Մաս 36
Իրականություն է, որ Արցախում երբեք նման «փնթի» նախագահական ընտրապայքար չէր եղել, որտեղ քաղաքացիները հարկադրված էին կողմնորոշվել ոչ թե ըստ առաջարկվող գաղափարական ծրագրի, այլ՝ թեկնածուների ամբոխավարական խոստումների:
Վահրամ Աթանեսյան
2020 թվականը Ստեփանակերտում սկսվեց ներքաղաքական խորհրդավոր անորոշությամբ. առջեւում նախագահական ընտրություններ էին, Բակո Սահակյանն այլեւս առաջադրվելու եւ ընտրապայքարին մասնակցելու իրավունք չուներ: Նախորդ տարեվերջին Գերագույն խորհրդի սահմանադրական ատյանը մերժել էր Սամվել Բաբայանի ավելի քան քսան հազար աջակիցների ստորագրահավաքով բերված նախաձեռնությունը, որն ընդունվելու դեպքում Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը կարող էր նախագահի թեկնածու առաջադրվել:
Ի պատասխան՝ Սամվել Բաբայանը հիմնադրեց «Միասնական հայրենիք» կուսակցությունը եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցության լրջագույն հայտ ներկայացրեց: Ակնհայտ դարձավ, որ հիմնական մրցապայքարն ընթանալու է Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» եւ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությունների միջեւ:
Նախագահի ֆավորիտ թեկնածուի հարցում, սակայն, գործող իշխանությունը մինչեւ վերջ մնաց «չկողմնորոշված»: Արցախի քաղաքական պատմության մեջ դա նախադեպը չունեցող իրավիճակ էր. տասներեք տարի տարի պաշտոնավարած Բակո Սահակյանը, որ երկու անգամ Արայիկ Հարությունյանին վարչապետ էր նշանակել, իսկ սահմանադրական փոփոխություններից հետո՝ պետական նախարար, որեւէ կերպ նրան իրավահաջորդ տեսնելու քաղաքական ակնարկ իսկ չարեց:
Անորոշությունը, կարելի է ասել՝ ինտրիգն ավելի սրվեց նախագահի թեկնածուների առաջադրման փուլում, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մրցապայքարին մասնակցության իրավունք տվեց ավելի քան տասը անձի: Ընդ որում, նախագահի թեկնածու գրանցվեցին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, գործող արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ինչպես նաեւ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Դիտորդների եւ հանրության իրազեկված խավերի համար պարզ էր, որ նախագահի թեկնածուների այդ աննախադեպ առատությունը մի նպատակ է հետապնդում՝ թույլ չտալ, որ Արայիկ Հարությունյանը քվեարկության առաջին փուլում հաղթի: Չափազանց արտառոց էր, որ իշխանությունների կողմից մերժված Սամվել Բաբայանը հայտարարեց գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ դաշինք կազմելու եւ նրա թեկնածությունը պաշտպանելու մասին:
Քաղաքական «կուլիսներում» տպավորություն կար, որ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին աջակցում է ոչ միայն Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, այլեւ՝ Մոսկվան: Բալասանյանին աջակցելու համար Երեւանից Ստեփանակերտ էին գործուղվել ՀՀԿ-ական մի շարք գործիչներ եւ, որքան էլ զարմանալի չհնչի, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Բալասանյանին եռանդուն աջակցում էր նաեւ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանի գործող իշխանություններին, ապա Ստեփանակերտում բավական վստահելի աղբյուրներն այն կարծիքին էին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի թեւը սատարում է Մասիս Մայիլյանին, ում հետ նախկինում միջազգային կազմակերպությունների հովանավորած ծրագրերում համատեղ աշխատանքի փորձ ունեին, իսկ մյուսը գտնում է, որ պետք է աջակցել Արայիկ Հարությունյանին:
Որքանո՞վ էին հավաստի այդ տեղեկությունները՝ մինչ օրս մնում է անորոշ: Իրականություն է, որ Արցախում երբեք նման «փնթի» նախագահական ընտրապայքար չէր եղել, որտեղ քաղաքացիները հարկադրված էին կողմնորոշվել ոչ թե ըստ առաջարկվող գաղափարական ծրագրի, այլ՝ թեկնածուների ամբոխավարական խոստումների: Ընդ որում, Արցախում առաջին անգամ բաց շրջանառության դրվեց «կոմպրոմատների պատերազմը», ինչպես նաեւ «ընտրակաշառքի գործոնը»:
Ինչպես եւ ակնկալում էին իրավիճակը գնահատող մարդիկ եւ շրջանակները, քվեարկության առաջին փուլի արդյունքներով ոչ մի թեկնածու չստացավ ընտրողների «կողմ» ձայների կեսից ավելին: Հատկանշանական է, որ քվեների հաշվարկի առաջին ժամերին Արայիկ Հարությունյանը վստահաբար հաղթում էր՝ ունենալով 55-56 տոկոս: Վերջնարդյունքում, սակայն, այդ ցուցանիշը չպահպանվեց: Արցախի նախագահի այդ վերջին ընտրության ամենամեծ ինտրիգը, սակայն, այն էր, որ Արայիկ Հարությունյանի հիմնական մրցակից Մասիս Մայիլյանը հայտարարեց, որ քվեարկության երկրորդ փուլին չի մասնակցի:
Քաղաքական իրավիճակն այնպիսին էր, որ Արայիկ Հարությունյանը նույնպես կարող էր դուրս գալ մրցապայքարից: Այդ դեպքում, գուցե, նոր իշխանության ձեւավորման արդեն լուրջ գործընթաց կսկսվեր: Բայց Արայիկ Հարությունյանը միայնակ մասնակցեց քվեարկության երկրորդ փուլին, որի արդյունքները բացարձակ ոչ մի նշանակություն չունեին. Արցախում կազմավորվեց ամանթույլ եւ բոլոր առումներով խոցելի իշխանություն: Ու՞մ էր ձեռնտու այդ «անկումը»:
(Շարունակելի)