Երաշխի՞ք է համաձայնագիրը խաղաղության: Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում՝ այո, եթե համաձայնագրի երաշխավորը լինի ԱՄՆ-ը և ստորագրվի Վաշինգտոնում, այլապես համաձայնագիրը նույնանալու է համաշխարհային պատմության ստորագրված ու չգործած տասնյակ համաձայնագրերի, որոնք խախտվել են առաջին իսկ հարմար պահին:
Անահիտ Ադամյան
Արձանագրենք՝ մարտի 14-ին Ադրբեջանը հայտարարեց, որ խաղաղության համաձայնագրի բանակցություններն ավարտված են: Հայկական կողմը հաստատեց: Նշանակու՞մ է, որ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի: Տրամաբանորեն՝ այո: Իրականում՝ ոչ: Նույն օրը Բաքուն խոսեց հերթական նախապայմաններից՝ ՀՀ Սահմանադրություն, ԵԱՀԿ Մինսկի խումբ… Միջազգային արձագանքները համանման էին, միայն Էմանուել Մակրոնը արձանագրեց, որ դա գործընթացի սկիզբն է սոսկ: Մոսկվան հերթական անգամ հայտարարեց, որ պատրաստ է հարթակ տրամադրել ստորագրմանը՝ ի շարունակումն 2020-2023-ի գործընթացների… Ստորագրել Մոսկվայում նշանակում է ջուրը գցել թե համաձայնագիրը, թե խաղաղությունը…
Ի՞նչ ունենք այսօր.
1.Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, բայց օրն ու վայրը հայտնի չէ:
2.Բաքուն ակնհայտ անակնկալի եկավ հայկական կողմի համաձայնությունից և հայտնվեց փակուղում, այժմ ելքեր է որոնում իրավիճակը նախորդ փուլ վերադարձնելու, այն է՝ հայկական կողմը խաղաղություն չի ուզում, ռևանշիստ է, ամեն օր կրակում է մեր սահմանների վրա: Արձանագրենք, որ կրակոցների ապատեղեկատվությունը համընկավ Վալենտինա Մատվիենկոյի Բաքու այցի հետ:
3.Բաքուն հասկանում է, որ ոչ խաղաղություն, ոչ պատերազմ վիճակը երկար ձգել չի կարող և պատերազմ սկսել չի կարող՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը իր ոսկեդարը ԱՄՆ-ում հայտարարել է խաղաղության հաստատման ժամանակ աշխարհում: 2025-ին Բաքուն կողքին չունի Էրդողանին: Միայն Պուտինն է մնում պատերազմի ջատագով ու հրահրիչ:
4.Կրակոցների սուտը տեղեկատվական պատերազմի հնարք է՝ ներքին ու արտաքին աշխարհին ուղղված: Ալիևը փորձում է թե իր հանրությանը, թե աշխարհին ներկայացնել, որ խաղաղություն հնարավոր չէ՝ հայերը կրակում են, Հայաստանում նպատակը այլ է՝ ձեր իշխանությունը համաձայնեց ԵՄ դիտորդներին սահմանից հեռացնել ու ձեզ անպաշտպան թողնել… Իրականում Բաքուն ստում է, որովհետև փորձում է առևտուր անել ԱՄՆ-ի հետ՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման դիմաց 907 բանաձևի արգելքը հանելու, այլ առավելություններ ստանալու, հիանալի հասկանալով, որ ոչ ոք չի հավատում իր ստին՝ ոչ ԱՄՆ-ում, ոչ ԵՄ-ում, որի դիտորդները պարբերաբար հերքում են կրակոցների փաստը, ոչ Թուրքիայում: Սա նյարդերի կռիվ է՝ ով առաջինը կհանձնվի…
5.ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցի X-ում գրառումը՝ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ հեռախոսազրույցի մասին առանցքային էր. «Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը մեծ քայլ են կատարել և համաձայնել են խաղաղության պայմանագրին: Ես նրան ասացի, որ մենք պետք է ավարտենք այս խաղաղության համաձայնագիրը հիմա, ազատենք բանտարկյալներին և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու համար»: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ը նոր պատերազմ թույլ չի տա, համաձայնագրի ստորագրումը ձգձգել թույլ չի տա, ԱՄՆ-ը հաստատում է իր ներկայությունը տարածաշրջանում և կողմ է արդարության՝ ՙազատենք բանտարկյալներին՚. ու զարգացման՝ ՙաշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու համար՚: Իմա՝ բացառվում են նաև ՙմիջանցքային՚ տրամաբանության մեջ քայլերը: Սա հերքում է այն մտայնությունը, որ Տրամպն ու Պուտինը վերաբաժանում են աշխարհը և Տրամպը մեր տարածաշրջանը հանձնում է Պուտինին՝ իր բոլոր հետևանքներով…
6.Երաշխի՞ք է համաձայնագիրը խաղաղության: Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում՝ այո, եթե համաձայնագրի երաշխավորը լինի ԱՄՆ-ը և ստորագրվի Վաշինգտոնում, այլապես համաձայնագիրը նույնանալու է համաշխարհային պատմության ստորագրված ու չգործած տասնյակ համաձայնագրերի, որոնք խախտվել են առաջին իսկ հարմար պահին: ՌԴ-ի երաշխավորությունը բացառվում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման ընթացքով, ԵՄ-ի երաշխավորությանը դեմ է Ադրբեջանը:
7.Երաշխի՞ք է համաձայնագիրը տևական խաղաղության: Դեռ ոչ, քանի դեռ տարածաշրջանում չի վերականգնվել ուժերի հավասարակշռությունը, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում չկա անվտանգության իբրև համակարգի ընկալումը, որ ներառում է զինված ուժերը, արտաքին քաղաքականությունը, տնտեսությունը, կրթությունը, ժողովրդագրությունը, էներգետիկ և պարենային անկախությունը, իմա՝ դիմադրունակության ու ինքնիշխանության մակարդակի բարձրացումը:
Հ.Գ.
Ադրբեջանը ժամանակ է շահում՝ ԱՄՆ-ի հետ գործարքներ կնքելու, Հայաստանը իրեն դուրս է դնում այս խաղից, եթե օր առաջ, ժամ առաջ չի դիմում ԱՄՆ նախագահին, որպեսզի ԱՄՆ-ը լինի խաղաղության համաձայնագրի երաշխավոր՝ երաշխավորը դառնալով տարածաշրջանում ոչ միայն խաղաղության, այլև՝ զարգացման, այն է՝ տնտեսական ծրագրերի: ՙՀանրապետություն՚ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը երկու անգամ առաջարկը բարձրաձայնել է՝ պահի կարևորության ու անհրաժեշտության ընդգծումով: ՔՊ-ի հավասարակշիռը վաղուց արդեն սպառել է իրեն ու վտանգավոր դարձել պետության համար: Ինքնորոշման ժամանակն է՝ պաշտպանելու, կառուցելու, զարգացնելու: Պետությունն այլ տարբերակ չունի՝ այս ճշմարտությունը չգիտակցող իշխանությունը գնում է սուիցիդի: Խաղաղության ոչ մի համաձայնագիր 2026-ին չի կարող հաղթաթուղթ լինել, եթե խաղաղությունը երաշխավորված չէ: