Արցախ

«Գաղտնիք Ղարաբաղի»

Մաս 42

Նոյեմբերի 9-ի կեսգիշերին հայաստանյան մի քանի լրատվամիջոցներ տարածեցին Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տվեեեե՜ց», որին կից նա ներկայացրել էր կրակի դադարեցման մասին փաստաթղթի որոշ հատվածներ:

Վահրամ Աթանեսյան

2020 թվականի նոյեմբերի 9-ի երեկոյան սոցիալական մեդիայի հայաստանյան հատվածում տեղեկություն տարածվեց, որ հայկական զինված ուժերը «վերախմբավորում են իրականացրել եւ անցել հակագրոհի՝ նպատակ ունենալով վերագրավել Շուշին»: Ռուսաստանցի ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը, մինչդեռ, տեսանյութ էր տարածել, ինչից պարզ երեւում էր, որ մարտեր են ընթանում արդեն Ստեփանակերտի ուղղությամբ: Ադրբեջանական բլոգերներն իրենց հերթին կադրեր էին տարածում, որ «հատուկ նշանակության ջոկատները մտնել են Կրկժան»:

Խոսքը Ստեփանակերտի արվարձանային թաղամասի մասին է: Այդ տեղեկությունների իսկությունը կասկածելի էր, բայց նաեւ հստակ էր, որ ԼՂՀ մայրաքաղաքը գրեթե ամբողջովին էվակուացվել է: Այդ օրերին տեղեկատվության քիչ թե շատ հուսալի աղբյուր էին Արցախ ԹՎ-ի լրագրողները, որ տեղափոխվել էին Գանձասար: Նրանց հետ էր նաեւ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը:

Նոյեմբերի 9-ի երեկոյան նա հերքեց Շուշիի վերագրավման ռազմագործողություն սկսելու մասին սոցցանցային լուրերը եւ պարզորոշ գրեց, որ քաղաքը նոյեմբերի 7-ից գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո:
Խիստ ուշագրավ է, որ երբ ամիսներ անց նրան հարցրել են, թե ինչու՞ նման գրառում է կատարել, երբ գիտեր, որ Շուշիի մատույցներում դեռեւս մարտեր են ընթանում, Վահրամ Պողոսյանը պատասխանել է. «Եթե չգրեի, կարող էր ավելի վատ լինել»: Ի՞նչ ենթատեքստ ունի այս պատասխանը՝ կարելի է տարբեր ենթադրություններ անել:

Ամենահավանական է թվում տարբերակը, որ զինադադարի հաստատման բանակցություններում նախապայման է դրվել, որ հայկական կողմը պետք է պաշտոնապես ընդունի Շուշիի անկումը, այլապես ադրբեջանական հատուկ նշանակության զորախումբը կմտնի Ստեփանակերտ, եւ այդ ծանր պատասխանատվությունը,- որ Շուշին լիովին անցել է ադրբեջանական զորքի վերահսկողությանը,- դրվել է Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակի վրա:

Ականատեսների վկայությամբ՝ նոյեմբերի 9-ի օրվա երկրորդ կեսին ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արթուր Պետրոսյանը եւ մի քանի այլ պաշտոնյաներ Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցում մոմավառությունից հետո Քարվաճառի ճանապարհով հեռացել են Հայաստան եւ այլեւս Ստեփանակերտ չեն վերադարձել: Արարողությունը կատարվել է ԱրցախԹՎ-ի լրագրողների աչքի առաջ, բայց ոչ ոք չի փորձել տեսանկարանահանել «հրաժեշտի ծեսը»:

Նոյեմբերի 9-ի կեսգիշերին հայաստանյան մի քանի լրատվամիջոցներ տարածեցին Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տվեեեե՜ց», որին կից նա ներկայացրել էր կրակի դադարեցման մասին փաստաթղթի որոշ հատվածներ: Մոտ մեկ ժամ անց Կրեմլի մամուլի ծառայությունը նախ տեղեկացրեց, որ ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի եւ բոլոր տեսակի ռազմական գործողությունների դադարեցման համաձայնություն է ձեռք բերվել, ապա հրապարակեց եռակողմ հայտարարության տեքստը:

Գրեթե միաժամանակ սոցիալական մեդիայի ստեփանակերտցի մի օգտատեր, որ աշխատում էր Երեւանում ԼՂՀ ներկայացուցչությունում, հայտնեց, որ «Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունեցել»: Նույն ժամերին կառավարության նստավայրը, վարչապետի կեցավայրը ենթարկվեցին հարձակման: Բոլոր լրատվամիջոցները մինչ այդ տարածել էին ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի՝ կառավարություն մուտք գործելու պահը պատկերող տեսանյութ: Ընդդիմության քարոզչամիջոցները վարկած շրջանառեցին, որ Սամվել Բաբայանը «մտել է կառավարության մասնաշենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանին փրկի համաժողովրդական արդար վրիժառությունից»:

Նոյեմբերի 10-ի առավոտյան հայտնի դարձավ, որ ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունները հանդես կգան Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Օրվա երկրորդ կեսին, սակայն, հայտարարություն տարածվեց երեք՝ ՀՅԴ, «Արդարություն» եւ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների անունից: Նրանք պահանջում էին Արայիկ Հարությունյանի հրաժարականը եւ պետական կառավարման նոր մարմնի ստեղծում:

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *