Միջազգային

Ուկրաինան` Ռուս֊Ամերիկյան Սեղանի Միս

Դա լինելու է կապիտուլյացիա, ուղիղ տեքստով եմ ասում, դա համարվում է պարտադրված կապիտուլյացիա, որի հետ Զելենսկին պետք է հարմարվի:

Դավիթ Կարապետյան

Թրամփ-Պուտին բանակցությունները կարող են փոխել Ուկրաինայի ճակատագիրը.Դավիթ Կարապետյան

Պուտինը եւ Թրամփը (Արխիվային լուսանկար)

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը

– Պարո՛ն Կարապետյան, տեղի է ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հեռախոսազրույցը, կողմերը քննարկել են նաև ուկրաինական պատերազմի հանգուցալուծումը: Ինչպե՞ս եք գնահատում առաջնորդների փոխանակած մտքերն ու ձեռք բերված պայմանավորվածությունները:

– Երկու կողմի տրամադրած մամուլի հաղորդագրությունները փաստում են, որ մեկուկես ժամ տևած հեռախոսազրույցը արդյունավետ ու կառուցողական է եղել: Ես կարծում եմ, որ իսկապես եղել է կառուցողական, որովհետև երկու հեգեմոն պետության ղեկավարներ գոնե պետք է հանգուցալուծեն մասնավորապես Ուկրաինայի ճգնաժամը:

Ամենազավեշտալին կամ ողբերգականն այն է, որ Ուկրաինան ու Եվրոպան չեն մասնակցելու բանակցություններին, ստացվում է, որ նրանք ստիպված են լինելու ընդունել արդյունքները՝ որպես ի գիտություն: Այսինքն՝ Ուկրաինայի մասով Եվրոպա աշխարհամասի որևէ պետություն որևէ խոսքի իրավունք չունի, փատացի ստացվում է, որ հիմա խանդի տեսարանների ականատես ենք՝ հատկապես Գերմանիայի կանցլերի կողմից:

Հիշում ենք, որ դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ, Թրամփը հանդես եկավ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ հստակ վեցկետանոց ծրագրով, որոնցում ի թիվս այլ կետերի հիմնական ասելիքն այն էր, որ Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու մտքից, ինչը վերահաստատել է նաև հեռախոսազրույցի ժամանակ: Թրամփը Զելենսկուն հստակ ասել է, որ նա պետք է մոռանա նաև կորցրած տարածքների մասին:

Ուղիղ տեքստով նաև պատասխան է եղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից, որը հստակ ասել է, որ ի սկզբանե ոչ ոք Ուկրաինային չի խոստացել ՆԱՏՕ-ին անդամակցություն: Անգամ ասել է, որ Վլադիմիր Պուտինը շատ ուժեղ ու անկանխատեսելի բանակցող է, որի հետ պետք է հաշվի նստել: Հասկանում ենք, որ Եվրոպայի այն խոստումները, թե Ուկրաինան հստակ քայլերով գնում է դեպի ՆԱՏՕ, սուտ խոստումներ էին:

Այնքան կառուցողական զրույց է ծավալվել նախագահների միջև, որ բացի միմյանց հրավիրելուց՝ ԱՄՆ նախագահն ասել է, թե ինքը կցանկանա, որ Ռուսաստանը վերադառնա G7, հասկանում եք, չէ՞, թե սա իր հերթին ինչ կարևոր հայտարարություն է:

Եվս մեկ կարևոր հայտարարություն, որն արդեն իբրև փաստ կարող ենք ասել. Դոնալդ Թրամփը փաստացի ասել է, որ բոլոր այն գումարները, որոնք ժամանակին ԱՄՆ-ն հատկացրել է Ուկրաինային, պետք է վերադարձվեն, սա ուղիղ Զելենսկուն է ասել: Այսինքն՝ այն գումարները, որ ԱՄՆ նախկին վարչակազմի օրոք տրամադրվել են Ուկրաինային որպես ռազմական օգնություն, անհատույց չեն եղել, ոչ մի տեղ նշված չէ, որ դրանք Ուկրաինային անվերադարձ են տրվում, ու հիմա Թրամփը հետ է պահանջում իր պետության տրամադրած օգնությունը:

Թրամփն անգամ ուղիղ ասել է, որ ռուս-ուկրաինական պատերազմն սկսելու գլխավոր մեղավորը նախկին նախագահ Ջո Բայդենն է, որը խոստացել էր Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ու կազմակերպել էր ֆինանսավորումը:

– Ուկրաինայի նախագահն ասել է, որ չի պատրաստվում ընդունել բանակցության որևէ արդյունք, որին ինքը չի մասնակցի:

– Եթե ԱՄՆ ղեկավարը հստակ ու ուղիղ ուղերձն արդեն հղել է, որ անգամ առանց Զելենսկու ֆիզիկական ներկայության, առանց նրա կամքը հաշվի առնելու իրենք արդեն իսկ գալու են ընդհանուր հայտարարի, ու կուլմինացիան արդեն իսկ պարզ է, ապա մնացյալն էական չէ:

Գալու է պահը, որ նա առնչվելու է տարածքային կորուստների հետ ու պատրաստ է լինելու խաղաղության գնալ, որովհետև փաստացի այսօր աշխարհաքաղաքական երկու կենտրոնները որոշում են, որ աշխարհակարգերը բաժանվում են, և երկրորդը՝ որ Ուկրաինան փաստացի կիսվում է:

– Պարո՛ն Կարապետյան, այս պարագայում դա որքանո՞վ կարելի է խաղաղության պայմանագիր համարել:

– Դա լինելու է կապիտուլյացիա, ուղիղ տեքստով եմ ասում, դա համարվում է պարտադրված կապիտուլյացիա, որի հետ Զելենսկին պետք է հարմարվի: Չէի ցանկանա ուղիղ զուգահեռներ անցկացնել մեզ հետ, բայց այս դրվագը շատ նման է մեզ հետ պատահածին, սա կոչվում է «քաղաքակիրթ» կապիտուլյացիա:

Ես նաև մեկ շատ լուրջ մտահոգության մասին ասեմ. եթե Ուկրաինան փաստացի կիսում են, ու սրա հետ հաշտվում են նաև մյուսները, սա կարող է շատ վատ նախադեպ դառնալ: Նույն Ադրբեջանը կարող է դրանից ոգևորվել ու որոշել ռազմական էքսպանսիայի ենթարկել Հայաստանի հարավը ու այդ կերպ կիսեն Հայաստանը: Այս մասով շատ լուրջ մտավախություններ ունեմ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *