Մաս 2
Պատգամավորության ոչ մի թեկնածու նախկինում նման բացահայտ բռնության չէր ենթարկվել: Դաշնակցության մի քանի թեկնածուներ դատարաններում բողոքարկեցին քվեարկության արդյունքները, բայց ԿԸՀ որոշումը մնաց անփոփոխ:
Վահրամ Աթանեսյան
2004 թվականին նշանակվեցին Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններ: Իշխանության թեկնածուն Պավել Նաջարյանն էր, նրա մրցակիցը՝ Ազգային ժողովի պատգամավոր, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաբեկյանը: Մինչ այդ նա խորհրդարանում մի քանի անգամ սուր բանավեճ էր ունեցել վարչապետ Անուշավան Դանիելյանի հետ եւ հեռացել մեծամասնություն կազմող խմբակցությունից:
Աղաբեկյանի թեկնածություն շուրջ ձեւավորվեց քաղաքական լայն համախոհություն, որի առանցքում ՀՅԴ տեղական կառույցն էր: Քվեարկության առաջին փուլում քաղաքապետ չընտրվեց, երկրորդ փուլում, ինչպես եւ սպասվում էր, հաղթեց Էդուարդ Աղաբեկյանը: Իշխանության «միջանցքներում», բայց ավելի շատ հանրության ամենալայն շրջանակներում տարածվեց, որ Ստեփանակերտի քաղաքական իշխանության «գրավումը» նախապատրաստական քայլ է, ամբողջական իշխանափոխության համար ՀՅԴ‑ն եւ Էդուարդ Աղաբեկյանը պատրաստվում են հաղթել խորհրդարանական հաջորդ ընտրություններում եւ նախագահ Արկադի Ղուկասյանին պարտադրել, որ վարչապետ նշանակի իրենց առաջադրած թեկնածուին, իսկ եթե չստացվի, ապա օրակարգ կբերվի նրան իմփիչմենթի ենթարկելու հարցը:
Ի տարբերություն նախորդի, 2005թվականի խորհրդարանական ընտրություններին գործադիր իշխանությունը ՀՅԴ նկատմամբ որդեգրեց չափազանց կոշտ եւ անհանդուրժողական կեցվածք: Նրա կողմից առաջադրված ոչ մի թեկնածու մեծամասնական ընտրատարածքներում չկարողացավ հաղթել, իսկ համամասնական ցուցակով խորհրդարան մտավ միայն երեք պատգամավոր: Ընդ որում, ՀՅԴ‑ն համամասնական ցուցակ էր կազմել այլ ուժերի հետ դաշինքով: Ընտրապայքարի ընթացքում արձանագրվեց աննախադեպ երեւույթ. ՀՅԴ անդամ, պատգամավորության թեկնածու Պավլիկ Մանուկյանը ՊԲ հրամանատար-պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի առանձնասենյակում ենթարկվեց դաժան ծեծի եւ տեղափոխվեց զինվորական հոսպիտալ:
Պատգամավորության ոչ մի թեկնածու նախկինում նման բացահայտ բռնության չէր ենթարկվել: Դաշնակցության մի քանի թեկնածուներ դատարաններում բողոքարկեցին քվեարկության արդյունքները, բայց ԿԸՀ որոշումը մնաց անփոփոխ: Ընտրություններից հետո ՀՅԴ տեղական կառույցը հայտարարեց, որ գործադիր իշխանությունից ետ է կանչում իր բոլոր ներկայացուցիչներին եւ անցնում է արմատական ընդդիմության դիրքերը: ԼՂՀ պետականության, նրա վարկանիշի համար 2005 թվականի խորհրդարանական ընտրությունները խիստ բացասական ազդեցություն թողեցին: Ընդդիմությանը հակակշռելու համար իշխանությունը ձեւավորեց նոր քաղաքական ուժ՝ «Ազատ հայրենիք» կուսակցությունը, որ նախապես ուներ երեք համանախագահ, բայց կարճ ժամանակ անց նրա առաջնորդ ընտրվեց Արայիկ Հարությունյանը: Նախորդ գումարման ՀՅԴ-ական ինը պատգամավորին, ըստ էության, փոխարինելու եկավ «Ազատ հայրենիք» խմբակցությունը, որ սոցիալ-տնտեսական հարցերում արմատապես հակադրվում էր վարչապետ Անուշավան Դանիելյանի քաղաքականությանը:
ՀՅԴ‑ն այդ փուլում հանրայնացրեց, որ սահմանադրության ընդունման ճանապարհով Արկադի Ղուկասյանը հող է նախապատրաստում, որպեսզի երրորդ-չորրոդ ժամկետով պաշտոնավարի: ԼՂ կարգավորման բանակցային գործընթացը մտել էր «մադրիդյան սկզբունքների» նախնական քննարկումների փուլ, ՀՅԴ տեղական կառույցը համարում էր, որ «միջանկյալ կարգավիճակի» կամ «հետաձգված հանրաքվեի» դիմաց տարածքներ հանձնելը դավաճանություն է: Սահմանադրությունն ընդունվեց 2006թ. դեկտեմբերի 10-ին: Մինչ այդ Արկադի Ղուկասյանը մամուլի ասուլիս էր հրավիրել եւ հայտարարել, որ երրորդ ժամկետով չի առաջադրվի, նախագահի պաշտոնը կթողնի՝ ինչպես պահանջում է սահմանադրությունը: Սահմանադրության ընդունումից մի քանի ամիս անց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն կազմակերպեց քաղաքական քննարկումներ: Այդ ընթացքում բացահայտվեց, որ ՀՅԴ‑ն եւ «Ազատ հայրենիքը» նոր նախագահի թեկնածության հարցում համաձայնության են եկել եւ առաջարկում են, որ Բակո Սահակյանը լինի միասնական թեկնածու:
Խորհրդարանական երրորդ՝ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը կարճատեւ տատանումից հետո հայտարարեց, որ միանում է ՀՅԴ-«Ազատ հայրենիք» նախաձեռնությանը: Բակո Սահակյանի նախընտրական շտաբի պետ նշանակվեց ՀՅԴ Արցախի ԿԿ‑ի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը: Դժվար է ասել՝ այդ որոշումն իրոք Ստեփանակերտու՞մ է ընդունվել, թե՞՝՝ Երեւանում կամ որեւէ երրորդ երկրի մայրաքաղաքում: Փաստ է, որ Բակո Սահակյանը նախագահ է ընտրվել որպես ԼՂ կարգավորման հարցում ազգային-հայրենասիրական դիրքորոշման պաշտպան: Նրա ձեւավորած կառավարության վարչապետ նշանակվեց Արայիկ Հարությունյանը, մի շարք դաշնակցականներ գործադիր իշխանության կենտրոնական եւ տարածքային մարմիններում ազդեցիկ պաշտոններ ստացան: Եռամյա քաղհալածյալից ՀՅԴ‑ը Բակո Սահակյանի ընտրությամբ վերածվեց իշխանական կառույցի:
(Շարունակելի)
