Ռուսաստանը, հարգելով Թուրքիային, հարգում է նաև Ադրբեջանին, ուստի, անկախ նրանից, թե տվյալ պահերին ինչ խոսույթ կընդունի որպես արտահայտման ձև, Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները կշարունակվեն ու առայժմ կմնան դրական մակարդակում։ Ուստի և Ռուսաստանը Հայաստանին ավելի շատ կդիտարկի որպես հավասար, եթե Հայաստանը կարողանա որևէ լուրջ անվտանգային հովանու տակ մտնել՝ ԱՄՆ, ԵՄ, Հնդկաստան և այլն։
Միքայել Զոլյան
1inTV-ը զրուցել է քաղաքագետ Միքայել Զոլյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի՝ ԵՄ ընթացքը, դրան ուղեկցող գործողությունները, ինչպես նաև ներքաղաքական որոշ երևույթներ։
Խոսելով Հայաստանի՝ ԵՄ ընթացքի և ԱԺ-ում այդ ընթացքի օրինագծի քննարկումների մասին՝ նշեց, որ այդ օրնեքը կարևոր դեր կունենա, բայց էապես չի ազդի ԵՄ անդամության գործն ավելի արագացնելու կամ հեշտացնելու առումով։ Պաշտոնապես, այդ օրինագիծը ցույց է տալիս Հայաստանի պաշտոնական նպատակը, ցանկությունը եվրոպական ընտանիքի մաս կազմելու առումով, դա խորհրդանշական է լինելու ավելի շատ, բայց իհարկե դրական ազդակ է հատկապես այն առումով, որ հասարակության ցանկությանը պաշտոնական ձև է տրվում։ Ինչ վերաբերում է Արևմուտքին ընդհանրապես, ապա պետք է հիշել որ Արմուտքը ևս ինքն իր մեջ ունի էական տարբերություններ, ընդ որում այդ տարբերությունները ոչ միայն ԱՄՆ-ի և Եվրոպայի մեջ են, այսինքն ԱՄՆ-ը ազատ կապիտալիստական երկիր է՝ երկուսակցական բևեռացվածությամբ, ապա Եվրոպայում ավելի սոցիալական հասարակություն է ապրում։ Եվրոպայում ավելի շատ են հակված կոալիցիաների, երկխոսության ու քննարկման։ Իհարկե հենց նույն եվրոպական ժողովրդավարությունը ևս իր մեջ տարբերություններ ունի Լիսաբոնից մինչև Բրյուսել։ Մենք ոչ միայն պետք է մանրամասն քաննարկենք ու հասկանանք այդ տարբերությունները, այլև հասկանանք, թե դրանցից որին ենք ուզում միանալ, որն է մեզ համապատասխան և այլն։
Քաղաքագետը նաև նշեց, որ ԵՄ-ին միանալը անվտանգային ու տնտեսական դիվերսիֆիկացիա է նշանակում, բայց մենք չպետք է կոպիտ ու կտրուկ քայլերով իրականացնենք այդ անցումը։ Մենք պետք է մանևրելու տեղ թողնենք։ Մենք չենք մասնակցում ՀԱՊԿ-ին, բայց առայժմ կարող ենք պահպանել ԵԱՏՄ անդամությունը, մինչև որ կարողանանք մեր տնտեսությունն ու մեր չափանիշները համապատասխանեցնենք եվրոպականին։ Մենք չպետք է կտրենք մեր տնտեսական կապերը Ռուսաստանի հետ, բայց միաժամանակ չպետք է նաև մնանք որպես ռուսական գաղութ։
Զոլյանը նաև մեկնաբանեց Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունը, որ 1991թ․ սկսած Հայաստանում բոլոր կուսակցությունները «դաշնակցական» են եղել, այնսինքն առաջնորդվել են այն գաղափարախոսությամբ, որը ունի ՀՅԴ-ը։ Քաղաքագետի մեկնաբանմամբ Նիկոլ Փաշինյանը թեև շատ հարցերում ավելի սուր է խոսում, քան դա կարող է հասկանալի ու ընդունելի լինել, բայց նա հետաքրքիր ու կարևոր քննարկում է սկսում։ Իր խոսքը երբեմն հասցնելլով ծայրահեղության, վարչապետը այդ կարևոր քննարկումը դարձնում է հասանելի ու քննարկելի։ Իսկ այն գաղափարը, որ Հայաստանի հանրապետությունը պետք է դառնա ազգային այլ նպատակների համար հենման կետ, դա իհարկե ողջունելի է։
Միքայել Զոլյանը նաև հետաքրքիր մեկնաբանություն կատարեց ռուս-հայկական և ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին։ Նա ասաց, որ Ռուսաստանը կորցրել է Ադրբեջանի վրա ազդելու իր վերջին ուժեղ միջոցը՝ Արցախում իր խաղաղապահները և այժմ ստիպված է հաշվի նտել նրա հետ, որովհետև, քանի որ Ռուսաստանում արմատացած է քերական, մաֆիոզ մտածելակերպը, Ռուսաստանը, հարգելով Թուրքիային, հարգում է նաև Ադրբեջանին, ուստի, անկախ նրանից, թե տվյալ պահերին ինչ խոսույթ կընդունի որպես արտահայման ձև, Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները կշարունակվեն ու առայժմ կմնան դրական մակարդակում։ Ուստի և Ռուսաստանը Հայաստանին ավելի շատ կդիտարկի որպես հավասար, եթե Հայաստանը կարողանա որևէ լուրջ անվտանգային հովանու տակ մտնել՝ ԱՄՆ, ԵՄ, Հնդկաստան և այլն։
Տեսանյութն ամբողջությամբ՝