Միջազգային

Ռուսական Հաղթանակ Վաշինգտոնում

ՌԴ նախագահը կարող է պարզապես ձեռքերը ծալած նստել և հետևել իրադարձությունների զարգացմանը։ Բայց Կրեմլում շատերը դեռ չեն վստահում Վաշինգտոնում տեղի ունեցողին։

Bloomberg-ը գրում է, որ Ռուսաստանը հաճույքով է հետևում Զելենսկու նվաստացմանը Օվալաձև կաբինետում

Նախագահ Թրամփը կյանքի է կոչում Վլադիմիր Պուտինի բոլոր երազանքները Ուկրաինայում, բայց նույնիսկ Կրեմլում դժվարությամբ են հավատում նման զարգացումներին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աննախադեպ նվաստացումը Օվալաձև կաբինետում՝ ամերիկյան առաջնորդի և նրա փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կողմից, գերազանցեց Ռուսաստանի բոլոր սպասելիքները։

Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ երկրի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ Թրամփը Զելենսկուն «ճշմարտությունը ասեց ուղիղ դեմքին»․ «Բայց դա բավարար չէ՝ ռազմական օգնությունը պետք է դադարեցվի»։ Մեդվեդևը X սոցիալական ցանցում Զելենսկուն «լպիրշ խոզ» է անվանել։

«Թրամփն ու Վենսը Զելենսկուն վերաբերվեցին ինչպես դռան գորգի», — ասել է մոսկվացի քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը, որը քարոզում է «Ռուսական աշխարհի» գաղափարախոսությունը։ «Խաղն ավարտված է»։

Goldman Sachs Group Inc.-ի նախկին բանկիր, Պուտինի ազդեցիկ դեսպան Կիրիլ Դմիտրիևը X-ում տեղադրել է Թրամփի և Զելենսկու միջեւ բուռն փոխանակման տեսանյութը՝ նկարագրելով այն մեկ բառով՝ «պատմական»։

Պաշտոնական արձագանքը դեռևս ավելի զուսպ է։ Կրեմլին մոտ կանգնած պաշտոնյաներից մեկը նշել է, որ Ռուսաստանը ոչ մի ազդեցություն չունի ԱՄՆ-ի վրա։

Առերևույթ, ՌԴ նախագահը կարող է պարզապես ձեռքերը ծալած նստել և հետևել իրադարձությունների զարգացմանը։ Բայց Կրեմլում շատերը դեռ չեն վստահում Վաշինգտոնում տեղի ունեցողին։

Կրեմլում մինչև վերջ չեն հասկանում Թրամփի ռազմավարությունը և զգուշավոր են նրա կողմից հնարավոր թակարդների նկատմամբ, նշել է աղբյուրը։

«Ռուսաստանում նույնպես շոկի մեջ են, բայց, իհարկե, շատ ուրախ», — ասել է Carnegie Russia Eurasia Center-ի ավագ գիտաշխատող Տատյանա Ստանովայան։ «Պուտինը բախտավոր է, բայց հենց այնպես հաջողություն կամ հաղթանակ չի լինի»։

Կրեմլը հատկապես անհանգստացած է այն հանգամանքով, որ Թրամփը անհամբեր է։ Զելենսկու հետ վիճաբանությունից հետո նա կրկին հայտարարել է, որ ցանկանում է «անհապաղ զինադադար» Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։

Ռուսաստանի տնտեսությունը դանդաղման նշաններ է ցույց տալիս, և Պուտինը գուցե ցանկանա դադարեցնել ռազմական գործողությունները։ Սակայն Մոսկվան բազմիցս բացառել է զինադադարի հնարավորությունը։ Ռուսաստանի զորքերը զգալի առաջընթաց են գրանցում Ուկրաինայի արևելքում, թեև՝ մեծ կորուստների գնով։ Առանց ԱՄՆ-ի աջակցության, Կրեմլի ուժերը կարող են էլ ավելի առաջ շարժվել։

«ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև տարաձայնությունները ձեռնտու են Ռուսաստանին, բայց կարող են նաև հանգեցնել պատերազմի ձգձգման, մինչդեռ Մոսկվան պատրաստ է այն ավարտել», — նշել է MGIMO-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Անդրեյ Սուշենցովը։

Ընդհանուր առմամբ, Թրամփի և Զելենսկու հանդիպումը Կրեմլի համար ակնհայտ հաղթանակ է թվում։ Պուտինը բազմիցս կասկածի տակ է դրել Զելենսկու լեգիտիմությունը որպես պետության ղեկավար։ Այժմ ամերիկյան ձայները կրկնում են Պուտինի ցանկությունը Զելենսկու հեռացման վերաբերյալ։

Ռուսաստանի տեսանկյունից, սա վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ի հարաբերությունները Ուկրաինայի՝ և ընդհանրապես Եվրոպայի հետ, գրեթե փլուզվել են։ Այս նպատակն Պուտինը նշել էր դեռ 2007-ին՝ Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթի ընթացքում։ Նրա մտքերը արտացոլվել են Վենսի կողմից եվրոպական արժեքների դեմ հնչեցված քննադատության մեջ՝ անցյալ ամիս տեղի ունեցած նույն համաժողովում։

Զրույցների մեկնարկից դեռ առաջ Թրամփն արդեն զիջել էր Ռուսաստանի պահանջին, որ Ուկրաինան հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումից։ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ Ուկրաինան չունի իր տարածքների՝ 2014-ից ի վեր Ռուսաստանի կողմից գրավված հատվածները, ներառյալ Ղրիմը, վերադարձնելու իրական հնարավորություն, իսկ Թրամփը բացառել է ԱՄՆ-ի զորքերի ներկայությունը որպես խաղաղապահներ։

Զելենսկին լքել է Սպիտակ տունը՝ առանց ստորագրելու հանքային ռեսուրսների վերաբերյալ պայմանագիրը, որը, ըստ Թրամփի, ԱՄՆ-ի և Կիևի միջև համագործակցության առանցքային տարրն է։

Կրեմլամետ քաղաքական խորհրդատու Սերգեյ Մարկովի խոսքով՝ հետևանքները, ամենայն հավանականությամբ, կարտահայտվեն Ուկրաինայի ֆինանսավորման կտրուկ կրճատմամբ ԱՄՆ-ի կողմից։ «Զելենսկին պետք է հնարավորինս արագ լքի նախագահի պաշտոնը», — գրել է նա Telegram-ում։

Եվրոպական առաջնորդների համար, որոնք շփոթված են այս իրադարձություններից, Սպիտակ տանը տեղի ունեցած բախման հետևանքները արդեն ակնհայտ են։ Ուկրաինայի ճակատագիրն ու մայրցամաքի անվտանգությունը այժմ կարող են կախված լինել միայն նրանցից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *