Հայ-ամերիկյան հարաբերություններին նոր որակ է պետք, առավել ևս, որ ԱՄՆ նախագահն անկանխատեսելի մարդ է։ Նախ մեզ պետք է ամերիկացիների հետ հարաբերությունները հասցնել կայուն մակարդակի, որ Թրամփի էքսցենտրիկ բնավորությունը դրանց վրա չազդի, միաժամանակ Հայաստանը պետք է այլընտրանքի հնարավորություն ունենա, որպեսզի փաստի առաջ չկանգնի կամ մեկուսացման մեջ չհայտնվի։ Եթե Թրամփի հետ աշխատանքն ինչ որ հատվածում չստացվի կամ նախատեսված օգտակարությունը չտա, ապա պետք է համարժեք այլընտրանք ունենալ՝ հանձինս ԵՄ-ի։
Բագրատ Առաքելյան
1inTV-ը զրուցել է տնտեսագետ Բագրատ Առաքելյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցը, ինչպես նաև ԱՄՆ արտաքին քաղաքականության որոշ դրվագներ։
Տնտեսագետը, մեկնաբանելով վարչապետի այցը ԱՄՆ և հանդիպումը փոխարտգործնախարարի հետ, նշել է, որ հանդիպման ֆորմատը նախագահի հետ հանդիպում չի ենթադրել, պետք չէ թերագնահատել այս այցը և ասել, որ եթե Թրամփի հետ չի հանդիպել, ապա այցն անիմաստ է։ Փաշինյանը ԱՄՆ-ում հանդիպել է բավական կարևոր գերատեսչության ղեկավարության հետ ու այս այցը կարելի է հաջողված ու դրական համարել։ Սա միայն քաղաքական այց չէ ու ինքն իրենով նաև հարաբերությունների հետագա ընթացք որոշող երևույթ է, այս այցը հայ-ամերիկյան հարաբերությունների ապագայի համար հաջող ընթացք էր։ ԱՄՆ կողմից ևս մինչև հիմա Հայաստանի հանդեպ դրսևորված արտաքին քաղաքականությունը, մեկնաբանությունները բավական դրական ենթատեքստով են ասվել, առայժմ այդ հարաբերությունները բավական լավ վիճակում են գտնվում։
Բագրատ Առաքելյանն ասաց, որ Թրամփի պարագայում շատ դժվար է ինչ որ կանխատեսումներ անել։ Տեսնում ենք, որ նա բավական անսպասելի և խիստ որոշումներ է ընդունում, փակում է ինչ որ գրասենյակներ, սառեցնում կամ հրաժարվում ԱՄՆ անդամակցությունից ինչ որ միավորների։ Թրամփն անկանխատեսելի է, նրա գործողությունները կտրուկ են ու միանգամից։ Բայց դժվար թե Թրամփը անկանխատեսելի և նման կտրուկ քայլեր ձեռնարկի Անդրկովկասի ուղղությամբ։ Թրամփն առաջնահերթ իր «հարվածներն» ուղղում է դեպի ուկրաինական խնդիր։ Այս պահին ուկրաինական կոնֆլիկտը նրա համար կարևոր է, ուստի նախ կարգավորումների ջանքերը կներդրվեն Ուկրաինայում, ապա՝ Անդրկովկասում,- կարծում է տնտեսագետը։
Առաքելյանը միաժամանակ հավելում է, որ հայ-ամերիկյան հարաբերություններին նոր որակ է պետք, առավել ևս, որ ԱՄՆ նախագահն անկանխատեսելի մարդ է։ Նախ մեզ պետք է ամերիկացիների հետ հարաբերությունները հասցնել կայուն մակարդակի, որ Թրամփի էքսցենտրիկ բնավորությունը դրանց վրա չազդեն, միաժամանակ Հայաստանը պետք է այլընտրանքի հնարավորություն ունենա, որպեսզի փաստի առաջ չկանգնի կամ մեկուսացման մեջ չհայտնվի։ Եթե Թրամփի հետ աշխատանքն ինչ որ հատվածում չստացվի կամ նախատեսված օգտակարությունը չտա, ապա պետք է համարժեք այլընտրանք ունենալ՝ հանձինս ԵՄ-ի։
Խոսելով տարածաշրջանի մասին՝ Առաքելյանն ասաց, որ Ադրբեջանը, ի տարբերություն մեզ, կարողանում է ճիշտ ժամանակին ճարպիկ քայլեր անել, օգտագործել «թուրքական դիվանագիտություն» կոչվող փափուկ բարձը, եթե պետք է՝ հաճոյանալ։ Օրինակ այն, որ Բաքուն հայտարարեց, որ «ռուսական տունը» փակվում է, իսկ մենք դեռևս նստած սպասում ենք, որ ռուսները կգնան, որ «ռուսական տունը», ՀԱՊԿ-ը կգնա, մեզ հանգիստ կթողնի, բայց ոչ։ Նման բան չի լինելու, ռուսները այստեղից չեն գնալու առանց մեծ վնաս տալու։ Նրանք չեն գնա, նրանց կարելի է միայն քերթելով, կտրելով դուրս հանել այստեղից։ Ռուսները միջանցք են ուզում և նրանք ամեն ինչ անելու են դրա համար։ Մեր նախկին իշխանությունները որևէ կերպ չեն փորձել հակադրրվել այդ ամենին, որովհետև ազգային ու պետական շահ չեն գիտացել, սպասարկել են սեփական շահերը, արել են ինչ որ մանր-մունր տակտիկական քայլեր՝ այդ պահին որևէ հարց հետաձգելու համար։ Ոչ ավելին։ Նրանք չեն մտահոգվել, թե ինչպիսի աշխարհում է ապրելու Հայաստանը 30-40 տարի հետո։ Ի տարբերություն նրանց, այս իշխանությունները փորձում են ինչ որ բան անել, անում են։ Բնականաբար ամեն ինչ իդեալական չէ։ Ներկայիս իշխանությունները բազմաթիվ թերություններ ունեն, բազմաթիվ հարցեր դեռևս լուծված չեն, բազմաթիվ հարցերի նկատմամբ մոտեցումը սխալ է, ոչ պրոֆեսիոնալ, լուծումների տարբերակները՝ վատը։ Բայց ինչ էլ որ անեն, միևնույն է քարկոծվելու են, որովհետև քննադատողների նպատակը ոչ թե բարեփոխումներն են այլ սեփական քաղաքական օրակարգը սպասարկելը։
Տեսանյութն ամբողջությամբ՝