Արցախ

«Գաղտնիք Ղարաբաղի»

Մաս 34

Ապրիլյան քառօրյա մարտերից հետո հանրության շրջանում լուրեր տարածվեցին, որ Արցախ այցելող որոշ զբոսաշրջիկներ երբեմն կարողանում են հաղթահարել արգելքները եւ հայտնվել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտուն հարակից տարածքներում, իսկ ոմանք հատկապես սեւեռված են Շուշի, ինչպես նաեւ ԼՂ-ին հարակից նախկին ադրբեջանաբնակ տարածքներ, որտեղ օգտագործում են տեսանկարահանող դրոններ:

Վահրամ Աթանեսյան

2010-ական թվականներն Արցախում նշանավորվեցին հանքարդյունաբերության եւ հյուրանոցային համալիրներ ու հանգստյան գոտիների, կից «մոթել»-ների, ռեստորանների եւ ամենատարբեր մակարդակի ու ճաշակի «հացատների» բուռն ծաղկմամբ: Միայն ոչ ավելի, քան հիսուն հազար բնակիչ ունեցող Ստեփանակերտում շահագործման հանձնվեց չորս բարձրակարգ հյուրանոց: Դա այն դեպքում, երբ, ըստ անգամ պաշտոնական վիճակագրության, զբոսաշրջիկների տարեկան հոսքը չէր գերազանցում երկու-երեք հազար այցելուի ցուցանիշը:

Հյուրանոցներն, իհարկե, իրենց եկամուտն ունենալու հնարավորություն ստեղծել էին. ունեին լողավազան, մերսման եւ մարզման սրահներ, ինչպես նաեւ «տաքուկ» ռեստորան, բար, բացօթյա սրճարաններ: Հատկապես ամռան-«թավշյա աշնան» շրջանում այցելուների պակաս չկար:
Հանքարդյունաբերական ձեռնարկությունները մի քանի հազար աշխատատեղ էին ապահովում՝ բավական բարձր վարձատրությամբ: Ստեփանակերտից շատ երիտասարդներ նախընտրում էին աշխատել Դրմբոնի եւ Կաշենի հանքերում:

Այդ տարիներին Արցախում պետական գրանցում ստացան զբոսաշրջային մի քանի կազմակերպություններ: Կուլիսներում խոսում էին, որ դրանցից մեկը համագործակցության պայմանագիր է ստորագրել իսրայելական համասեռ ընկերության հետ: Զբոսաշրջիկների Արցախ ելումուտն, իհարկե, իրականացվում էր Հայաստանի տարածքով, քանի որ Ստեփանակերտն արտաքին աշխարհի հետ ուղղակի հաղորդակցություն չուներ:

Ապրիլյան քառօրյա մարտերից հետո հանրության շրջանում լուրեր տարածվեցին, որ Արցախ այցելող որոշ զբոսաշրջիկներ երբեմն կարողանում են հաղթահարել արգելքները եւ հայտնվել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտուն հարակից տարածքներում, իսկ ոմանք հատկապես սեւեռված են Շուշի, ինչպես նաեւ ԼՂ-ին հարակից նախկին ադրբեջանաբնակ տարածքներ, որտեղ օգտագործում են տեսանկարահանող դրոններ:

Դժվար է ասել, թե որքանո՞վ էին հավաստի այդ լուրերը, բայց մի փաստ իրական է. Ստեփանակերտ այցելող որոշ զբոսաշրջիկներ գերադասում էին օգտվել մասնավոր տաքսու ծառայություններից: Տասնյակ վարորդներ ունեին իրենց «մշտական հաճախորդին», նրանց դիմավորում էին «Զվարթնոցում», մի քանի օր ապահովում արցախյան շրջագայությունը, ապա հասցնում Երեւան եւ օդանավակայանից ճանապարհում:

Նախընթաց շրջանում Արցախ մուտք գործող բոլոր օտարերկրացիներն անխտիր պետք է «մուտքի արտոնագիր» ստանային ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունում՝ մուծելով թեեւ խորհրդանշական, բայց կառավարության որոշմամբ սահմանված տուրք:
Հյուրանոցային եւ զբոսաշրջային բիզնեսի ծաղկման շրջանում այդ կարգը վերանայվեց. այցելուն մուտքի թույլտվություն էր ստանում Աղավնոյի անցակետում՝ ներկայացնելով անձնագիրը եւ ազատվում տուրք վճարելուց: Իշխանությունն այդ ազատականացումը հիմնավորում էր նրանով, որ Արցախ հիմնականում այցելում են Սփյուռքի մեր հայրենակիցները եւ նրանց համար «վիրավորական է, որ հայրենիքում արժանանում են նման վերաբերմունքի»:
ԼՂՀ կառավարությունն ունե՞ր սփյուռքահերից ստացած բողոքներ կամ դժգոհություններ՝ փաստացի վկայություններ չկան: Զբոսաշրջային բիզնեսի ազատականացումը, սակայն, տարածվեց նաեւ ԼՂ շուրջ ամբողջ տարածք մուտքի թույլտվության վրա:

Եթե մեկը փորձի «պեղել» արխիվները, ապա կհանդիպի զբոսաշրջիկների եւ լրագրողական տարբեր խմբերի կողմից զորքերի շփման գծին մոտ տարածքներից բազմաթիվ լուսանկարների, տեսագրությունների, որոնց «հերոսները» շատ հաճախ նաեւ զինվորականներն էին:
Փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար խոսքի եւ տեղեկությունների հայթայթման ու տարածման ամբողջական ազատականացումը «ժանտախտի ժամանակ խնջույքի» էր նման, բայց պետական ոչ մի մարմին մինչեւ վերջին պահը որեւէ քայլ չձեռնարկեց՝ կանխելու Արցախից ահռելի չափերի հասած տեղեկատվական արտահոսքը: Ծառայողական անփութությու՞ն էր դա, մասնագիտական ապաշնորհությու՞ն, թե՞ «պետք է լիներ հենց այդպես»,- հարց է, որի պատասխանը չկա եւ հազիվ թե ունենանք: Մնում է արձանագրել դառը իրականությունը: Գուցե ապագա ուսումնասիրողին հաջողվի՞ բացել գաղտնիքը:

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *