Հայաստան

ԱՄՆ Ջանքերը Հայ֊Ադրբեջանական Հարաբերություններում

ԱՄՆ-ն հարավային Կովկասի գործերից չի հեռանում և տեսնում է իր աշխատանքի տեղը՝ խաղաղության հաստատման հարցում։ Դա կարևոր ուղերձ է Բաքվին, որ ռեգիոնալ իրադարձությունները լինելու են ԱՄՆ-ի վերահսկողության ներքո, որը պատերազմների բռնկումը թույլ չի տալու։

Ռոբերտ Անանյան

ԱՄՆ-ն կրկին ներգրավվում է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում, ինչը միանշանակ դրական իրադարձություն է։ Նախագահ Թրամփի Անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը հայտարարում է, որ Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի։ Նա այսօր զանգել է Բաքու և խոսել նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հաջիևի հետ։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի այսօրվա զանգը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից այսօր 3 անգամ հրապարակված այն ապատեղեկատվության համատեքստում, թե իբր Հայաստանի Զինված ուժերը կրակ են բացել սահմանի հարավարևելյան հատվածում։ Մինչ պարոն Ուոլցի կարևոր զանգը վերլուծելը, ուզում եմ կարևոր գործոն նշել Ադրբեջանի այսօրվա 3 ապատեղեկատվությունների մասին։

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հերքել է Բաքվի հրապարակած 3 ապատեղեկատվությունները՝ հիշեցնելով, որ ադրբեջանական կողմը մերժում է Հայաստանի վարչապետի աշխատակազմի առաջարկը Ադրբեջանին՝ ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ։ Այս առաջարկին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Այսինքն, Ադրբեջանը չի ցանկանում, որպեսզի համատեղ հետաքննություն կատարվի և պարզվի՝ արդյո՞ք եղել է հրադադարի խախտում, թե ոչ։ Ադրբեջանը չի ցանկանում դա, որպեսզի շարունակի Հայաստանին մեղադրել պատերազմ հրահրելու մեջ, և այդ կեղծիքն օգտագործելով՝ ռազմական ագրեսիա իրականացնի։

Օրեր առաջ էլ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հետ աֆիլացված քարոզչամիջոցը կեղծիք էր տարածել, թե իբր Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանի վրա հարձակվել ապրիլ ամսին։ Հասկանալի է, որ Ադրբեջանը այս կեղծիքով Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի կեղծ հիմքեր է ստեղծում, որպեսզի ինքը ագրեսիայի դիմի և հայտարարի, թե պատասխանել է Հայաստանի ագրեսիային։ Այդպես են սկսվել 2020 թվականի 44-ամյա պատերազմը, 2022-ի սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ պատերազմը, 2023-ի սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիան Ղարաբաղի դեմ։

Ի դեպ, ուշադրություն դարձրեք, որ Ադրբեջանի 3 կեղծ հաղորդագրություններում էլ նշված է, թե «հայկական զինուժը կրակ է բացել սահմանի հարավարևելյան ուղղությամբ»։ Դա այն հատվածն է, որտեղ Ադրբեջանը ցանկանում է ռազմական ագրեսիայի միջոցով Հայաստանից «Զանգեզուրի միջանցք» գրավել, և այն հանձնել Ռուսաստանի վերահսկողությանը։ Ադրբեջանը այս կեղծ 3 հաղորդագրություններով՝ փորձում է տպավորություն ստեղծել, թե սահմանի հարավարևելյան հատվածում թեժ կիսապատերազմական իրավիճակ է, որպեսզի իր հետագա հարձակումը Հայաստանի հարավային շրջանի՝ Սյունիքի մարզի վրա, հիմնավորի հայկական զինված ուժերի «ագրեսիաներով և կրակոցներով» իր դիրքերի ուղղությամբ։ Այսինքն, Ադրբեջանը փորձելու է Սյունիքի սահմանային հատվածներից ստանալ «գորշ գոտիներ», որոնց ուղղությամբ իրավիճակը կլարի և կհարձակի։

Կարող էին չէ՞ գրել, որ Հայաստանի կողմից կրակահերթերից մեկն էլ հյուսիսային հատվածում է գրանցվել։ Բայց դա չի արվել, քանի որ Ադրբեջանին անհրաժեշտ է թեժ կոնֆլիկտային պահել Սյունիքը։ Ես օրեր առաջ արդեն ահազանգել էի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա նախապատրաստելու նպատակի մասին։ Ադրբեջանը ենթադրում է, որ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ են հասցվելու, Իրանը ընկղմվելու է Իսրայելի և ԱՄՆ-ի հետ ռազմական բախումների մեջ, ինչը նպաստավոր իրավիճակ կստեղծի Հայաստանից միջանցք գրավելու համար։ Ադրբեջանը նաև փորձ է արել Իսրայելի հետ իր կապերն օգտագործել՝ ԱՄՆ-ի նոր վարչակազմից ստանալ համաձայնություն՝ Հայաստանի դեմ հարձակվելու։ Կարելի է նաև կանխատեսել Ադրբեջանի կողմից թիրախային հարվածներ Հայաստանի ռազմական օբյեկտներին՝ այն նպատակով, որ իր հարձակումը հիմնավորի իբրև թե իր դեմ ռազմական ագրեսիայի կանխարգելմամբ։ Ադրբեջանը այս ճնշումներով Հայաստանին փորձում է հարկադրել գնալ Սահմանադրության փոփոխության ճանապարհով՝ ակնարկելով, որ Բաքուն դեռևս պահպանում է ռազմական սցենարները։

Սակայն պարոն Մայք Ուոլցի գրառումից և զանգից ակնհայտ է դառնում, որ Բաքվի այդ ծրագիրը ձախողվելու է, և ԱՄՆ-ն ներգրավվելու է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու նպատակով։ Նախագահ Թրամփի Անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի ուղերձը շատ լավն է՝ «Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի»։ Սա հրաշալի ուղերձ է՝ պարզ, հստակ և մեկնաբանությունների տեղիք չտվող։ Սա ԱՄՆ-ի զգուշացումն է Ադրբեջանին՝ բացառել ռազմական ագրեսիայի տարբերակը՝ Հայաստանից լրացուցիչ զիջումներ կորզելու նպատակով։ ԱՄՆ-ն վերադառնում է ռեգիոն՝ իր զսպող դերով, որի նպատակը կոնֆլիկտներ թույլ չտալն է և պայմանագրի կնքմանը հասնելը։ Վստահաբար, այս հստակ ուղերձը կզսպի Բաքվին՝ Հայաստանից միջանցք չգրավել և հակվել ապաշրջափակմանը՝ խաղաղ և բանակցային միջոցներով։ Մայք Ուոլցի զանգը Բաքու՝ կատարվել է Ադրբեջանի հրապարակած 3 ապատեղեկատվության ֆոնին։ Այս զանգը զսպման միջոց է Ադրբեջանին՝ ագրեսիայի չգնալ Հայաստանի դեմ։

Պարոն Ուոլցը պարոն Հաջիևին ասել է նաև, որ Խաղաղության համաձայնագիրը պետք է վերջնականացվի, բանտարկյալները պետք է ազատ արձակվեն։ Ամերիկյան կողմը վստահաբար տեղեկացված է, որ Խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցվել է՝ Հայաստանի կողմից հերթական անգամ զիջումների գնալու գնով։ Հայաստանը համաձայնվել է միջազգային դատական ատյաններից հետ կանչել Ադրբեջանի դեմ հայցերը՝ պայմանագրի կնքումից հետո։ Հայաստանը դա չի պայմանավորել Բաքվի դատավարության կասեցման հետ, ինչը բնական կլիներ։ Չափազանց կարևոր է, որ նախագահ Թրամփի խորհրդական Մայք Ուոլցն է նախագահ Ալիևի օգնականին ասում, որ «բանտարկյալները պետք է ազատ արձակվեն»։

Այսինքն, Հայաստանը հայ գերիների ազատ արձակման հարցը չի դարձնում պայմանագրի կնքման պայման՝ զուգահեռ միջազգային հայցերից հրաժարման պարտավորվածության։ Բայց ԱՄՆ-ն Ադրբեջանից պահանջում է ազատել հայ գերիներին։ Սա ճիշտ դիվանագիտություն է և դրական, կառուցողական մոտեցում Վաշինգտոնի կողմից՝ իսկական խաղաղարար քայլ։ Առանց գերիների վերադարձի՝ Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունները չեն կարող իրական խաղաղության հասնել։ Մենք չենք կարող մեր հանրությանը համոզել, որ Ադրբեջանի հետ խաղաղության ենք գնում, քանի դեռ Բաքվի բանտում հայ գերիներ կան։

Հայաստանը կատարել է զիջումներ, և պատրաստ է Բաքվի հետ համաձայնեցնել պայմանագրի կնքման տեղը և օրը։ Մինչդեռ՝ Ադրբեջանը հայտարարում է, թե պայմանագրի կնքման վայրի և օրվա համաձայնեցումը դեռևս վաղ է, և նոր պահանջներ է առաջ քաշում Հայաստանին։ Բաքուն Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը ձևակերպում է որպես պայմանագրի կնքման գլխավոր նախապայման։ Մինչդեռ, պայմանագրի նախագծում նման կետ չի եղել, և 17 կետերով համաձայնեցված պայմանագիրը ենթակա է անհապաղ ստորագրման և կատարման։ Պարոն Ուոլցի կոչը Բաքվին, որ համաձայնագիրը պետք է վերջնականացվի, նշանակում է, որ անհրաժեշտ է պրոցեսն ավարտին հասցնել և կնքել պայմանագիր Հայաստանի հետ։ Սա շատ կառուցողական և ճիշտ ուղղորդում է ԱՄՆ-ի կողմից։
Նախագահ Թրամփի խորհրդականը նաև նշել է Հաջիևի հետ զրույցում, որ «միասին կաշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու համար»։ Այսինքն, ԱՄՆ-ի այս վարչակազմն իր անելիքն է տեսնում ռեգիոնը անվտանգ և բարգավաճ դարձնելու գործում, ինչը իհարկե ԱՄՆ-ի դիվանագիտական և քաղաքական լուրջ ներգրավվածությունն է ենթադրում։

Այսինքն, ԱՄՆ-ն հարավային Կովկասի գործերից չի հեռանում և տեսնում է իր աշխատանքի տեղը՝ խաղաղության հաստատման հարցում։ Դա կարևոր ուղերձ է Բաքվին, որ ռեգիոնալ իրադարձությունները լինելու են ԱՄՆ-ի վերահսկողության ներքո, որը պատերազմների բռնկումը թույլ չի տալու։

Հատկանշական է պարոն Ուոլցի գրառման վերջին հատվածը, ուր նա ասում է, որ «Ամերիկայի ոսկե դարն աշխարհին կբերի խաղաղություն և բարգավաճում, և չենք դադարի աշխատել, մինչև դա տեղի չունենա»: Կարծում եմ՝ սա զգուշացում է Բաքվին ԱՄՆ-ի ներգրավվածության շարունակման վերաբերյալ։ Քանի դեռ խաղաղություն չի հաստատվել և պայմանագիր չի ստորագրվել, ԱՄՆ-ն իր գործն ավարտված չի համարի և չի դադարի աշխատել։ Համաձայնագիրը պատրաստ է ստորագրման՝ 17 կետ համաձայնեցված է, և այժմ ոչ միայն ԱՄՆ-ի, այլև մյուս խաղացողների ճնշումները լինելու են Բաքվի վրա՝ ստորագրել տալու նպատակով։

Կարծում եմ՝ դա է պատճառը, որ պարոն Ուոլցը այս բառապաշարն օգտագործել է հենց Ադրբեջանի նախագահի օգնականի հետ զրույցում։ Սա ցույց է տալիս, թե ԱՄՆ-ի ճնշման առանցքը որ կողմի վրա է ուղղված։ Այսինքն, Հայաստանը համաձայնեցրեց 2 չհամաձայնեցրած կետերը, իսկ ԱՄՆ-ն Բաքվին հորդորում է վերջնականացնել համաձայնագիրը և կնքել այն։ Ժողովուրդները հոգնել են պատերազմներից, պատերազմի և արյունահեղությունների էջը անհրաժեշտ է փակել։ Այս զանգից հետո, կարծում եմ, էականորեն նվազեց Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ռիսկը առաջիկա շաբաթների ընթացքում։ Սակայն Բաքվի ապակառուցողականությունը կարող է շարունակվել։

Կարծում եմ, կարևոր է, որ Վաշինգտոնը առաջիկա ամիսներին շարունակի ներգրավված մնալ Հարավային Կովկասում և հետևի, որ Ադրբեջանը վերջ տա ապակառուցողականությանը, նոր պահանջներ առաջադրելու գործելաոճին և կնքի պայմանագիր Հայաստանի հետ։ Հայաստանը միանշանակորեն կիսում է նախագահ Թրամփի՝ խաղաղության հաստատման կարգախոսը։ Հայաստանը գնացել է անպատկերացնելի զիջումների՝ հանուն խաղաղության և հույս ունենք՝ ԱՄՆ-ի օգնությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագիրը վերջապես իրականություն կդառնա։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *