Ռուսաստանը, հարգելով Թուրքիային, հարգում է նաև Ադրբեջանին, ուստի, անկախ նրանից, թե տվյալ պահերին ինչ խոսույթ կընդունի որպես արտահայտման ձև, Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները կշարունակվեն ու առայժմ կմնան դրական մակարդակում։ Ուստի և Ռուսաստանը Հայաստանին ավելի շատ կդիտարկի որպես հավասար, եթե Հայաստանը կարողանա որևէ լուրջ անվտանգային հովանու տակ մտնել՝ ԱՄՆ, ԵՄ, Հնդկաստան և այլն։
Միքայել Զոլյան
1inTV‑ը զրուցել է քաղաքագետ Միքայել Զոլյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի՝ ԵՄ ընթացքը, դրան ուղեկցող գործողությունները, ինչպես նաև ներքաղաքական որոշ երևույթներ։
Խոսելով Հայաստանի՝ ԵՄ ընթացքի և ԱԺ-ում այդ ընթացքի օրինագծի քննարկումների մասին՝ նշեց, որ այդ օրնեքը կարևոր դեր կունենա, բայց էապես չի ազդի ԵՄ անդամության գործն ավելի արագացնելու կամ հեշտացնելու առումով։ Պաշտոնապես, այդ օրինագիծը ցույց է տալիս Հայաստանի պաշտոնական նպատակը, ցանկությունը եվրոպական ընտանիքի մաս կազմելու առումով, դա խորհրդանշական է լինելու ավելի շատ, բայց իհարկե դրական ազդակ է հատկապես այն առումով, որ հասարակության ցանկությանը պաշտոնական ձև է տրվում։ Ինչ վերաբերում է Արևմուտքին ընդհանրապես, ապա պետք է հիշել որ Արմուտքը ևս ինքն իր մեջ ունի էական տարբերություններ, ընդ որում այդ տարբերությունները ոչ միայն ԱՄՆ‑ի և Եվրոպայի մեջ են, այսինքն ԱՄՆ‑ը ազատ կապիտալիստական երկիր է՝ երկուսակցական բևեռացվածությամբ, ապա Եվրոպայում ավելի սոցիալական հասարակություն է ապրում։ Եվրոպայում ավելի շատ են հակված կոալիցիաների, երկխոսության ու քննարկման։ Իհարկե հենց նույն եվրոպական ժողովրդավարությունը ևս իր մեջ տարբերություններ ունի Լիսաբոնից մինչև Բրյուսել։ Մենք ոչ միայն պետք է մանրամասն քաննարկենք ու հասկանանք այդ տարբերությունները, այլև հասկանանք, թե դրանցից որին ենք ուզում միանալ, որն է մեզ համապատասխան և այլն։
Քաղաքագետը նաև նշեց, որ ԵՄ-ին միանալը անվտանգային ու տնտեսական դիվերսիֆիկացիա է նշանակում, բայց մենք չպետք է կոպիտ ու կտրուկ քայլերով իրականացնենք այդ անցումը։ Մենք պետք է մանևրելու տեղ թողնենք։ Մենք չենք մասնակցում ՀԱՊԿ-ին, բայց առայժմ կարող ենք պահպանել ԵԱՏՄ անդամությունը, մինչև որ կարողանանք մեր տնտեսությունն ու մեր չափանիշները համապատասխանեցնենք եվրոպականին։ Մենք չպետք է կտրենք մեր տնտեսական կապերը Ռուսաստանի հետ, բայց միաժամանակ չպետք է նաև մնանք որպես ռուսական գաղութ։
Զոլյանը նաև մեկնաբանեց Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունը, որ 1991թ․ սկսած Հայաստանում բոլոր կուսակցությունները «դաշնակցական» են եղել, այնսինքն առաջնորդվել են այն գաղափարախոսությամբ, որը ունի ՀՅԴ‑ը։ Քաղաքագետի մեկնաբանմամբ Նիկոլ Փաշինյանը թեև շատ հարցերում ավելի սուր է խոսում, քան դա կարող է հասկանալի ու ընդունելի լինել, բայց նա հետաքրքիր ու կարևոր քննարկում է սկսում։ Իր խոսքը երբեմն հասցնելլով ծայրահեղության, վարչապետը այդ կարևոր քննարկումը դարձնում է հասանելի ու քննարկելի։ Իսկ այն գաղափարը, որ Հայաստանի հանրապետությունը պետք է դառնա ազգային այլ նպատակների համար հենման կետ, դա իհարկե ողջունելի է։
Միքայել Զոլյանը նաև հետաքրքիր մեկնաբանություն կատարեց ռուս-հայկական և ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին։ Նա ասաց, որ Ռուսաստանը կորցրել է Ադրբեջանի վրա ազդելու իր վերջին ուժեղ միջոցը՝ Արցախում իր խաղաղապահները և այժմ ստիպված է հաշվի նտել նրա հետ, որովհետև, քանի որ Ռուսաստանում արմատացած է քերական, մաֆիոզ մտածելակերպը, Ռուսաստանը, հարգելով Թուրքիային, հարգում է նաև Ադրբեջանին, ուստի, անկախ նրանից, թե տվյալ պահերին ինչ խոսույթ կընդունի որպես արտահայման ձև, Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները կշարունակվեն ու առայժմ կմնան դրական մակարդակում։ Ուստի և Ռուսաստանը Հայաստանին ավելի շատ կդիտարկի որպես հավասար, եթե Հայաստանը կարողանա որևէ լուրջ անվտանգային հովանու տակ մտնել՝ ԱՄՆ, ԵՄ, Հնդկաստան և այլն։
Տեսանյութն ամբողջությամբ՝
