնարդ Պետրոսյա­նի թեկնա­ծությունը:
Շարժման այսպես ասած՝ «առա­ջա­մարտիկնե­րը» փորձում են ներկա­յացնել «փոխզջումա­յին» թեկնա­ծություն եւ ԳԽ նախա­գա­հի պաշտո­նում ընտրել Ռոբերտ Քոչարյա­նին:

Պատգա­մա­վորնե­րի մեծա­մասնությունը չի ընդունում նաեւ նրան եւ պնդում է, որ նորաստեղծ պետության ղեկա­վար պետք է ընտրվի Արթուր Մկրտչյա­նը:
Արթուր Մկրտչյա­նը, որ մասնա­գի­տությամբ պատմա­բան-ազգագրա­գետ էր, գիտություննե­րի թեկնա­ծու, ապրում եւ աշխա­տում էր Հադրութում՝ որպես երկրա­գի­տա­կան թանգա­րա­նի տնօ­րեն:

Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­կան վերնա­խա­վին նա առա­ջին անգամ հրա­պա­րա­կա­յին ներկա­յա­ցել է 1989 թվա­կա­նի օգոստո­սին հրա­վիրված՝ ԼՂԻՄ բնակչության լիա­զոր ներկա­յա­ցուցիչնե­րի համա­գումա­րի իր գրա­գետ, տրա­մա­բա­նա­կան եւ անթե­րի հայե­րե­նով կառուցված ելույթով եւ միանգա­մից շահել հատկա­պես մտա­վո­րա­կան շրջա­նակնե­րի շատ ջերմ համակրանքը:

Նույն համա­գումա­րում նա ընտրվել է Լեռնա­յին Ղարա­բա­ղի Ազգա­յին խորհրդի անդամ, որի նիստե­րին պարբե­րա­բար հանդես էր գալիս քաղա­քա­կան համարձակ առա­ջարկություննե­րով՝ ցուցա­բե­րե­լով ԼՂ խնդրի իրա­վա-քաղա­քա­կան իմաստի խոր իմա­ցություն:
Այդուհանդերձ, Արթուր Մկրտչյա­նը, որպես ուսյալ մտա­վո­րա­կան, հայ ժողովրդի պատմության գիտակ, քաղա­քա­կան առումով ավե­լի շատ պրագմա­տիկ, քան «հեղա­փո­խա­կան» գործիչ էր: Նա Հադրութի հարա­վա­յին գյուղե­րում կամա­վո­րա­կան շարժման կազմա­կերպիչ էր, «Կոլցո» ռազմա­գործո­ղության ճիրաննե­րից փրկվել էր մի կերպ: Ադրբե­ջա­նի հատուկ ծառա­յություննե­րի ուշադրությունը նրա նկատմամբ այնքան էր սրված, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղի հակա­ռակ՝ հյուսի­սա­յին Մարտա­կերտի շրջա­նում բացա­հայտել եւ ձերբա­կա­լել էին նրա քրոջ ամուսնուն:

Այս կենսագրությունը, փայլուն գիտե­լիքնե­րը, քաղա­քա­կան խորա­տե­սությունը, մարդկա­յին բարձր առա­քի­նություննե­րը բավարա՞ր էին, որ Արթուր Մկրտչյա­նը կարո­ղա­նար գլխա­վո­րել նորաստեղծ Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տությունը, որի տարածքի մեկ երրորդից ավե­լին գտնվում էր Ադրբե­ջա­նի զինված ուժե­րի հսկո­ղության ներքո, որտեղ տնտե­սա­կան կյանքը կաթվա­ծա­հար էր, փաստա­ցի իրա­վի­ճա­կը վերահսկում էին միայն իրենց հրա­մա­նա­տա­րի հեղի­նա­կությունը ճանա­չող կամա­վո­րա­կան ջոկատնե­րը, իսկ վերնա­խա­վը բաժանված էր «հայրե­նա­սեր դաշնակցա­կաննե­րի» եւ ‚դավա­ճան հհշ-ականնե­րի»:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ