Իմ պատկերացմամբ՝ այսօր ԵՄ-ն գտնվում է առանցքային փուլում, երբ փորձում է հասկանալ՝ ինչ է իրենից ներկայացնում այս միությունը, ինչ հեռանկարներ, ինչ ձևաչափ պետք է ունենա, որովհետև մենք տեսնում ենք ԱՄՆ-ի հեռացումն անվտանգային այս քաղաքականությունից:
Սամվել Մելիքսեթյան
Տարօրինակ կլիներ աշխույժ արձագանք ակնկալել հիմա ԵՄ-ից. Սամվել Մելիքսեթյանը՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու մասին
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը
– Պարո՛ն Մելիքսեթյան, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթաց մեկնարկելու նախագիծը, ենթադրելի է, որ այն երկրորդ ընթերցմամբ ևս կընդունվի: Ի՞նչ է հաջորդելու այդ ամենին, պետական մակարդակով արդեն ի՞նչ քայլեր պետք է արվեն:
– Այս գործընթացն իհարկե միակողմանի չէ, սա Հայաստանի կողմից նման հետաքրքրության ու հայտի արձագանք է, իմ պատկերացմամբ՝ հետագա զարգացումներն արդեն կախված են լինելու Եվրամիության քաղաքականությունից:
Հետխորհրդային տարածաշրջանում կա չորս երկիր, որոնք տարբեր մակարդակներով արդեն արտահայտել են ԵՄ-ին միանալու իրենց ձգտումը: Մոլդովան ու Ուկրաինան արդեն իսկ այդ գործընթացի մեջ են, Վրաստանը մինչև վերջին ընտրություններն այդ կարգավիճակն ուներ, հիմա նաև Հայաստանն է, ու սխալ է Հայաստանը դիտարկել այդ գործընթացից առանձին: Այսինքն՝ ինչ զարգացում կունենա Ուկրաինայի, Մոլդովայի եվրաինտեգրման հեռանկարը, հետագայում՝ Վրաստանի, բնականաբար, սա ազդելու է Հայաստանի ճակատագրի վրա:
Իմ պատկերացմամբ՝ այսօր ԵՄ-ն գտնվում է առանցքային փուլում, երբ փորձում է հասկանալ՝ ինչ է իրենից ներկայացնում այս միությունը, ինչ հեռանկարներ, ինչ ձևաչափ պետք է ունենա, որովհետև մենք տեսնում ենք ԱՄՆ-ի հեռացումն անվտանգային այս քաղաքականությունից: Հետևաբար, եթե հիմա Եվրոպան չկարողանա լուծել այս մարտահրավերները, որոնք ավելի լուրջ են հենց Եվրոպայի համար, քան ԱՄՆ-ի, ու նաև դիմակայել Ռուսաստանին, հաջողվի փոխել ֆորմատը, որովհետև հիմա այդ միաձայն քվեարկությունները հաղթահարելու քննարկումներ են ընթանում, երբ Եվրոպայի առանձին պետություն կարող էր վետո դնել որոշումների կայացման վրա, ինչը սառեցնում կամ դանդաղեցնում է աջակցության հնարավորությունը:
Եթե այս ճգնաժամը բերի Եվրոպայի նոր ֆորմատով վերափոխմանը, ու ստեղծվի ավելի ակտիվ քաղաքական շահեր ու ռեսուրսներ ունեցող միավոր, իմ պատկերացմամբ, այդ չորս հետխորհրդային պետությունները իսկապես կունենան եվրաինտեգրման հեռանկար, ու կարծես սա բավականին բնականոն զարգացում է:
Եթե Եվրոպան գտնվի ճգնաժամի մեջ, գիտենք, որ ողջունում են Հայաստանի այս քայլերը, բայց բավականին զգուշավոր են նոր թեկնածուների կարգավիճակի հաստատման հետ կապված, Հայաստանը դեռ ունի որոշ գործընթացներ, որ պետք է անցնի, որպեսզի համապատասխանի ԵՄ անդամ դառնալու չափանիշներին, ինչը բավականին երկար գործընթաց է:
Եթե նայենք հին տրամաբանությամբ՝ սա Հայաստանի համար կարող է լինել շատ երկար տասնամյակների գործընթաց, ինչպես այլ երկրների պարագայում: Եթե այս աշխարհաքաղաքական փոփոխություններն ազդեն ԵՄ-ի քաղաքական որոշումների ու ֆորմատի վրա, ու նա փոխի տարածաշրջանում իր մարտավարությունը ՝ ավելի արագ գործընթաց կարող է լինել: Այսինքն՝ մենք գտնվում ենք առանցքային կետում, որից հետո կարող են լինել տարբեր գործընթացներ:
– Քանի որ նախագծի ընդունումից հետո ԵՄ-ից արձագանք չի եղել, Մյունխենում պանելային քննարկման ժամանակ անդրադարձ չի եղել Հայաստանի մասով, ընդդիմությունը նշում էր, որ սա ցուցիչ է, որ սա իշխանությունների կողմից հերթական փուչիկն է:
– Հայաստանը ԵՄ-ի ներսում ունի հստակ քաղաքական աջակցություն առնվազն առաջատար երկրից՝ Ֆրանսիայից: Տարօրինակ կլիներ նաև ԵՄ-ից աշխույժ արձագանք ակնկալել, որովհետև նրա թիվ մեկ խնդիրը հիմա անվտանգությունն է, Ուկրաինայի պատերազմն ու ԱՄՆ-ի փոխվող ռազմավարությունն այս հարցում:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am