Մաս 23
Իրավիճակին ավելի լավատեղյակ շրջանակներից լուրեր էին տարածվում, որ Արկադի Ղուկասյանը երրորդ ժամկետով չի առաջադրվել, բայց պայմանավորվածություն է ունեցել, որ «մեկ տարի հետո Բակո Սահակյանը հրաժարական կտա, եւ ինքը կվերադառնա իշխանության»: Ըստ վստահելի աղբյուրների, այդ ծրագրին կտրուկ դեմ է արտահայտվել վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Վահրամ Աթանեսյան
2008 թվականի հունվարին Ստեփանակերտում տեղի ունեցավ ներքաղաքական մի իրադարձություն, որ հանրության ուշադրությանը չարժանացավ: Բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումներում ԱԺԿ խմբակցությունը դեմ էր արտահայտվել կառավարության մի քանի նախաձեռնություններին, որ ակնհայտորեն պոպուլիստական էին: Եզրափակիչ նիստում խմբակցությունն իր տեսակետը ներկայացրեց արդեն «Եզրակացության» տեսքով՝ անակնկալի բերելով մի քանի ամիս առաջ վարչապետ նշանակված Արայիկ Հարությունյանին: ԱԺԿ‑ն, իհարկե, բյուջեի նախագծին «կողմ» քվեարկեց, բայց վերապահում արեց, որ այդ որոշումը բխում է քաղաքական համերաշխությունը չխախտելու նպատակահարմարությունից:
Խորհրդարանը գնաց ձմեռային կարճատեւ արձակուրդի: Մի քանի օր անց հայտնի դարձավ, որ խմբակցության մի քանի անդամներ հրավիրվել են նախագահի նստավայր, որտեղ նրանցից բացատրություն են պահանջել, թե ի՞նչ նկատառումներով են «քննադատել կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, որի հիմքում նախագահ Բակո Սահակյանի նախընտրական ծրագիրն է»: Այդ «հանդիպումների» արդյունքում ԱԺԿ խմբակցության չորս անդամներ հրաժարվեցին բյուջեի մասին օրենքի վերաբերյալ «Եզրակացության» մեջ տեղ գտած քաղաքական գնահատականներից եւ հայտարարեցին, որ ձեւավորում են «անկախ պատգամավորական խումբ»:
Նույն օրերին «Ազատ հայրենիք» կուսակցությունը բարձրացրեց Ազգային ժողովի նախագահի փոփոխության հարց: Հիմնավորումը լիովին տրամաբանական էր. ԱԺԿ‑ն այլեւս խորհրդարանում մեծամասնություն չունի, ուստի այդ կուսակցության առաջնորդ Աշոտ Ղուլյանը պետք է հրաժարական տա: Մի քանի օր տեւած քննարկումներից հետո, սակայն, նախագահ Բակո Սահակյանը որոշեց, որ Աշոտ Ղուլյանը պետք է մնա Ազգային ժողովի նախագահ: Ակնհայտ դարձավ, որ հիմնական խնդիրն այլեւս լուծված է՝ ԱԺԿ‑ն, որ համարվում էր նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կուսակցությունը, խորհրդարանում այլեւս մեծամասնություն չունի, ամենամեծ ցանկության դեպքում իսկ չի կարող խոչընդոտել կառավարության գործունեությանը, իսկ Ազգային ժողովի նախագահը, քանի որ մեծ կախման մեջ էր ընկնում վարչապետ Արայիկ Հարությունյանի խորհրդարանական խմբակցությունից, դադարում է ինքնուրույնությունից:
Այդ փուլում իշխանության «կողասրահներից» արտահոսք եղավ, որ Արկադի Ղուկասյանը, թեեւ խոստացել էր մնալ Ստեփանակերտում եւ աջակցել Բակո Սահակյանին, «լուրջ ընդհարում է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ»: Պատճառն այն էր, որ վարչապետը խիստ քննադատական գնահատական էր տվել Անուշավան Դանիելյանի կառավարությանը, հետեւաբար՝ նաեւ Արկադի Ղուկասյանին: Իրավիճակին ավելի լավատեղյակ շրջանակներից լուրեր էին տարածվում, որ Արկադի Ղուկասյանը երրորդ ժամկետով չի առաջադրվել, բայց պայմանավորվածություն է ունեցել, որ «մեկ տարի հետո Բակո Սահակյանը հրաժարական կտա, եւ ինքը կվերադառնա իշխանության»: Ըստ վստահելի աղբյուրների, այդ ծրագրին կտրուկ դեմ է արտահայտվել վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Ազգային ժողովում ԱԺԿ խմբակցության դեմ ձեռնարկած քայլերն, այսպիսով, բացատրվում էին նրանով, որ գործադիր իշխանությունը նախկին նախագահին «զրկում է քաղաքական հենարանից»: Այս իրադարձություններն Ստեփանակերտում ծավալվեցին Հայաստանի նախագահական ընտրությունների սուր մրցապայքարի եւ դրանից ածանցված քարոզչության ֆոնին: ԼՂՀ ռազմա-քաղաքական վերնախավի համակրանքն, իհարկե, Սերժ Սարգսյանի օգտին էր: Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ քարոզչությունը հիմնավորվում էր մի թեզով. «Եթե Հայաստանում ոչ ղարաբաղցի նախագահ ընտրվի, Ղարաբաղը ծախելու է»: Այդ ընթացքում Ստեփանակերտի եւ Երեւանի միջեւ ի՞նչ շփումներ էին՝ հրապարակային տեղեկություններ հայտնի չեն: Քաղաքական ուժերից Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ լուրջ քարոզչություն էր տանում ՀՅԴ Արցախի կառույցը: Բավական եռանդուն էր գործում նաեւ Ազատ հայրենիք կուսակցությունը: Հետընտրական լարվածության օրերին Արցախից Հայաստանի Գերագույն խորհրդի որոշ պատգամավորներ փորձ արեցին միջնորդ լինել՝ ներկայանալ Երեւան եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին համոզել, որ դադարեցնի ցույցերը, բայց առաջարկությունը մերժվեց: Հասկանալի էր, որ ԼՂՀ ռազմա-քաղաքական վերնախավը լիովին սատարում է Սերժ Սարգսյանին: Մի քանի օր անց տեղի ունեցավ մարտի 1‑ի ողբերգությունը: Հետագայում պիտի պարզվեր, որ Երեւան մտցված զորախմբի կազմում արցախցի զինվորականներ էլ են եղել:
(Շարունակելի)
