Միջազգային

ԱՄՆ-Իրան Հարաբերության Ռիսկերը

Իրանն ավելի շատ է մեկուսացվում, պատժամիջոցներն են ավելանում, ավելի մեծանալու են տնտեսական խնդիրները, Թրամփն ուզում է նաև սահմանափակել Իրանի կողմից նավթի վաճառքը, իսկ Իրանի հիմնական եկամուտը նավթի ու գազի վաճառքից է: Ասեմ, որ նման փորձեր էլի են եղել, Թրամփը ժամանակին իր դաշնակից մի քանի երկրների ուղղակի արգելեց Իրանից նավթ գնել, հիմա էլ փորձելու է այս գիծն առաջ տանել ու առավելագույնս ճնշման քաղաքականություն վարել, ինչպես ասում են իրենք:

Արմեն Վարդանյան

Հայաստանի համար ռիսկային կլինեն միայն ռազմական բախումները. Իրանագետը՝ տարածաշրջանում ԱՄՆ-Իրան լարվածության մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Արմեն Վարդանյանը

– Պարո՛ն Վարդանյան, օրեր առաջ Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարականի դիմում է ներկայացրել, Իրանի խորհրդարանը պաշտոնանկ է արել էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարին: Ինչո՞վ են պայմանավորված այս պաշտոնանկությունները, ի՞նչ է կատարվում Իրանի ներքին կյանքում:

– Իրանի ռազմաքաղաքական վերնախավում տարաձայնություններ կան ԱՄՆ-ի հետ բանակցությունների շարունակման հետ կապված: Մի թևը կարծում է, որ Իրանը ծանր տնտեսական պատժի ներքո է, ու եթե չերկխոսեն ԱՄՆ-ի հետ ու այդ պատժամիջոցները չթեթևացնեն, ապա Իրանը կշարունակի մնալ այս բարդ վիճակում: Այս թևի ներկայացուցիչ է նաև փոխնախագահ Զարիֆը, որը նախկինում եղել է արտգործնախարար ու միջուկային գործարքի հիմնական բանակցողը և նաև դրա ճարտարապետներից մեկը:

Մյուս թևը կոշտ գծի կողմնակիցներն են, որոնք կարծում են, որ ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չպետք է լինի: Այս գծի առաջնորդը գերագույն հոգևոր առաջնորդն է, որը վերջերս հայտարարեց, որ որևէ բանակցություն չպետք է լինի ԱՄՆ-ի հետ, այն դեպքում, երբ նախագահ Փեզեշքիանն ասում է, որ պետք է բանակցել, բայց նաև ասաց, որ եթե գերագույն առաջնորդը դեմ է, ինքը չի կարող բանակցությունների գնալ:

Այս կոշտ գծի կողմնակիցներն ասում են, որ ժամանակին՝ 2015-ին, ստորագրվեց համաձայնագիրը, հետո եկավ Թրամփը, ու 2018-ի մայիսին դուրս եկավ համաձայնագրից, հետևաբար չկա որևէ երաշխիք, որ ինչ-որ մի պահի ԱՄՆ որևէ կառավարիչ էլի դուրս չի գա համաձայնագրից, դրա համար էլ անիմաստ են համարում որևէ համաձայնագիր ստորագրել կամ բանակցել այս հարցի շուրջ:

– Այսինքն՝ հիմնական պատճառը դա՞ է, որ դեմ են:

– Այո՛, որովհետև դառը փորձ ունեն, նույնիսկ գերագույն հոգևոր առաջնորդը, որ միշտ ընդգծված հակաամերիկյան կերպար է եղել, ԱՄՆ-ի հետ բոլոր տեսակի շփումներին, բանակցություններին դեմ է եղել, 2015-ին համաձայնություն էր տվել, որ այդ գործարքը ստորագրվի:

– Իսկ այդ կոշտ գծի ներկայացուցիչների քաղաքականությունը ի՞նչ ռիսկեր է պարունակում Իրանի համար:

– Իրանն ավելի շատ է մեկուսացվում, պատժամիջոցներն են ավելանում, ավելի մեծանալու են տնտեսական խնդիրները, Թրամփն ուզում է նաև սահմանափակել Իրանի կողմից նավթի վաճառքը, իսկ Իրանի հիմնական եկամուտը նավթի ու գազի վաճառքից է: Ասեմ, որ նման փորձեր էլի են եղել, Թրամփը ժամանակին իր դաշնակից մի քանի երկրների ուղղակի արգելեց Իրանից նավթ գնել, հիմա էլ փորձելու է այս գիծն առաջ տանել ու առավելագույնս ճնշման քաղաքականություն վարել, ինչպես ասում են իրենք:

– Պարո՛ն Վարդանյան, իսկ բացառո՞ւմ եք, որ ինչ-որ մի կետից Իրանը որոշի բանակցել ԱՄՆ-ի հետ:

– Չեմ բացառում, հնարավոր է այդպես էլ լինի, որովհետև Իրանը մշտապես ճկունություն է ցույց տվել ու եթե տեսնի՝ պետությունը լուրջ վտանգի տակ է, ապա բանակցելու է նաև ԱՄՆ-ի հետ, ինչը եղավ 2015-ին:

Ի դեպ, այն ժամանակ, երբ ստորագրվեց այդ միջուկային համաձայնագիրը, պարզվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն 12 տարի գաղտնի բանակցել են, ընդ որում՝ այդ ընթացքում Իրանում մի քանի կառավարություն է փոխվել: Հետևաբար չեմ բացառում, որ ինչ-որ փուլում բանակցեն ու համաձայնության հասնեն, ուղղակի իրենք ասում են, որ այս անգամ պետք է այնպիսի համաձայնագիր ստորագրեն, որը կսահմանի այնպիսի մեխանիզմներ, որ ԱՄՆ-ն չի կարողանա միակողմանիորեն դուրս գալ այդ համաձայնագրից:

– Իսկ Իրան-ԱՄՆ լարվածությունն ինչպե՞ս կարող է ազդել տարածաշրջանի, մասնավորապես, Հայաստանի վրա:

– Դե, այդ հարաբերությունները միշտ էլ լարված են եղել: Մեծ և ուղղակի ազդեցություն մեզ վրա չեն ունենա, որովհետև բանը չի հասնում ռազմական բախումների: Հայաստանի համար ռիսկային կլինեն միայն, եթե այդ բախումները լինեն, իսկ տնտեսական առումով Իրանի նկատմամբ պատժամիջոցները կամ այլ ճնշումները Հայաստանի վրա ազդեցություն չեն թողնում, ընդհակառակը՝ ինչ-որ առումով կարող են օգնել, այս պատժամիջոցների շրջանում նույնիսկ երկկողմ տնտեսական հարաբերությունների մակարդակն ավելի է բարձրացել: Մեր տարածաշրջանի վերաբերյալ ունեցած դիրքորոշման մեջ էլ Իրանը շարունակում է հաստատակամություն ցուցաբերել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *