Մաս 1
Ներքին իրավիճակի եւ ընտրությունների կազմակերպման «ավանդույթների» նկատառմամբ դա ակնհայտ լուրջ հաջողություն էր: Դաշնակցությունը խորհրդարանում ստացավ մշտական հանձնաժողովի նախագահի երկու պաշտոն, եւս երկու պատգամավոր ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ: Եթե քվոտայի օրինաչափությունը լիովին գործեր, ապա ՀՅԴ-ն պետք է ստանար նաեւ ԱԺ փոխնախագահի պաշտոնը, բայց գործադիր իշխանությունը մնաց անդրդվելի: ՀՅԴ-ն պաշտոններ ստացավ նաեւ կառավարությունում:
Վահրամ Աթանեսյան
2000 թվականի մարտի 22-ին Ստեփանակերտը ցնցված էր նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի լուրից: Նրա ծառայողական ավտոմեքենան գնդակոծվել էր նստավայրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, ապա բախվել ծառին: Սպասվում էին Ազգային ժողովի հերթական ընտրություններ: Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից հեռացված Սամվել Բաբայանը ստեղծել էր շատ ազդեցիկ թիմ, որ, անկասկած, լուրջ մրցակից կլիներ, եթե Ղուկասյանի դեմ մահափորձի գործով չձերբակալվեր՝ որպես հիմնական կասկածյալ: Նույն գիշերը ձերբակալվեց նաեւ նրա եղբայր Կարեն Բաբայանը: Նա մի քանի ամիս առաջ հաղթել էր Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում՝ մրցակից ունենալով Գերագույն խորհրդի նախագահի նախկին պաշտոնակատար, ՀՅԴ առանցքային գործիչ Գեորգի Պետրոսյանին:
Գործող իշխանությունն իր հերթին ստեղծել էր «Ժողովրդավարական Արցախ միություն» շարժում՝ իր շուրջը համախմբելով մտավորականության, առաջին պատերազմի մասնակիցների, գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Ինչպիսի՞ն կլինեին ԱԺ ընտրության արդյունքները, եթե Սամվել Բաբայանը, նրա եղբայրը եւ մոտ երկու տասնյակ հեղինակություն վայելող համակիրներ չձերբակալվեին՝ այս հարցը հրատապությունը չի կորցրել անգամ այսօր: Խորհրդարանական ընտրություններում, բնականաբար, Ազգային ժողովի մեծամասնություն կազմեց իշխանությունը: Արկադի Ղուկասյանն այդ ամիսներին բուժում էր անցնում Երեւանում: Նախապատրաստական աշխատանքները գլխավորում էր վարչապետ Անուշավան Դանիելյանը, որ այդ պաշտոնին նշանակվել էր մեկ տարի առաջ:
Ընտրություններին որպես առանձին քաղաքական ուժ մասնակցեց ՀՅԴ-ն՝ ներգրավելով հանրային հեղինակություն վայելող թեկնածուների: Բայց թեեւ մրցակցությունը սուր էր, իշխանությունը դաշնակցական թեկնածուների նկատմամբ ակնհայտ ճնշումներ չգործադրեց: Ակնհայտ էր, որ առկա է ներքին պայմանավորվածություն, եւ իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի Սամվել Բաբայանի աջակիցներից ոչ ոք Ազգային ժողովի պատգամավոր չընտրվի: Ի վերջո ՀՅԴ-ն Ազգային ժողովում ստացավ ինը մանդատ: Ներքին իրավիճակի եւ ընտրությունների կազմակերպման «ավանդույթների» նկատառմամբ դա ակնհայտ լուրջ հաջողություն էր: Դաշնակցությունը խորհրդարանում ստացավ մշտական հանձնաժողովի նախագահի երկու պաշտոն, եւս երկու պատգամավոր ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ: Եթե քվոտայի օրինաչափությունը լիովին գործեր, ապա ՀՅԴ-ն պետք է ստանար նաեւ ԱԺ փոխնախագահի պաշտոնը, բայց գործադիր իշխանությունը մնաց անդրդվելի: ՀՅԴ-ն պաշտոններ ստացավ նաեւ կառավարությունում: Այդ փուլում կառավարությունը հռչակել էր առաջիկա տասնամյակում ԼՂՀ բնակչությունը 200 հազարի հասցնելու ծրագիր, որ լիովին համահունչ էր ազատագրված տարածքների վերաբնակեցման մասին ՀՅԴ պատկերացումներին:
Քաղաքական այդ համաձայնությամբ կազմավորվեց Վերաբնակեցման վարչություն, որի նախագահ նշանակվեց դաշնակցական Սերժ Ամիրխանյանը: Ծրագիրը՝ ծրագիր, իշխանություն-ՀՅԴ համաձայնությունը՝ համաձայնություն, բայց վերաբնակեցումը պահանջում էր ֆինանսական ահռելի ներդրումներ: Կառավարությունը, ոչ առանց ՀՅԴ աջակցության, բարձրացրեց Քաշաթաղի վարչա-ֆինանսական ենթակայության վերանայման հարց: Որպես վերաբնակեցված շրջան՝ Քաշաթաղը մինչ այդ Հայաստանի պետական բյուջեից ֆինանսավորվում էր առանձին «փակ» տողով: Քննադատության թիրախ ընտրվեց Քաշաթաղի «մարզպետ» Ալեքսան Հակոբյանը: «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, մասնագիտությամբ պատմաբան Հակոբյանը կառավարման համակարգում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհներից միակն էր: Մի քանի ամիս տեւած տեղեկատվա-քարոզչական արշավից հետո Ալեքսան Հակոբյանն ազատվեց «մարզպետի» պաշտոնից:
ԼՂՀ կառավարությանը հաջողվեց Հայաստանի իշխանություններին համոզել, որ Քաշաթաղի ֆինանսավորումն արվի «միջպետական վարկի» ընդհանուր կարգով: Այդ որոշումը կտրուկ բարձրացրեց Վերաբնակեցման վարչության թե քաղաքական, թե կազմակերպչական, թե, մանավանդ, ֆինանսական հնարավորությունները եւ, բնականաբար, գրավչությունը: Ըստ երեւույթին, ՀՅԴ-ԼՂՀ իշխանություններ սկզբունքային համաձայնությունը ենթադրում էր նաեւ Քաշաթաղում եւ Քարվաճառում ձեռնարկատիրական գործունեության որոշակի քվոտավորում: Դաշնակցությունը ԼՂՀ կառավարության կողմից գնահատվում էր որպես Սփյուռքի հնարավորությունները ներգրավող ուժ: Դա, բնականաբար, պետք է արտացոլվեր ՀՅԴ-ական ձեռներեցների նկատմամբ արտոնյալ վերաբերմունքի մեջ: Այդպես է սկսվել ԼՂՀ-ում ՀՅԴ-ական ձեռնարկատիրությունը:
(Շարունակելի)