Ընդհանուր առմամբ ձևավորված իրավիճակին, եթե տնտեսական առումով ենք նայում, առանձնապես նորություն չի պարունակում, այսինքն՝ Իրանի նկատմամբ կային պատժամիջոցներ ու հիմա շարունակում են մնալ, ու դժվար է պատկերացնել մի ոլորտ, որում Իրանի նկատմամբ պատժամիջոցներ չեն պարունակվում:
Ժաննա Վարդանյան
Իրան-ԱՄՆ հարաբերությունները լարված են, թե սա որքանով ավելի վատ սցենարների կհանգեցնի, դեռ իրավիճակը ցույց կտա. Ժաննա Վարդանյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Ժաննա Վարդանյանը
– Տիկի՛ն Վարդանյան, Իրան-ԱՄՆ հարաբերությունների լարվածությունն ինչո՞վ է պայմանավորված: Իրանի արտգործնախարարն ասել է, թե Միացյալ Նահանգները նպատակ է հետապնդում Իրանին դրդել կապիտուլյացիայի՝ Թեհրանի հետ նոր գործարք կնքելու միջոցով, սակայն Թեհրանը մտադիր չէ բանակցություններ վարել ճնշման ներքո: ԱՄՆ-ն ունի՞ նման նպատակ:
– Մենք ականատես ենք այն նույն իրավիճակին, ինչ կար Թրամփի պաշտոնավարման առաջին շրջանում, երբ Թրամփը դուրս եկավ միջուկային գործարքից, Իրանի նկատմամբ որդեգրեց նոր քաղաքականություն, որը ներառեց թե՛ պատժամիջոցների վերականգնումը, թե՛ հնարավոր բոլոր ձևերով Իրանին ճնշելու քաղաքականությունը:
Նոր քաղաքականության շրջանակներում Թրամփի կառավարությունում հայտարարվում է, որ իրենք դարձյալ պատրաստ են բանակցելու Իրանի հետ, բայց Թրամփի առաջարկած բանակցությունը ենթադրում էր հարցերի շատ ավելի լայն շրջանակ, քան ընդգրկում էր այդ միջուկային համաձայնագիրը, ինչպես, օրինակ՝ Իրանի բալիստիկ հրթիռների հարցը, առհասարակ ուրանի հարստացման հարցը:
Պետքարտուղարությունն Իրանին ներկայացրել էր տասներկու պահանջ, որոնցից մեկն էլ այն էր, որ Իրանը չպետք է ուրանը հարստացնի, պետք է սահմանափակվի Իրանի տարածաշրջանային գործունեությունը և այլն, այսինքն՝ բոլոր ոլորտներին առնչվող պահանջներ կային, որոնք Իրանի համար միանգամայն անընդունելի էին, ու դրանից ելնելով էլ որևէ բանակցություն տեղի չունեցավ:
Գալով ընթացիկ իրադարձություններին՝ պետք է արձանագրենք, որ դեռ նախքան Թրամփի ընտրվելը, Իրանը եվրոպական երկրների հետ միջուկային բանակցությունները վերսկսելու հեռանկարի վերաբերյալ քննարկումներ էր սկսել: Հիմա Իրանի համար ձևավորվել է այնպիսի իրավիճակ, երբ բանակցությունները անընդունելի են առավելապաշտական պահանջների պատճառով:
– Հարաբերությունները, փաստորեն, իսկապես լարվա՞ծ են:
– Այո՛, լարված են, ու մենք, կրկնում եմ, ականատես ենք այն իրավիճակին, ինչ կար Թրամփի նախագահության առաջին շրջանում՝ առավելագույն ճնշում Իրանի նկատմամբ ոչ միայն տնտեսական, այլև բոլոր ուղղություններով: Թե սա որքանով ավելի վատ սցենարների կհանգեցնի, դեռ իրավիճակը ցույց կտա:
– Կարծում եք՝ լարվածությունն ավելի՞ կխորանա:
– Այս պահի դրությամբ լարվածությունն առկա է, և այնպես չէ, որ այդ լարվածությունը Թրամփ գալով ձևավորվեց, լարվածությունը կար նաև նախքան այդ ու դրսևորվել է տարբեր եղանակներով՝ ընդհուպ Իրանի դեմ Իսրայելի գործողություններով կամ տարածաշրջանային իրավիճակով: Բայց քանի որ հիմա հստակ որդեգրվում է Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականություն, մյուս կողմից՝ Իսրայելն է պարբերաբար փորձեր կատարում Նահանգներին համոզել Իրանի դեմ գործողությունների, հետևաբար այս իրավիճակը առավել լարված է, քան նախկին պաշտոնավարման ընթացքում:
– Այս լարվածությունը տարածաշրջանի, մասնավորապես, Հայաստանի համար ի՞նչ հետևանքներ է ունենալու, տիկի՛ն Վարդանյան:
– Ընդհանուր առմամբ ձևավորված իրավիճակին, եթե տնտեսական առումով ենք նայում, առանձնապես նորություն չի պարունակում, այսինքն՝ Իրանի նկատմամբ կային պատժամիջոցներ ու հիմա շարունակում են մնալ, ու դժվար է պատկերացնել մի ոլորտ, որում Իրանի նկատմամբ պատժամիջոցներ չեն պարունակվում:
Այս առումով լիովին նույն իրավիճակն է, խնդիրն այն է, որ իրավիճակը ռազմական ուղղությամբ չսրվի, համենայնդեպս, Իրանն իր գործողություններով շարունակում է շատ զգուշավոր լինել ու ռազմական ինչ-որ գործողությունների նման հնարավորություններ չընձեռել, դա կլինի տեղային, թե ավելի լայնածավալ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am