Նիկոլ Փաշինյանն այսպես թե այնպես կգնա, Հայաստանում այլևս կուսակցական դիկտատուրա ու միանձնյա իշխանություն չի լինելու, բայց ՀՅԴ-ը շարունակելու է մնալ իր նույն խարխլված վիճակում։ Նիկոլ Փաշինյանը կհեռանա, կգան ուրիշները, բայց այդ ուրիշների շարքում ՀՅԴ-ը չի լինելու, ինչպես որ չկար Փաշինյանից առաջ։
Մեր Ուղին
Այս օրերին ընթացող Ընդհանուր Ժողովը, որի հետ կապված իրական փոփոխությունների հույս իրականում չկա, և դրան անհամբեր սպասող որոշ շրջանակների հապշտապ արձագանքները ցույց են տալիս, որ ՀՅԴ-ում տրամադրությունները ոչ թե ընթանում են կուսակցության ծրագրի համապատասխան, այսինքն՝ հայ ժողովրդի որևէ ցավին դարման հասցնելու միտումով, այլ ավելի շատ կուսակցության ներսում իշխանություն ունենալու և այդ ունեցած իշխանությունը դրսի որևէ մեկին ծառայեցնելու համար։ Կուսակցության ներսում չթաքցվող հակակրանք ունեն միմյանց հանդեպ Իշխան Սաղաթելյանի և Հրանտ Մարգարյանի թևերը, որոնցից «իշխանականները» Ռ. Քոչարյանի հանդեպ մեծ համակրանք ունեն, իսկ «հրանտականները»՝ Ս. Սարգսյանի։ Տպավորություն է, որ հենց Սարգսյանն ու Քոչարյանն են ՀՅԴ Ընդհանուր Ժողովի գլխավոր շահառուները։ Կախված նրանից, թե ով կհաղթի այդ ժողովում, այսինքն՝ Բյուրոյում ավելի շատ կողմնակիցներ կունենա, ըստ այդմ էլ կորոշվի, թե ՀՅԴ-ը առաջիկա տարիներին ում է հայհոյելու և ում՝ գովելու։ Սա մի սարսափելի իրավիճակ է, երբ ՀՅԴ-ի մասին նման կարծիք է ձևավորվել, ու բնականաբար արդեն ավելորդ է մտածել անգամ, թե ՀՅԴ-ում հերթական ընտրություններում ազգանպաստ որ գործիչն ինչ կասի։ ՀՅԴ-ը երկար տասնամյակներ գերի է ընկել իր ղեկավարների ձեռքում, որոնք կուսակցությունը դարձրել են անձնական խաղալիք ու զոհաբերության առարկա՝ քաղաքական դեմքերին ու շահերին զոհելու համար։ Ցավալին այն է, որ կուսակցության շարքերում շատերը շարունակում են ականջներն ու աչքերը փակել այդ ամենի դեմ և հնազանդվել կուսակցությունը քաղաքական ինքնասպանների ջոկատ դարձրածներին։ ՀՅԴ 35-րդ Ընդհանուր Ժողովում հաղթելու է կա՛մ Սերժ Սարգսյանը, կա՛մ Ռոբերտ Քոչարյանը, իսկ շարքերին ստիպելու են մարսել այդ ամենը և արդարացնել։ Անկախ նրանից, թե ով կհաղթի, տեղի է ունենալու ընդամենը մարդու փոփոխություն, ոչ թե իրավիճակի։ Մեկը գնալու է, մյուսը՝ գալու, բայց կազմակերպական նահանջը շարունակվելու է։ Եվ այդ ամենն արդարացնելու համար ՀՅԴ-ում շարունակելու են պահել Նիկոլ Փաշինյանի կերպարը որպես համընդհանուր թշնամու, որպեսզի նրա դեմ գոռգոռոցների ընթացքում մոռացվի, թե դաշնակցականներից ով որքան է վնասել կուսակցությանը։ Այդ առումով ևս որևէ այլ սպասելիք չկա։ Նույնիսկ արդեն ավելորդ են դառնում համեմատությունները, թե 1918-20 թթ. ՀՅԴ գործիչներն ինչպես էին վարվում ու խոսում, ինչպես էին իրենց անձնական համակրանքն ու հակակրանքը մի կողմ դրել։ Ոչ, այդ ժամանակներն անցել են։ Կուսակցության ինքնությունը՝ ևս։ Ու այդ գործին մեծ թափով լցված են նաև ՀՅԴ սփյուռքի շատ կենտրոններ, որոնց օրակարգում միայն մի բան կա՝ Նիկոլ Փաշինյանը։ Դաշնակցությունն այնպիսի ավյունով է հայհոյում Փաշինյանին, որ հարց է առաջանում՝ 2018-ից առաջ կուսակցությունն ինչո՞վ էր զբաղված, մի՞թե Փաշինյանը կարողացել է փոխել կուսակցության ողջ ծրագիրն ու օրակարգը տարիներով։ Սփյուռքում՝ առավել, քան Հայաստանում, շարունակվում է երազային իրավիճակը։ Սփյուռքում շատերի միակ տեղեկատվական աղբյուրը դաշնակցական հայհոյանքներն ու զրպարտանքներն են, ու նրանք շարունակում են ցանկացած հարցի մեջ դնել կառավարության հրաժարականը, և որքան էլ որ զարմանալի է, հենց ՀՅԴ վերադարձը իշխանության (ինչպես օրինակ՝ Արգենտինայի ՀՅԴ-ական Խաչիկ Տեր-Ղուկասյանի գրառումը՝ լինքը վերջում)։ Նիկոլ Փաշինյանն այսպես թե այնպես կգնա, Հայաստանում այլևս կուսակցական դիկտատուրա ու միանձնյա իշխանություն չի լինելու, բայց ՀՅԴ-ը շարունակելու է մնալ իր նույն խարխլված վիճակում։ Նիկոլ Փաշինյանը կհեռանա, կգան ուրիշները, բայց այդ ուրիշների շարքում ՀՅԴ-ը չի լինելու, ինչպես որ չկար Փաշինյանից առաջ։ Սերժ Սարգսյանի իշխանավարման ընթացքում, դրանից առաջ ՀՅԴ-ը երբեք Հայաստանում այնպիսի տոկոս չի հավաքել, որ փոքր-ինչ ժողովրդավարության մասին խոսեր կամ ժողովրդի կողմից ընդունված ու սիրված լիներ։ Իսկ հիմա՝ առավել ևս, կուսակցությունը հասարակական պարսավանքից այն կողմ չի գնում։ Որքան էլ որ մարդիկ Փաշինյանից հոգնած լինեն, որքան էլ որ արդարացի լինեն նրա հանդեպ մեղադրանքները բոլոր հարցերում, դա ՀՅԴ-ին չի օգնելու։ Սևացնելը՝ սպիտակ երևալու սկզբունքը չի աշխատելու։ Մարդիկ չեն ուզում իշխանության գլխին տեսնել նախկիններին, իսկ ՀՅԴ-ը, դժբախտաբար, նախկիններից է։ Լճացած շարքերն ու կուսակցամոլ ընթացքը ՀՅԴ-ին թույլ չեն տալիս դուրս գալ այդ վիճակից։ Ու այս Ընդհանուր Ժողովը ևս լինելու է հերթականն ու հպանցիկը։ ՀՅԴ ընթացքը նման է դեպի վար գլորվելուն։ Դա կարող է ընթացքի տրամաբանություն ստեղծել, բայց ոչ ավելին։ Ընկնելը, որքան էլ երկար տևի, մի օր դադարելու է, որովհետև հնարավոր չէ հավիտյան ընկնել. մի օր այդ անկումը ևս դադարում է, իսկ դրանից հետո գալիս է մահվան լռությունը։ Այդ ժամանակ արդեն կարևոր չեն լինի, թե ՀՅԴ որ ղեկավարը կուսակցությունն ում վաճառեց և ինչպիսի պաթետիկ բառերով արդարացրեց։ Վաղը կամ մյուս օրը ժողովը կվերջանա, կհայտարարվի կուսակցության նոր ղեկավար կազմը, որին, հավանաբար, կուղղորդի ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ը։ Կլինի կիսախաղտաբղետ կազմ, որի մի մասը «հրանտականներն» են կամ «իշխանականները», բայց ոչ՝ դաշնակցականները։ Կուսակցությունը մնացել է հեռու, հեռվում։