ՄԵՐ ՈՒՂԻՆ

Ի՞նչ Է Ուզում Սփյուռքը

Ինքնապառակտման այս լարված օրերին շատ ավելի ողջունելի կլինի, եթե Սփյուռքի ամեն ներկայացուցիչ իր մեջ ուժ գտնի չհրաժարվելու Հայ դատից, չհրաժարվելու պայքարից, բայց միևնույն ժամանակ այնպիսի պահանջներ չառաջադրի Հայաստանի Հանրապետության հանդեպ, որը կվտանգի նրա գոյությունը։ Պատերազմի կոչ անել Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ, նշանակում է Հայաստանը հրել մահվան անդունդը։

Մեր Ուղին

Ադրբեջանում գերի Ռուբեն Վարդանյանի ուղերձը աշխուժություն է մտցրել Հայաստանում ու Սփյուռքում գտնվող մի շարք անհատների ու կազմակերպությունների։ Ռուբեն Վարդանյանի, գերության մեջ գտնվելու հանգամանքը շատերը փորձում են օգտագործել բացառապես սեփական քաղաքական օրակարգը կոմայից դուրս բերելու նպատակով։ Իհարկե ցավալի է, որ մենք մինչև այսօր Ադրբեջանում հայ գերիներ ունենք և ամեն հայի Ադրբեջանում գտնվելն է սարսափելի, անկախ նրանից, թե ինչ քաղաքական կամ սոցիալական ստատուս ունի։ Բնականաբար Ադրբեջանը փորձում է տանջանքի ու ճնշումների միջոցով ավելի շատ «ապացույցներ» հորիներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Հասկանալի է նաև, որ եթե շարքային զինվորականից ադրբեջանցիները ամենաշատը կարող են ինչ որ փոքր տեղեկություն կորզել ու նրան ներկայացնել որպես «ահաբեկիչ», ապա Ռուբեն Վարդանյանի և մյուս բարձրաստիճան մարդկանց ստատուսը օգտագործվում է նրանցից խոշոր տրամաչափի հանցագործ ստեղծելու համար։
Բայց այն ինչ այսօր կատարվում է Հայաստանում, որևէ կերպ չի շոշափում հարցի սկզբունքային էությունը, այլ ամեն ինչ տարվում է կամ հուզական դաշտ, կամ էլ նորից տեղավորվում ներկա-նախկին կռվադաշտում։ Առհասարակ Հայաստանում այսօր ամեն ինչն է ներկա-նախկին կռվի դաշտում՝ լինի տրանսպորտի թանկացմանն ուղղված կարծիք, Բաքվում պահվող հայ գերիների հետ կապված որևէ գործողություն և այլն։
Այս ֆոնին հետաքրքիր է Սփյուռքում ապրող և գործող հայ համայնքներում գոյություն ունեցող ակտիվ խմբերի ու անհատների վերաբերմունքը այս ամենի հետ կապված։ Ոչ թե կուսակցական որևէ խմբի, այլ նախ և առաջ իրենց հայ համարող և Հայաստանի «դարդ ու ցավով տառապող» մարդկանց վերաբերմունքը։ Եթե Հայաստանում ապրող մարդկանց ու կազմակերպությունների ճնշող մեծամասնությունը ռեալ որևէ հնարավորություն չունի ազդելու միջազգային կազմակերպությունների ու Բաքվի վրա ու ստիպված հացադուլ են անում, բողոքի ստորագրահավաք իրականացնում և այլն, ինչը, ցավոք սրտի որևէ գործնական հետևանք չի թողնում, ապա Սփյուռքի մեր հայրենակիցներից որոշների պահվածքը անհասկանալի է, քանի որ այնտեղ մեծ մասամբ կամ լռում են, կամ իշխանափոխության պահանջ ներկայացնում, ձեռքի հետ էլ մի քանի հայհոյանք Հայաստանում ապրող հայերի հասցեին, որ պատվից զուրկ են, չեն կարողանում գերիներին հետ բերել, Փաշինյանին հեռացնել, Արցախի հետ կապված խոշոր փոփոխություն կատարել և այլն։ Իսկ արդյո՞ք այդ մարդիկ իրենք իրենց հաշիվ են տալիս, թե Հայաստանում ինչ է հնարավոր անել, իսկ ինչ՝ ոչ։ Արդյո՞ք այդ մարդիկ այնքան ադեկվատ են, որ կարող են հասկանալ, որ Հայաստանում ապրող շարքային քաղաքացիները որևէ հնարավորություն չունեն այդ հարցերին միջամտելու։ Արդյո՞ք իրենք իրենց հարցնում են, թե ինչպես է պատահել, որ Փաշինյանը մինչև հիմա իշխանության է մնացել և ինչու և արդյո՞ք փորձում են հասկանալ, թե իրենք կարո՞ղ են անել այն, ինչը պահանջում են Հայաստանում ապրող հայերից։
Իսկ գուցե Հայաստանում ապրող հայերը չեն կարողանում «վռնդել» Փաշինյանին։ Գուցե չեն ուզում, գուցե Հայաստանում այնպիսի քայքայված ու նեխած ներքաղաքական իրավիճակ է, որ այստեղ գոնե այս պահի դրությամբ պարզապես չի ստացվում որևէ հարցի շուրջ համախմբվել։ Գուցե Հայաստանում այնպիսի հուսահատություն կամ, որ ավելի վատ է, շարունակական լարվածության հետանքով անտարբերություն է մտել մարդկանց մեջ, որ այլևս չեն հավատում իրենք իրենց։ Արդյո՞ք ԱՄՆ կամ Եվրոպայում ապրող որևէ հայ, որ հայհոյում է ՀՀ հայերին, պատրաստ է անել այն, ինչը պահանջում է, որ անեն ուրիշները։
Սփյուռքի հայերին ո՞վ է խանգարում, որ նրանք այդ նույն բողոքն ու ստորագրահավաքը միակամ անեն ու ներկայացնեն իրենց երկրներում գտնվող միջազգային կառույցների ներկայացուցիչներին ու կառավարություններին։ Ո՞վ է Սփյուռքի հայ կառույցներին արգելում կամ խանգարում, որ Ադրբեջանի այլանդակությունների դեմ փաստա-տեղեկատվական արշավ անեն իրենց երկրներում։ Ո՞վ է խանգարում։ Իհարկե կան շատերը, որ այդ ամենն անում են, բայց կան նաև շատերը, որ չեն անում։ Ու շատերն են գտնում են, որ իրենք ունեն ամեն ինչի մասին խոսելու մեծ իրավունք ու զրո պատասխանատվություն։ Այդպես չի լինում։ Կամ մեջն ես, կամ ոչ՝ իրավունքով ու պարտականությամբ հանդերձ։
Բայց Սփյուռքի հայերը չեն ուզում խոսել այն մասին, որ իրենք ևս պառակտված են կուսակցություններով, գրասենյակներով, նախաձեռնություններով, որ անգամ ապրիլի 24-ին իրարից անջատ են գնում Ցեղսպանության զոհերի հիշատակը հարգելու։
Բայց դրա փոխարենը Սփյուռքում ավելի շատ «համախմբվածություն է նկատվում» ՀՀ դեսպանների կամ պաշտոնական դեմքերի այցերը բոյկոտելն ու այնպիսի թեմաների բարձրացնելն է, որը կարելի է անել Հայաստանում, որովհետև իշխանափոխության հարցը ՀՀ ներքին հարցն է, բայց ոչ Սփյուռքի։ Սա չի նշանակում, որ Սփյուռքը խոսելու և կարծիք հայտնելու իրավունք չունի, ընդհակառակը, ողջունելի է ցանկացած առողջ ձայն, աշխարհի որ անկյունից էլ, որ այն հնչի, բայց այդ ձայնը պիտի սպասարկի հայության շահերը և Հայաստանի Հանրապետության շահերը։ Հայաստանի ու հայության շահերը չեն կարող իրար հակասել։
Սփյուռքն այս պահին ավելի շատ հնարավորություն ունի, քան Հայաստանում ապրող ցանկացած հայ։ Բացի իշխանության և խոշոր ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներից, որոնք մեծ մեդիառեսուրս, ֆինանսներ և մարդուժ ունեն, սովորական հայաստանցին ոչ միայն ստիպված է ապրել ամեն պահ պատերազմի վերսկսման գիտակցումով, հայ գերիների, Հայաստանի ապագայի մասին խորը մտահոգություններով, այլև ստիպված է միաժամանակ իր գոյությունը պաշտպանել սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում։ Հավանաբար Սփյուռքի հայերը գիտեն, որ Հայաստանում աղքատության շատ մեծ տոկոս կա, մարդկանց մի հսկա հատված ամիսներով նոր շոր ու կոշիկ գնել չի կարողանում, նույնիսկ սննդի նվազագույն մակարդակն է դժվարությամբ ապահովում, գերի է դարձել բանկերի ու սարսափելի տոկոսների ձեռքում։ Հայաստանցին այսօր ապրում է բարդ ու լարված վիճակում։ Պետք չէ հեռվից հայհոյել նրանց, ովքեր դեռ իրենց մեծ ուժ են գտել Հայաստանից չհեռանալու, այստեղ ապրելու, զինվոր մեծացնելու համար։ Պետք չէ աշխարհաքաղաքական բարդությունը ջարդել միջին հայաստանցու գլխին ու նույնիսկ ռուս-ուկրաինական պատերազմը օրինակ բերել որպես հայաստանցու տխմարության չափման միավոր։ Պարզապես պետք չէ։
Ինքնապառակտման այս լարված օրերին շատ ավելի ողջունելի կլինի, եթե Սփյուռքի ամեն ներկայացուցիչ իր մեջ ուժ գտնի չհրաժարվելու Հայ դատից, չհրաժարվելու պայքարից, բայց միևնույն ժամանակ այնպիսի պահանջներ չառաջադրի Հայաստանի Հանրապետության հանդեպ, որը կվտանգի նրա գոյությունը։ Պատերազմի կոչ անել Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ, նշանակում է Հայաստանը հրել մահվան անդունդը։ Եթե Սփյուռքում չգիտեն, ապա կարող են հանգիստ հարցնել և տեղեկանալ, որ մենք այսօր ի վիճակի չենք պատերազմել Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ։ Ինչպես նաև կարող են տեղեկանալ, որ Հայաստանը դեռ ուշքի չի եկել 44-օրյա պատերազմի հետևանքներից ու 2023-ի Արցախի կորստից։ Հայաստանում այսօր այնքան խնդիր կա, որ ամեն հայ եթե որոշի մի խնդիր լուծել, մի մասը դեռ կմնա։ Սփյուռքում հայերը պիտի հասկանան, թե ումից ինչ են ուզում։ Սփյուռքի հայերը պիտի հասկանան, որ չի կարելի հայաստանցուց պահանջել, որ նա լինի թունդ ազգայնական ու լիբերալ-դեմոկրատ միաժամանակ, պաշտպանի բոլորի իրավունքներն ու շահերը, չի կարող լինել խաղաղասեր ու պատրաստվի պատերազմի, չի կարող այնպես անել, որ գերտերությունները լավ լինեն Հայաստանի հետ։
Պարզագույն օրինակ։ Արդյո՞ք ԱՄՆ-ում կամ որևէ այլ երկրում ապրող որևէ հայ կարող է բարձր գոռալ ու պահանջել, որ Ադրբեջանը հենց հիմա հայ գերիների ազատ արձակի։ Կարո՞ղ են հստակ արձանագրել ռուսական հակահայ քաղաքականությունը, խոսել նույն Արցախի հայաթափման ու ցեղասպանական քաղաքականության մասին, կարո՞ղ են։ Ինչո՞ւ են այդ թեմաներն այդքան պակասել Սփյուռքի խոսույթում ու ինչո՞ւ են այդքան ակտիվ ՀՀ իշխանափոխության հարցերն ու մեղադրանքները։ Սփյուռքն այս առումով որևէ ասելիք չունի՞, թե ամեն պարագայում միջին հայաստանցին «դավաճան է ու շահամոլ» և այդ հայհոյանքն է բոլոր հարցերի պատասխանը։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *