Մաս 13
Ծուղակի մեջ հայտնվեց «Արաբո» ջոկատը:
Ծայրահեղ ծանր իրավիճակում ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունն իր վրա վերցրեց Սամվել Բաբայանը՝ փոխարինելով Արկադի Տեր-Թադեւոսյանին: Ստեփանակերտում ներքաղաքական իրավիճակը դարձավ պայթյունավտանգ եւ գրեթե անկառավարելի: Հազարավոր փախստականներ կենտրոնացած էին Ստեփանակերտում:
Վահրամ Աթանեսյան
Արթուր Մկրտչյանի մահվան կապակցությամբ Հայաստանը պաշտոնական սուգ հայտարարեց: Նա հուղարկավորվեց Ստեփանակերտի հուշահամալիրում: Այդ օրերին ԼՂՀ Ինքնապաշտպանական ուժերի կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ, որի գլխավոր ուղերձը, թերեւս, այն էր, որ Գերագույն խորհրդի նախագահի առեղծվածային մահը «չի կարող եւ չպետք է խաթարի զինված կազմավորումների միասնականությունը»:
Գործադիր իշխանությունը մտահոգություն ունե՞ր, ինչ-որ առումով տեղեկացվա՞ծ էր, որ Արթուր Մկրտչյանի մահվան պաշտոնական վարկածին գրեթե ոչ ոք չի հավատում, եւ որոշ զինված ջոկատներ կարող են դիմել «ներքին հաշվեհարդարի»: Ըստ երեւույթին, նման մտավախություններ կային: Գերագույն խորհրդի աշխատանքների կազմակերպման պատասխանատվությունը մնաց Գեորգի Պետրոսյանի ուսերին: Նա, ի դեպ, եւս մեկ տարի նախագահի պաշտոնակատարի կարգավիճակով մնաց ԼՂՀ սահմանադրական իշխանության առաջին դեմք՝ գործնականում, սակայն, չունենալով ազդեցության որեւէ լծակ:
Ներքաղաքական ծանր մթնոլորտի հաղթահարմանը որոշակիորեն նպաստեց Շուշիի ազատագրումը, որ տեղի ունեցավ մայիսի 8-ին, իսկ հետագա տասնօրյա մարտերից հետո խանդավառությունը հասավ բարձրակետին, երբ Լաչինի ազատագրված միջանցքով Ստեփանակերտ մտավ բեռնատարների առաջին շարասյունը:
Ռազմա-քաղաքական այդ ունիկալ հաջողություններով էր, ամենայն հավանականությամբ, պայմանավորված հունիսի առաջին օրերին Գերագույն խորհրդի նստաշրջան հրավիրելու եւ նոր նախագահի ընտրություն կազմակերպելու որոշումը: Պատգամավորներից շատերի եւ ականատեսների վկայությամբ Ստեփանակերտ էր ժամանել հայաստանյան պատկառելի պատվիրակություն՝ ԳԽ նախագահ Արարքցյանի գլխավորությամբ:
Նստաշրջանին ներկա էր նաեւ մի քանի ամիս առաջ ՀՀ պաշտպանության նախարար նշանակված Վազգեն Սարգսյանը:
ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը, սակայն, մնաց անդրդվելի եւ դարձյալ մերժեց Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը. փակ-գաղտնի քվեարկության արդյունքներով նա բավարար ձայներ չստացավ: Որպես այլընտրանք՝ ԳԽ նախագահի թեկնածու առաջադրվեց Շահեն Մեղրյանը, բայց ընտրությունը չկայացավ: Ներքաղաքական ճգնաժամն ակնհայտ էր:
Գերագույն խորհրդի տապալված նստաշրջանից հազիվ մեկ շաբաթ անց Ադրբեջանը հյուսիսային ուղղությամբ անցավ լայնածավալ հարձակման:
Բաքվի այդ ագրեսիային օժանդակում էր դեռեւս Գյանջայում տեղակայված՝ ռուսական դեսանտային դիվիզիան: Հունիսի 12-ին Ադրբեջանը հարձակում գործեց նաեւ Խաչենի կամրջի ուղղությամբ եւ երկու օր կարողացավ արգելափակված պահել Ստեփանակերտ-Մարտակերտ ավտոճանապարհը: Այն հաջողվեց ապաշրջափակել, բայց Շահումյանի շրջանն այդ ընթացքում լիովին անցել էր հակառակորդի վերահսկողության տակ:
Հունիսի երկրորդ կեսին ադրբեջանական զինված ուժերի գրավեցին Թալիշը, Մատաղիսը: Ծանր մարտերից հետո ընկավ Չայլուն: Ավելի վաղ գրավվել էր Մարգուշավանը: Մարտակերտի հյուսիսային հատվածում ծավալված մարտերում զոհվեցին Վլադիմիր Բալայանը, Լեոնիդ Ազգալդյանը, տեղական ինքնապաշտպանական ջոկատների մի քանի հրամանատարներ եւ աչքի ընկած տասնյակ մարտիկներ: Ծուղակի մեջ հայտնվեց «Արաբո» ջոկատը:
Ծայրահեղ ծանր իրավիճակում ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունն իր վրա վերցրեց Սամվել Բաբայանը՝ փոխարինելով Արկադի Տեր-Թադեւոսյանին: Ստեփանակերտում ներքաղաքական իրավիճակը դարձավ պայթյունավտանգ եւ գրեթե անկառավարելի: Հազարավոր փախստականներ կենտրոնացած էին Ստեփանակերտում:
Կառավարությունը հարկադրված էր անցնել հացի եւ առաջին անհրաժեշտության պարենամթերքների քարտային բաշխման: Այդ իրավիճակում Նախարարների խորհրդի նախագահ Օլեգ Եսայանը հայտարարեց, որ հրաժարական է տալիս: Եսայանի այդ քայլը, սակայն, արտառոց էր նրանով, որ միաժամանակ առաջարկում էր կազմավորել գործադիր իշխանության նոր մարմին՝ ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտե:
Այդ հարցն ակնհայտորեն արդեն իսկ քննարկված եւ գործնականում համաձայնեցված էր. Գերագույն խորհրդի նախագահությունը շատ արագ ընդունեց համապատասխան որոշում եւ նույն նիստում էլ ՊՊԿ նախագահ նշանակեց Ռոբերտ Քոչարյանին: Պաշտպանության պետական կոմիտեի անդամ ԳԽ-ից նշանակվեց պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Կարեն Բաբուրյանը: ՊՊԿ անդամ նշանակվեցին Սամվել Բաբայանը եւ ՆԳ նախարար Արմեն Իսագուլովը, նախագահի առաջին տեղակալի պաշտոնն ստանձնեց Բորիս Առուշանյանը: Ստեփանակերտում փաստացի հաստատվեց ռազմական դիկտատուրայի իշխանություն: Սեպտեմբերին ՊՊԿ նախագահի հրամանագրով ձեւավորվեց Պաշտպանության բանակ՝ իր ստորաբաժանումներով, շրջաններում նշանակվեցին լիազոր ներկայացուցիչներ:
(Շարունակելի)