Սինանյանը, անկախ նրանից, թե ով է որպես անձ, ՀՀ ներկայացուցիչն է։ ՀՅԴ կողմից այդ բոյկոտը ՀՀ դեմ է արվում, ոչ թե Սինանյանի։ Սինանյանը կգնա, կնշանակվի մեկ ուրիշը, բայց եթե ՀՅԴ-ը ամեն անգամ էլ քաղաքական դաշտը չկիսի տվյալ իշխանության հետ, ապա նույն բանն են անելու։
Մեր Ուղին
ՀՅԴ պաշտոնական կայքը հայտնում է, որ «ՀՅԴ Հոլանդիայի ընտանիքը» մերժել է նրա հետ ցանկացած հանդիպում՝ դա բնորոշելով որպես հայրենասիրական քայլ՝ ուղղված դավաճան իշխանություննների դրածոյի դեմ բոյկոտ։
Առհասարակ, ՀՅԴ կառույցները բավական զարմացնող պահվածք ունեն վերջին տարիներին։ ՔՊ իշխանության դեմ ունեցած կուսակցական ատելությունն այն աստիճան է մթագնել նրանց, որ ՀՀ իշխանությունների հետ ցանկացած հանդիպումից փախչում են, ինչպես՝ այրվածը՝ կրակից։ Ընդ որում մի քիչ անհամեստորեն նշելով, որ դա միահամուռ բոյկոտ է և ըստ էության ազգային-հայրենասիրական քայլ, հարց է առաջանում, թե ո՞րն է դրա տված օգուտը։ Ենթադրենք ՀՅԴ կառույցները(որոնք հազիվ թե Նիդերլանդներում առանձնապես ուժեղ և հսկայական ներկայություն ունեն) մերժեցին Սինանյանին հանդիպել, դա մեզ ի՞նչ տվեց։ Ոչինչ։ Եթե դաշնակցականները իրոք հավատում են, որ Սինանյանի միակ գործը թշնամություն մտցնելն ու երկպառակիչ գործողություններ անելն է, ապա ավելի լավ չէր լինի հանդիպել ու նրան փաստերով այնպես խեղդելու, հարցախեղդ անելու, որ Սինանյանն ինքը ամոթահար փախչեր, մենք էլ տեսնեինք, որ թեև Հայաստանից հեռու, բայց այնտեղ ապրող դաշնակցականներն այնքան ուղղամիտ ու տեղեկացված են, որ կարող են քաղաքական իրենց մեծ հոտառությամբ հասկանալ, թե ով ինչ է իրենից ներկայացնում և հենց տեղում ճզմել են նրան։
Բայց դրա փոխարեն դաշնակցականները հրաժարվում են հանդիպել, անունը դնում են բոյկոտ և ուրախանում, որ չեն ընդունել մեկին, ում ղեկավարի հետ քաղաքական տարաձայնություններ ունեն։ ՀՅԴ կարծիքով սա լուրջ և կարևոր քայլ է։ Իրենց իսկ էջում դրված նյութում մի խումբ համակիրներ, որոնց մեծ մասը Հայաստանում չէ, հայհոյում են Սինանյանին ու գնում իրենց գործերով։
Անկախ այդ ամենից, Սինանյանը Նիդերլանդներում հանդիպել է Սփյուռքի գործերի հանձնակատարների, «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների, «Աբովյան» մշակութային միության ղեկավար կազմի և նիդերլանդաբնակ երիտասարդների հետ, նրանց հետ քննարկումներ ունեցել, հրավիրել մասնակցելու այս տարվա Ազգային երիտասարդական 2-րդ համաժողովին, որն անցկացվելու է 2025 թ. ամռանը՝ Երևանում: Ըստ էության դաշնակցական բոյկոտը մնացել է միայն դաշնակցականների ձեռքում։ Եթե իրենց տրամաբանությանը նայենք, ապա Սինանյանի հետ հանդիպած ամեն հայ անհայրենիք է, դավաճան, գործակալ և այլն։
ՀՅԴ-ը ոչ մի կերպ չի ցանկանում ի վերջո առերեսվել փաստերին։ Չի ցանկանում մի կողմ դնել հենց իր կողմից իրականացվող երկպառակիչ գործունեությանը։ Որովհետև Սինանյանը, անկախ նրանից, թե ով է որպես անձ, ՀՀ ներկայացուցիչն է։ ՀՅԴ կողմից այդ բոյկոտը ՀՀ դեմ է արվում, ոչ թե Սինանյանի։ Սինանյանը կգնա, կնշանակվի մեկ ուրիշը, բայց եթե ՀՅԴ-ը այդ ամեն անգամ էլ քաղաքական դաշտը չկիսի տվյալ իշխանության հետ, ապա նույն բանն են անելու։ Էլի կբոյկոտեն(մեծ հաշվով անարդյունք) ու իրենք իրենց կհավատացնեն, որ մեծ ու կարևոր բան են արել։
Դա՞ է ՀՅԴ ողջ ներուժը։ Այդ մանկական չարություննե՞րը։ Բոյկոտել ՀՀ ներկայացուցչին, որովհետև Փաշինյանն ու ՀՅԴ-ը իրար տանել չեն կարողանո՞ւմ։ Ու արդարացնել, որովհետև Փաշինյանը «դավաճան է ու նրա ամեն կադր էլ դավաճան է» սկզբունքո՞վ։
Այդ դեպքում, հարց է ծագում, թե երբ Զարուհի Փոստանջյանը 2017թ․ Սերժ Սարգսյանին Բրյուսելում խաղամոլ էր անվանել, հարցրել նրա՝ խաղատանը տարված գումարների մասին, ՀՅԴ շրջանակից բավական տրամաբանական արձագանք եկավ, որ պետք չէ միջազգային հարթակներում խայտառակ լինել ու նման վարք ունենալ, եթե հարց կա, ապա պետք է դա քննարկել այստեղ՝ Հայաստանում, որ քաղաքական առումով դա վնասում է Հայաստանի հեղինակությանը և այլն և այլն։ Եվ ճիշտ էին անում, որովհետև Սերժ Սարգսյանը, խաղամոլ է, թե ոչ, գումար էր տարվել թե ոչ, պետք չէր ողջ աշխարհի բերանը լեզու դնել ու նման հարցեր քննարկել։ Բայց ՀՅԴ-ը, որ այդ ժամանակ զսպվածության կոչ էր անում, հիմա լրիվ հակառակն է անում, անում է այն, ինչ մի ժամանակ տիկին Փոստանջանը։ Ինչո՞ւ էր ՀՅԴ-ը 2017-ին նույն բանի մասին մի տեսակետ արտահայտում, իսկ 2025-ին մեկ այլ։ Որովհետև Սերժ Սարգսյանն իրենց ընկերն էր, իսկ Փաշինյանը՝ ո՞չ։ Դա է այն ամենն ինչի ընդունակ է ՀՅԴ-ը։ Եթե այդպես է, ապա շատ տխուր է։ Տխուր է, որ Հայաստանի քաղաքական երբեմնի հենասյուներից մեկն այսօր այլ բան չի գտնում Նիդերլանդներում անելու, քան Բյուրոյի ու ՀՅԴ Հայաստանի ԳՄ հրամանով մանր բոյկոտներ անելն է։ Տխուր է, որ աշխարհասփյուռ ՀՅԴ-ը այսօր ընդամենը ՀԿ կարգավիճակի է հավասարվում ու ինքն իրեն դնում անհարմար դրության մեջ։ Մերժեցին ու չհանդիպեցին, հետո՞։ Դա ի՞նչ օգուտ է տալու Հայաստանին։ Ոչ մի, որոևհետև ոչ մի օգուտ չի տվել ո՛չ այս բոյկոտը, ոչ էլ այն բոյկոտները որ արեցին Կանադայում, ԱՄՆ-ում և այլուր, որովհետև բոլորը, խոշոր հաշվով անտարբեր են այդ ամենի հանդեպ։ Դե իսկ եթե ՀՅԴ-ը հույս ունի, որ նման միջոցառումներով ինչ որ բան է փոխելու, ապա մնում է հաջողություն մաղթել այդ անիմաստ ու անպտուղ գործողություններում։
Գրառումը՝ ARFD