Միջազգային

Պուտինը Խանդում Է Թրամփին

Թրամփը ավելի եռանդուն, թարմ և նոր է, քան Պուտինը, որի կրկնություններից հոգնել են նույնիսկ նրա համախոհները։ Եվ որքան շատ է ռուսաստանյան էլիտան իր պաշտոնով պարտավոր սիրել իրենց առաջնորդին, այնքան ավելի անկեղծ ու սրտացավ է նրանց համակրանքը դեպի մեկ ուրիշը։

Newsweek-ը գրում է այն մասին, որ Դոնալդ Թրամփի ժողովրդականությունը Պուտինին անսպասելի երկընտրանքի առաջ է կանգնեցրել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշակի ժողովրդականություն է վայելում Ռուսաստանում, և Կրեմլը ստիպված է գլուխ կոտրել, թե ինչպես հակազդել ռուսաստանցիների սիրուն այնպիսի առաջնորդի նկատմամբ, որը Վլադիմիր Պուտինը չէ, հայտնում են լրատվամիջոցները։

Պուտինն արդեն երկար տարիներ փորձում է Արևմուտքը, հատկապես ԱՄՆ-ը, ներկայացնել որպես թշնամի։ 2022 թվականին Ռուսաստանի նախագահը ԱՄՆ-ին և նրանց դաշնակիցներին մեղադրեց «դեսպոտիզմի» և «սատանիզմի» մեջ։ Սակայն Թրամփի՝ երկրորդ ժամկետով վերադարձի դեպքում նրա ժողովրդականությունը չի թողնում, որ ռուսաստանյան առաջնորդը կարողանա դև դարձնել ԱՄՆ-ին և Արևմուտքին ու նրանց մեղադրել ռուսաստանցիների խնդիրների համար։

Չորեքշաբթի ՎՉԿ-ՕԳՊՈՒ լրատվական պարբերականը, որը պնդում է, որ տեղեկություններ ունի Ռուսաստանի ուժային կառույցներից, Telegram-ում գրել է, որ իր հավաստի տվյալներով՝ Կրեմլը ուսումնասիրում է Թրամփի ժողովրդականությանը հակազդելու հնարավոր տարբերակները։

ՎՉԿ-ՕԳՊՈՒ-ն, հղում անելով անանուն աղբյուրի, հայտնել է, որ ռուսաստանյան լրատվամիջոցներին տրվել է «խիստ հրահանգ»՝ դադարեցնել հրապարակումները, որոնք ներկայացնում են Թրամփի ներքին քաղաքականության «դրական կողմերը»։

«ԱՄՆ-ի ներքին քաղաքականությունը հիմա լիովին համընկնում է այն արժեքների հետ, որոնք նախկինում Կրեմլը ներկայացնում էր որպես «ռուսաստանցիների համար յուրահատուկ»… Եթե ԱՄՆ նախորդ վարչակազմի օրոք միջին ռուսաստանցու համար հեշտ էր հակառակորդի կերպար ձևավորել արժեքային կողմնորոշումների հիման վրա, ապա այժմ Թրամփն իր նախագահությամբ ավելի շատ համապատասխանում է Ռուսաստանի քաղաքացիների պահանջներին, քան հենց Պուտինը», – ասել է աղբյուրը։

Թրամփը Ռուսաստանում ժողովրդականություն է վայելում, քանի որ նա «ընտանեկան մարդ է՝ մեծ ու բաց ընտանիքով», և նրա ընտանիքի անդամների մասին տեղեկատվությունը հատուկ ծառայությունների կողմից գաղտնիացված չէ, ի տարբերություն Պուտինի, ասում է աղբյուրը։

Բացի այդ, ԱՄՆ նախագահը «հաստատակամորեն պաշտպանում է ամերիկացի քաղաքացիների շահերը ներգաղթյալների հանցավորության և նրանց ծագման երկրների հետ հարաբերությունների հարցերում» և «նվազեցնում է հարկերը իր քաղաքացիների և բիզնեսի համար՝ բարձրացնելով սակագներն ու մաքսատուրքերը այլ երկրների նկատմամբ»։

«Մինչդեռ Ռուսաստանում տեղի է ունենում հարկերի (շահույթի հարկ, ԱԱՀ, եկամտային հարկ, վերամշակման վճար, պետական մոնոպոլիաների սակագներ բնակարանային կոմունալ ոլորտում) բարձրացում սեփական քաղաքացիների և բիզնեսի համար, ինչպես նաև մշտական զիջումներ, պարտքերի ներմանում, ռեսուրսների մատակարարման գնանկում այլ երկրների համար», – նշել է աղբյուրը։

«Կրեմլի համար ակնհայտ է, որ Մոսկվան այլևս չի կարող մրցակցել Վաշինգտոնի հետ ավանդական արժեքների ոլորտում», – հավելել է նա։

Carnegie.ru-ի գլխավոր խմբագիր և Բեռլինի Քարնեգի կենտրոնի՝ Ռուսաստանի և Եվրասիայի հետազոտությունների ավագ գիտաշխատող Ալեքսանդր Բաունովը իր հունվարի 31-ին հրապարակած վերլուծության մեջ նշել է, որ Ռուսաստանում Թրամփը նոր «հակաէլիտար նախագահ» է, որը՝ «ինչպես սիրելի հոլիվուդյան մենակատարը, ավելի հասկանալի և մոտ է ռուսաստանյան այն սերնդին, որը կամ ապրել է 1990-ականները, կամ մեծացել ամերիկյան ֆիլմերով, քան Պուտինը՝ հատուկ ծառայությունների իր լուռ կարիերայով»։

Նա հավելել է, որ ռուս պաշտոնյաների և պատգամավորների սոցիալական մեդիայի էջերը, որոնք բաց են մեկնաբանությունների համար, «լցված են պահանջներով»՝ դուրս գալ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ), խստացնել միգրացիոն քաղաքականությունը, սահմանել վիզային ռեժիմ Կենտրոնական Ասիայի երկրների հետ, սփյուռքներին և նրանց առաջնորդներին «օտարերկրյա գործակալներ» հայտարարել և համարել էթնիկ հանցագործությունը ահաբեկչության համարժեք։

«Այլ կերպ ասած, անել այն, ինչ անում է Թրամփը», — գրում է Բաունովը։

«Թրամփը ավելի եռանդուն, թարմ և նոր է, քան Պուտինը, որի կրկնություններից հոգնել են նույնիսկ նրա համախոհները։ Եվ որքան շատ է ռուսաստանյան էլիտան իր պաշտոնով պարտավոր սիրել իրենց առաջնորդին, այնքան ավելի անկեղծ ու սրտացավ է նրանց համակրանքը դեպի մեկ ուրիշը», — շարունակում է նա։

Աղբյուրը`

https://www.newsweek.com/donald-trump-popularity-russia-putin-2027314

Թարգմանեց`
Արայիկ Մկրտումյանը

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *