Մաս 11
Արթուր Մկրտչյանը, որպես ուսյալ մտավորական, հայ ժողովրդի պատմության գիտակ, քաղաքական առումով ավելի շատ պրագմատիկ, քան «հեղափոխական» գործիչ էր: Նա Հադրութի հարավային գյուղերում կամավորական շարժման կազմակերպիչ էր, «Կոլցո» ռազմագործողության ճիրաններից փրկվել էր մի կերպ:
Վահրամ Աթանեսյան
Լեռնային Ղարաբաղի պետական-քաղաքական կյանքի գաղտնիք է, թե ինչու՞ ավելի քան երեք տասնամյակ անկախության օր է համարվել սեպտեմբերի 2-ը: Չէ՞ որ 1991թվականի սեպտեմբերի այդ օրն ընդամենը կատարվել է ԼՂ կարգավիճակի փոփոխություն. ինքնավար մարզի փոխարեն կազմավորվել է հանրապետություն՝ ներառնելով նաեւ Շահումյանի հայաբնակ գյուղական շրջանը: Ընդունված փաստաթղթի պաշտոնական անվանումն է. «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին»:
Նույն տարվա դեկտեմբերի 10-ին նշանակված հանրաքվեով համաժողովրդական համաձայնության-անհամաձայնության է դրվել մեկ հարց. «Համաձա՞յն եք, որ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն եւ ինքնուրույն որոշի հարաբերությունները հարեւան երկրների հետ»: Միայն այդ հանրաքվեից հետո է, որ կայացել են առաջին գումարման ԼՂՀ Գերագույն խորհրդի ընտրությունները:
Առաջին փուլի արդյունքներն ապահովում էին քվորում, իշխանության բարձրագույն մարմինը կարող էր սկսել իր աշխատանքները: Առաջին նստաշրջանը բացվել է 1992 թվական հունվարի 6-ին՝ օրակարգում ունենալով Գերագույն խորհրդի նախագահի, նրա առաջին տեղակալի, տեղակալի եւ մշտական հանձնաժողովների ղեկավարների ընտրության հարցերը:
Նստաշրջանի բացումն անակնկալ էր: Բացահայտվեց, որ պատգամավորների ճնշող մեծամասնությունը կամ ՀՅԴ անդամ է, կամ՝ համակիր: Այդ խմբակցությունը, ինչպես իրազեկ աղբյուրներն են բազմիցս վկայել, կտրուկ մերժում է Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնում Լեոսնարդ Պետրոսյանի թեկնածությունը:
Շարժման այսպես ասած՝ «առաջամարտիկները» փորձում են ներկայացնել «փոխզջումային» թեկնածություն եւ ԳԽ նախագահի պաշտոնում ընտրել Ռոբերտ Քոչարյանին:
Պատգամավորների մեծամասնությունը չի ընդունում նաեւ նրան եւ պնդում է, որ նորաստեղծ պետության ղեկավար պետք է ընտրվի Արթուր Մկրտչյանը:
Արթուր Մկրտչյանը, որ մասնագիտությամբ պատմաբան-ազգագրագետ էր, գիտությունների թեկնածու, ապրում եւ աշխատում էր Հադրութում՝ որպես երկրագիտական թանգարանի տնօրեն:
Ստեփանակերտի քաղաքական վերնախավին նա առաջին անգամ հրապարակային ներկայացել է 1989 թվականի օգոստոսին հրավիրված՝ ԼՂԻՄ բնակչության լիազոր ներկայացուցիչների համագումարի իր գրագետ, տրամաբանական եւ անթերի հայերենով կառուցված ելույթով եւ միանգամից շահել հատկապես մտավորական շրջանակների շատ ջերմ համակրանքը:
Նույն համագումարում նա ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի անդամ, որի նիստերին պարբերաբար հանդես էր գալիս քաղաքական համարձակ առաջարկություններով՝ ցուցաբերելով ԼՂ խնդրի իրավա-քաղաքական իմաստի խոր իմացություն:
Այդուհանդերձ, Արթուր Մկրտչյանը, որպես ուսյալ մտավորական, հայ ժողովրդի պատմության գիտակ, քաղաքական առումով ավելի շատ պրագմատիկ, քան «հեղափոխական» գործիչ էր: Նա Հադրութի հարավային գյուղերում կամավորական շարժման կազմակերպիչ էր, «Կոլցո» ռազմագործողության ճիրաններից փրկվել էր մի կերպ: Ադրբեջանի հատուկ ծառայությունների ուշադրությունը նրա նկատմամբ այնքան էր սրված, որ Լեռնային Ղարաբաղի հակառակ՝ հյուսիսային Մարտակերտի շրջանում բացահայտել եւ ձերբակալել էին նրա քրոջ ամուսնուն:
Այս կենսագրությունը, փայլուն գիտելիքները, քաղաքական խորատեսությունը, մարդկային բարձր առաքինությունները բավարա՞ր էին, որ Արթուր Մկրտչյանը կարողանար գլխավորել նորաստեղծ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որի տարածքի մեկ երրորդից ավելին գտնվում էր Ադրբեջանի զինված ուժերի հսկողության ներքո, որտեղ տնտեսական կյանքը կաթվածահար էր, փաստացի իրավիճակը վերահսկում էին միայն իրենց հրամանատարի հեղինակությունը ճանաչող կամավորական ջոկատները, իսկ վերնախավը բաժանված էր «հայրենասեր դաշնակցականների» եւ ,դավաճան հհշ-ականների»:
(Շարունակելի)