Երաշխի՞ք է համաձայնագիրը խաղաղության: Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում՝ այո, եթե համաձայնագրի երաշխավորը լինի ԱՄՆ‑ը և ստորագրվի Վաշինգտոնում, այլապես համաձայնագիրը նույնանալու է համաշխարհային պատմության ստորագրված ու չգործած տասնյակ համաձայնագրերի, որոնք խախտվել են առաջին իսկ հարմար պահին:
Անահիտ Ադամյան
Արձանագրենք՝ մարտի 14-ին Ադրբեջանը հայտարարեց, որ խաղաղության համաձայնագրի բանակցություններն ավարտված են: Հայկական կողմը հաստատեց: Նշանակու՞մ է, որ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի: Տրամաբանորեն՝ այո: Իրականում՝ ոչ: Նույն օրը Բաքուն խոսեց հերթական նախապայմաններից՝ ՀՀ Սահմանադրություն, ԵԱՀԿ Մինսկի խումբ… Միջազգային արձագանքները համանման էին, միայն Էմանուել Մակրոնը արձանագրեց, որ դա գործընթացի սկիզբն է սոսկ: Մոսկվան հերթական անգամ հայտարարեց, որ պատրաստ է հարթակ տրամադրել ստորագրմանը՝ ի շարունակումն 2020–2023‑ի գործընթացների… Ստորագրել Մոսկվայում նշանակում է ջուրը գցել թե համաձայնագիրը, թե խաղաղությունը…
Ի՞նչ ունենք այսօր.
1.Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, բայց օրն ու վայրը հայտնի չէ:
2.Բաքուն ակնհայտ անակնկալի եկավ հայկական կողմի համաձայնությունից և հայտնվեց փակուղում, այժմ ելքեր է որոնում իրավիճակը նախորդ փուլ վերադարձնելու, այն է՝ հայկական կողմը խաղաղություն չի ուզում, ռևանշիստ է, ամեն օր կրակում է մեր սահմանների վրա: Արձանագրենք, որ կրակոցների ապատեղեկատվությունը համընկավ Վալենտինա Մատվիենկոյի Բաքու այցի հետ:
3.Բաքուն հասկանում է, որ ոչ խաղաղություն, ոչ պատերազմ վիճակը երկար ձգել չի կարող և պատերազմ սկսել չի կարող՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը իր ոսկեդարը ԱՄՆ-ում հայտարարել է խաղաղության հաստատման ժամանակ աշխարհում: 2025-ին Բաքուն կողքին չունի Էրդողանին: Միայն Պուտինն է մնում պատերազմի ջատագով ու հրահրիչ:
4.Կրակոցների սուտը տեղեկատվական պատերազմի հնարք է՝ ներքին ու արտաքին աշխարհին ուղղված: Ալիևը փորձում է թե իր հանրությանը, թե աշխարհին ներկայացնել, որ խաղաղություն հնարավոր չէ՝ հայերը կրակում են, Հայաստանում նպատակը այլ է՝ ձեր իշխանությունը համաձայնեց ԵՄ դիտորդներին սահմանից հեռացնել ու ձեզ անպաշտպան թողնել… Իրականում Բաքուն ստում է, որովհետև փորձում է առևտուր անել ԱՄՆ‑ի հետ՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման դիմաց 907 բանաձևի արգելքը հանելու, այլ առավելություններ ստանալու, հիանալի հասկանալով, որ ոչ ոք չի հավատում իր ստին՝ ոչ ԱՄՆ-ում, ոչ ԵՄ-ում, որի դիտորդները պարբերաբար հերքում են կրակոցների փաստը, ոչ Թուրքիայում: Սա նյարդերի կռիվ է՝ ով առաջինը կհանձնվի…
5.ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցի X‑ում գրառումը՝ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ հեռախոսազրույցի մասին առանցքային էր. «Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը մեծ քայլ են կատարել և համաձայնել են խաղաղության պայմանագրին: Ես նրան ասացի, որ մենք պետք է ավարտենք այս խաղաղության համաձայնագիրը հիմա, ազատենք բանտարկյալներին և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու համար»: Սա նշանակում է, որ ԱՄՆ‑ը նոր պատերազմ թույլ չի տա, համաձայնագրի ստորագրումը ձգձգել թույլ չի տա, ԱՄՆ‑ը հաստատում է իր ներկայությունը տարածաշրջանում և կողմ է արդարության՝ ՙազատենք բանտարկյալներին՚. ու զարգացման՝ ՙաշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու համար՚: Իմա՝ բացառվում են նաև ՙմիջանցքային՚ տրամաբանության մեջ քայլերը: Սա հերքում է այն մտայնությունը, որ Տրամպն ու Պուտինը վերաբաժանում են աշխարհը և Տրամպը մեր տարածաշրջանը հանձնում է Պուտինին՝ իր բոլոր հետևանքներով…
6.Երաշխի՞ք է համաձայնագիրը խաղաղության: Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում՝ այո, եթե համաձայնագրի երաշխավորը լինի ԱՄՆ‑ը և ստորագրվի Վաշինգտոնում, այլապես համաձայնագիրը նույնանալու է համաշխարհային պատմության ստորագրված ու չգործած տասնյակ համաձայնագրերի, որոնք խախտվել են առաջին իսկ հարմար պահին: ՌԴ‑ի երաշխավորությունը բացառվում է 2020‑ի նոյեմբերի 9‑ի եռակողմ հայտարարության կատարման ընթացքով, ԵՄ‑ի երաշխավորությանը դեմ է Ադրբեջանը:
7.Երաշխի՞ք է համաձայնագիրը տևական խաղաղության: Դեռ ոչ, քանի դեռ տարածաշրջանում չի վերականգնվել ուժերի հավասարակշռությունը, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում չկա անվտանգության իբրև համակարգի ընկալումը, որ ներառում է զինված ուժերը, արտաքին քաղաքականությունը, տնտեսությունը, կրթությունը, ժողովրդագրությունը, էներգետիկ և պարենային անկախությունը, իմա՝ դիմադրունակության ու ինքնիշխանության մակարդակի բարձրացումը:
Հ.Գ.
Ադրբեջանը ժամանակ է շահում՝ ԱՄՆ‑ի հետ գործարքներ կնքելու, Հայաստանը իրեն դուրս է դնում այս խաղից, եթե օր առաջ, ժամ առաջ չի դիմում ԱՄՆ նախագահին, որպեսզի ԱՄՆ‑ը լինի խաղաղության համաձայնագրի երաշխավոր՝ երաշխավորը դառնալով տարածաշրջանում ոչ միայն խաղաղության, այլև՝ զարգացման, այն է՝ տնտեսական ծրագրերի: ՙՀանրապետություն՚ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը երկու անգամ առաջարկը բարձրաձայնել է՝ պահի կարևորության ու անհրաժեշտության ընդգծումով: ՔՊ‑ի հավասարակշիռը վաղուց արդեն սպառել է իրեն ու վտանգավոր դարձել պետության համար: Ինքնորոշման ժամանակն է՝ պաշտպանելու, կառուցելու, զարգացնելու: Պետությունն այլ տարբերակ չունի՝ այս ճշմարտությունը չգիտակցող իշխանությունը գնում է սուիցիդի: Խաղաղության ոչ մի համաձայնագիր 2026-ին չի կարող հաղթաթուղթ լինել, եթե խաղաղությունը երաշխավորված չէ:
