ԱՄՆ-ին անհրաժեշտ են եվրոպական դաշնակիցները Չինաստանի դեմ դիմակայության համար Խաղաղ օվկիանոսում, կիբերանվտանգության, տիեզերական տեխնոլոգիաների և Արկտիկայի ոլորտներում, որտեղ ՆԱՏՕ-ի վեց երկրներ ռազմավարական շփում ունեն Ռուսաստանի հետ։
Ջեյմս Ստավրիդիսը Bloomberg-ի համար. «Եվրոպան պատրաստվում է ՆԱՏՕ-ի ավարտին»։
Ջեյմս Ստավրիդիսը ԱՄՆ-ի թոշակառու ադմիրալ է, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության նախկին գլխավոր հրամանատարը և ՆԱՏՕ-ի Գերագույն գլխավոր հրամանատարը Եվրոպայում։
-Եթե Թրամփը դուրս բերի ԱՄՆ-ը դաշինքից, եվրոպական դաշնակիցները այլևս չեն հետևի Վաշինգտոնին արտաքին քաղաքական հարցերում։
-Սա այն հոդվածն է, որը ես երբեք չէի կարծում, որ ստիպված կլինեմ գրել՝ հատկապես որպես ՆԱՏՕ-ի Միացյալ ուժերի նախկին Գերագույն գլխավոր հրամանատար։ Բայց, ցավոք, հաշվի առնելով այս հին ռազմական դաշինքի նկատմամբ աճող թերահավատությունն ու տարաձայնությունները, որոնք ավելի ու ավելի ուժեղ են հնչում Վաշինգտոնից և Եվրոպայից՝ Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում, եկել է ժամանակը մտածելու. ի՞նչ կպատահի, եթե ԱՄՆ-ը լքի ՆԱՏՕ-ն։
Արդյո՞ք մենք իսկապես ականատես ենք լինում դաշինքի վերջին օրերին։ Ի՞նչով կարելի է այն փոխարինել։ Իսկ եթե այն շարունակի գոյություն ունենալ՝ ինչպիսի՞ տեսք կունենա ՆԱՏՕ-ն առանց ԱՄՆ-ի։
ԱՄՆ դուրս գալը ՆԱՏՕ-ից՝ կործանարար սխա՞լ, թե՞ իրականություն։ ԱՄՆ-ի դուրս գալը ՆԱՏՕ-ից կլիներ ռազմավարական սխալ հսկայական մասշտաբով, բայց Հանրապետական կուսակցության ազդեցիկ քաղաքական գործիչները լրջորեն քննարկում են այս քայլը։ Ինչպես վերջերս հայտարարել է հանրապետական սենատոր Մարկուեյն Մալինը (Օկլահոմա). «ՆԱՏՕ-ն միշտ չէ, որ գործում է մեր շահերից ելնելով։ Եվ եթե դաշինքն այլևս չի համապատասխանում Ամերիկայի շահերին, մենք պետք է վերանայենք դրա անհրաժեշտությունը»։
Անցած հունիսին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 46 հանրապետականներ կողմ են քվեարկել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը դադարեցնելու փոփոխությանը։ Դաշինքի նկատմամբ թերահավատական դիտարկումներ է արել նաև փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որը Մյունխենի անվտանգության համաժողովում բացահայտ ծաղրել է ՆԱՏՕ-ն։ Իսկ Թրամփի հրապարակային կոնֆլիկտը Զելենսկու հետ Օվալաձև կաբինետում ավելի է կասկածի տակ դրել հետագա համագործակցության հեռանկարները։
Թրամփի վարչակազմի որոշումը ՄԱԿ-ում դեմ քվեարկել բանաձևին, որը դատապարտում էր Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա (Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի հետ միասին), դարձավ ցնցող ազդանշան տրանսատլանտյան միասնության քայքայման մասին։
Եվրոպան ելք է փնտրում, պաշտպանական ինքնավարություն և անկախ քաղաքականություն
Ֆրանսիայում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում կասկածները ԱՄՆ-ի՝ դաշնակցային պարտավորություններին նվիրվածության վերաբերյալ աճում են։
Էմանուել Մակրոնը տարիներ շարունակ առաջ է մղում «Եվրոպայի ռազմավարական ինքնավարության» գաղափարը, իսկ անցած շաբաթավերջին նա և Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիրսթարմերը արտակարգ հանդիպում են անցկացրել ԵՄ առաջնորդների հետ՝ քննարկելու Ուկրաինայում ռազմական հակամարտության ավարտի այլընտրանքային քայլերը՝ առանց Վաշինգտոնի։
Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ուղղակի հայտարարել է. «Մենք պետք է պատրաստվենք այն փաստին, որ Դոնալդ Թրամփը այլևս անվերապահորեն չի աջակցի ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության սկզբունքին։ Եվրոպան ստիպված կլինի իր անվտանգության մասին ինքնուրույն հոգ տանել»։
Զելենսկին, զգալով աճող անջրպետը, կոչ է անում ստեղծել «միացյալ եվրոպական բանակ», ակնարկելով, որ Ուկրաինան այլևս չի կարող հույս դնել ԱՄՆ-ի վրա։
Ինչու՞ է ՆԱՏՕ-ն դեռևս շահավետ ԱՄՆ-ի համար։
Չնայած դուրս գալու մասին ամբողջ խոսույթին, ՆԱՏՕ-ն մնում է չափազանց արժեքավոր Ամերիկայի համար.
Եվրոպան, գտնվելով Ռուսաստանի և Թրամփի ճնշման տակ, արդեն բարձրացրել է ռազմական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 2%-ը և քննարկում է դրանք հասցնել 3,5%-ի՝ մի մակարդակի, որը համեմատելի է ԱՄՆ-ի հետ։
Եվրոպայի համակցված պաշտպանական բյուջեն աշխարհում երկրորդն է ԱՄՆ-ից հետո՝ առաջ անցնելով Չինաստանից և Ռուսաստանից։
Եվրոպական ռազմական հսկաները՝ Airbus, BAE Systems, Saab, Rheinmetall և այլ ընկերություններ, ստանում են բազմամիլիարդանոց պայմանագրեր, բայց ավելի հաճախ՝ ամերիկյան ռազմական ընկերությունների հաշվին։
Բացի այդ, ԱՄՆ-ին անհրաժեշտ են եվրոպական դաշնակիցները Չինաստանի դեմ դիմակայության համար Խաղաղ օվկիանոսում, կիբերանվտանգության, տիեզերական տեխնոլոգիաների և Արկտիկայի ոլորտներում, որտեղ ՆԱՏՕ-ի վեց երկրներ ռազմավարական շփում ունեն Ռուսաստանի հետ։
Բայց եթե Թրամփը, այնուամենայնիվ, դուրս բերի ԱՄՆ-ին դաշինքից և հետ կանչի գրեթե 100,000 ամերիկացի զինվորականներին Եվրոպայից, ՆԱՏՕ-ն կփլուզվի։ Ամերիկյան բազաները և ռազմական նավերը կտեղափոխվեն ԱՄՆ, իսկ ԱՄՆ ռազմաօդային ուժերը կկորցնեն մայրցամաքում իրենց հիմնական օպերատիվ հնարավորությունները։
Ի՞նչ կստեղծվի ՆԱՏՕ-ի փոխարեն։
Եթե ԱՄՆ-ը դուրս գա, Եվրոպան ստիպված կլինի ստեղծել նոր ռազմական դաշինք։ Հնարավոր են երկու տարբերակ.
- Եվրոպական Պայմանագրային Կազմակերպություն (ETO)*շ – նոր դաշինք, որը կհիմնվի ՆԱՏՕ-ի կառուցվածքի վրա, բայց առանց ԱՄՆ-ի։ Հնարավոր է՝ Կանադայի մասնակցությամբ, որը արդեն ցուցաբերում է հետաքրքրություն։
- Եվրոպական Միությունը կվերցնի ռազմական դաշինքի դերը՝ օգտագործելով ԵՄ-ի առկա կառույցները և ընդլայնելով սեփական ռազմական գործողությունները։
Բայց ակնհայտ է մեկ բան. առանց ԱՄՆ-ի Եվրոպան կսկսի գործել ինքնուրույն։
Ինչպե՞ս կփոխվի համաշխարհային աշխարհաքաղաքականությունը։
Եվրոպան կուժեղացնի իր միջուկային կարողությունները (Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան արդեն ունեն միջուկային զենք)։
Պաշտպանական ծախսերը կաճեն, ներառյալ ավիացիան, կիբերանվտանգությունը և հետախուզությունը։
ԵՄ-ի քաղաքական կուրսը կհեռանա ԱՄՆ-ից – Չինաստանի հետ առճակատման փոխարեն Եվրոպան կարող է խորացնել տնտեսական և հնարավոր է՝ ռազմական համագործակցությունը Պեկինի հետ։
-ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների աջակցությունը կնվազի, իսկ Եվրոպայի առևտրային կապերը Մերձավոր Արևելքի հետ կզարգանան։
- Եվրոպական երկրները կսկսեն դեպի իրենց ձգել ԱՄՆ-ի առևտրային գործընկերներին, հատկապես, եթե Թրամփը միաժամանակ նոր մաքսատուրքեր մտցնի ԵՄ-ի դեմ։
- Ուկրաինան կստանա աջակցություն Եվրոպայից, բայց առանց ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի վրա ճնշումը կնվազի։
Դաշինքի ապագան. կփլուզվի՞ արդյոք տրանսատլանտյան կամուրջը։
Սառը պատերազմի տարիներին ՆԱՏՕ-ն ստեղծվել էր, որպեսզի «գերմանացիներին պահի ներքև, ամերիկացիներին՝ ներսում, իսկ ռուսներին՝ դուրս»։ Եթե ԱՄՆ-ը դուրս գա խաղից, նոր կարգը կունենա այլ տեսք. ամերիկացիները հեռացել են, ռուսները փորձում են մտնել, իսկ Եվրոպան այլևս մտադիր չէ ենթարկվել։
Հույս ունեմ, որ տրանսատլանտյան կամուրջը դեռևս ամբողջությամբ չի փլուզվել, բայց դրա կրող կառուցվածքներն արդեն վտանգավոր կերպով ճռռում են։ Եթե այն քանդվի, հետևանքները կործանարար կլինեն Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում։
Աղբյուրը` Bloomberg
Թարգմանեց`
Արայիկ Մկրտումյանը