Գյումրու՝ Լենինական դառնալու դժբախտության մեղավորը ոչ թե այն մարդիկ են, ովքեր քվեարկեցին ընդդիմադիրներին, այլ ՔՊ-ը՝ Փաշինյանի գլխավորությամբ, որ չկարողացան ապացուցել, որ ժողովրդավարությունն ավելի լավ բան է, որ քրեական ու գողականը լավ չէ։ Բայց ոչ, Փաշինյանը սպառնալիքներից այն կողմ չգնաց, 2018-ից հետո քաղաքական գնահատական չտվեց այն անձանց հասցեին, ումից որ «եկել էր փրկելու»։
Արայիկ Մկրտումյան
Դեռևս 2022-ին, մի առիթով անդրադարձ էի կատարել հեղափոխությանն ու դրա ավարտի անհրաժեշտությանը։ Նշել էի, որ հեղափոխությունը չի կարող անվերջ շարունակվել, քանի որ, եթե այն առողջ երևույթ է, ապա էվոլյուցիոն ընթացքով պիտի հասնի իր տրամաբանական ավարտին, որից հետո մենք՝ հասարակությունը, կշարունակի հեղափոխության աճեցրած պտուղները քաղելով ու հեղափոխության տված արդյունքները ավելի ամրացնելով։
«խաղաղություն խրճիթներին, պատերազմ պալատներին» հոդվածս միայն այդ մասին չէր, այլև նրա, որ Հայաստանում իշխանություը դեռևս չի գիտակցում հեղափոխության իմաստն ու նշանակությունը և եթե շարունակեն նույնատիպ թեթևամիտ կեցվածքը և հեղափոխությունը չդառնա իրական գործիք, ապա նրանք նմանվելու են այն հերոսին, ով վիշապին սպանելուց հետո ինքն է դառնում վիշապ ու արդեն նրանից են փորձում ազատվել։ Դա 2022թ․ էր, և իշխանությունը, դրանից շուրջ մեկ տարի առաջ՝ 2021-ին 50+1 քվեներով կրկին հաղթել էր խորհրդարանական ընդդիմությանը։ Ժողովուրդը Փաշինյանին տվեց նրա խնդրած «երկաթե մանդատը», որը սակայն վերջին չորս տարիներին ժանգոտվեց առանց գործածվելու։ Իշխանությունը չհասկացավ, որ 2021-ին ժողովուրդը, չնայած 2020-ի սարսափելի պարտությանը, չտրվեց գայթակղիչ հուզականությանն ու արյունոտ վենդետա չսարքեց ՔՊ-ականների գլխին, այլ նրանց նորից հիշեցրեց, թե ինչու էին 2018-ին «մերժել Սերժին» և Փաշինյանին նոր շանս տվեց։ Նման բաներ հազարից մեկ է պատահում։ Նույնիսկ փառավոր հաղթանակ կերտած դեմքերն են պարտվում ընտրություններում, ինչպես օրինակ Չերչիլը Մեծ Բրիտանիայում, երբ պարտվեց 1950թ․ ընտրությունների ժամանակ կամ Շառլ դը Ֆրանսիայում։ Իսկ նրանք հաստատ տասնապատիկ ավելի շատ շանսեր ունեին հաղթելու ցանկացած ընտրություններում, քան պատերազմում պարտված Փաշինյանը։ Բայց, 2021-ին նա կրկին ստացավ հասարակության մեծ մասին աջակցությունը, բայց շարունակեց նույն հռետորաբանությունն ու թեթևամտությունը, ինչ և դրանից առաջ։ Ռոբին Հուդի կեցվածքը, ժողովրդի սրտից խոսելու նրա սովորույթը, որ քիչ քիչ հնացավ ու դարձավ ամենասովորական պոպուլիզմ, ընդ որում անարդյունք, ավելի արագացրեց իր իսկ սկսած հեղափոխության նահանջը, որի ցուցիչները դարձան 2025-ի Գյումրու և Փարաքարի ընտրությունների ժամանակ պարտությունները, երբ Գյումրիում միացյալ ընդդիմությունը, անկախ նրանից, թե ինչ հաշիվներ ունեին իրար մեջ կարողացան վերցնել քաղաքապետությունը, իսկ Փարաքարում իշխանությունը պարտվեց Ապրելու Երկիր կուսակցթւթյանը, որը հավաքեց 50+ տոկոս քվե։ Ընդ որում Գյումրիում հաղթեց նախկին քաղաքապետը, ում անունը կապված է բազմաթիվ քրեական դեպքերի հետ, հաղթեցին մարդիկ, ովքեր առաջ երբևէ քաղաքական որևէ արդյունավետությամբ աչքի չեն ընկել(նրանցից մեկն ընդհանրապես քաղաքական գործիչ չէր), ու հաղթեցին նախկին նախագահների հովանու ներքո։ Այն նույն նախագահների, անձամբ որոնց ու նրանց շրջապատի բազմաթիվ անդամների հասցեին Փաշինյանը անվերջ գոռգոռում է պատին տալու, ասֆալտին փռելու խոստումով, գողացված ամեն ինչը վերադարձնելու և այլն, և այլն։
2018-ից այս կողմ տասյնակ քրեական գործեր են հարուցվել, որոնց 99 տոկոսը կարճվել է։ Արդարադատությունը շարունակում է մնալ կոլապսի մեջ, սոցիալական էական փոփոխություններ չկան, իսկ ՔՊ կողմից հանցագործ ու թալաչի հռչակված մարդիկ ոչ միայն ազատության մեջ են, այլև խորհրդարանում պատգամավորներ են, շարունակում են հանգիստ ապրել ու մարդկանց մտքում հարց է բարձրանում, որ կա՛մ Նիկոլ Փաշինյանը խաբում է ու այդ մարդիկ ոչ մի բանում էլ մեղավոր չեն, կամ Փաշինյանը անզոր է ու ոչինչ չի կարող անել, կամ էլլ Փաշինյանը թաքուն համագործակցում է նրանց հետ։ Ու ինչքան էլ Փաշինյանը փորձի պարզ ժողովրդական կեցվածքով հանդես գալ՝ ձվածեղ սարքել, խոսել առօրյա լեզվով, հեծանիվ նստել կամ մետրո, դրանով չես կարող փակել օրենսդիրի ու գործադիրի բացերը։ Դրանով կարող ես զբաղվել, երբ հեղափոխությունը հասել է հաղթանակի, երբ արվել են հիմնաքարային փոփոխություններ ու դու էլ որպես ժողովրդի միջիծ ելած մարդ կարող ես նրանց ցույց տալ, որ դու նախկինների նման չես։ Բայց այդ համեմատությունը ժողովուրդը նախ պիտի զգա իր կյանքի թեթևացումով, ոչ թե անձամբ Փաշինյանի կենցաղային մանրամասներն իմանալով։
2018-ից հետո հեղափոխությունը նահանջել է սարսափելիորեն։ Հեղափոխությունն այդպես էլ չի իրացվել ու «խաղաղություն խրճիթներին, պատերազմ պալատներին» մոտեցումը չի աշխատել, որովհետև պալատներում խաղաղություն է, իսկ խրճիթներում՝ խեղճություն։ Հեղափոխության պարտության հեղինակները նույն ՔՊ-ն է՝ Փաշինյանի գլխավորությամբ։ Փարաքարի ու Գյումրու ընտրությունները ցույց տվին, որ հասարակության մի մասն այնքան է հոգնել փաշինյականան դրախտի՝ միշտ հեռու մնալուց, որ պատրաստ են նրանից հրաժարվել։
Բայց ամեն ինչ այսքանով չի ավարտվում։ Հեղափոխության պարտությունը միայն Փաշինյանի ցավը չէ։ Գյումրու ընտրությունները կոնկրետ վկայում են նոր ու ավելի վտանգավոր երևույթի՝ քրեական բարքերին վերադառնալու պատրաստակամության մասին։ Ժողովրդի մի մասը Գյումրիում ցույց տվեց, որ նրանք պատրաստ են վերադառնալ հին բարքեր, որին սովոր են և Կոմունիստական Կուսակցության հաղթանակը մեջտեղ բերեց ծաղրական «Գյումրին նորից դարձավ Լենինական» արտահայտությունը։ Գյումրու՝ Լենինական դառնալու դժբախտության մեղավորը ոչ թե այն մարդիկ են, ովքեր քվեարկեցին ընդդիմադիրներին, այլ ՔՊ-ը՝ Փաշինյանի գլխավորությամբ, որ չկարողացան ապացուցել, որ ժողովրդավարությունն ավելի լավ բան է, որ քրեական ու գողականը լավ չէ։ Բայց ոչ, Փաշինյանը սպառնալիքներից այն կողմ չգնաց, 2018-ից հետո քաղաքական գնահատական չտվեց այն անձանց հասցեին, ումից որ «եկել էր փրկելու»։ Նրանք բոլորը շարունակեցին իրենց հանգիստ գոյությունն ու գործը։ «Հատիկ առ հատիկ» պետական ունեցվածքը հետ բերելու խոստումն ու ցուցադրական ինչ որ մեքենայի կամ մի քանի հարյուր մետր հողի վերադարձը պետությանը անօգուտ են։ Եթե Փաշինյանը չի հասկանում, ապա նա ընկել է այն անհոգության ու կուրության մեջ, ինչ որ Սերժ Սարգսյանը, երբ ասում էր, որ․ «ինչքան ուզեմ, էնքան էլ խփեմ»։
Հաջորդ վտանգը, որ Գյումրու ընտրությունների ուղիղ շարունակությունն է, այն է, որ Գյումրիում ընդդիմադիրներն ապացուցեցին, որ որևէ պատճառ չկա Փաշինյանին ընտրելու։ Այս պահին, եթե ընտրություն անցկացվի բոլոր գյուղերում ու քաղաքներում, ՔՊ-ը կարող է շատ ավելի վատ արդյունքներ գրանցել։ 2026-ին ընդառաջ ՔՊ-ը կանգնած է կոտրած տաշտակի առաջ․ նա տապալել է հեղափոխությունը, թույլ է տվել, որ իր խոստումներն ու լոզունգները կեղծ դուրս գան։ Ընդհանուր առմամբ կեղծ, կամ որ ավելի վատ է՝ անուժ։ Մարդիկ Փաշինյանից չեն հիասթափվում, այլ փոփոխության անհնարինությունից, ՔՊ-ից չեն հիասթափվում, այլ հեղափոխության իմպոտենտությունից, նրանից, որ 7 տարի անց դեռևս չեն լուծվել այն հարցերը, ինչի համար մարդիկ կամովին մտան ոստիկանության մահակների տակ ու գնացին Փաշինյանի հետևից։
Իշխանությունների առաջ 2026-ին կարող է կանգնել բավական մեծ զանգված ու ասել, որ իրենք եկել են իշխանափոխություն անելու՝ առանց հայհոյանքների ու սպանությունների՝ արդար, ժողովրդավարական ընտրությունների միջոցով; Փաշինյանը կարող է պարտվել ոչ թե նրա համար, որ իրեն կսպանեն կամ կահաբեկեն, այլ, որ նա կպարտվի ընտրություններում։ Սա այն է, ինչին ՔՊ-ը չի հավատացել՝ համոզված լինելով, որ հասարակությունն այնքան է ատում «նախկիններին», որ կհանդուրժի ամեն ամեն ինչ, բայց Գյումրին ու Փարաքարը նրանց փաստի առաջ կանգնեցրեց։
Օրինակ Ֆրանսիայում քաղաքական գործիչ Լը Պենին արգելել են առաջադրվել ընտրությունների ժամանակ, որովհետև նա նպատակային չի ծախսել ԵՄ-ից ստացված գումարները։ Իսկ Հայաստանում քրեական գործեր են հարուցվում սարսափելի գումարների գողության, Սահմանադրական կարգի տապալման և այլն ու այդ գործերից որևէ մեկը ավարտին չի հասնում։ Կամ արդարացվում են, կամ գործը կարճվում է՝վաղեմության հիմքով։ Մարդիկ կատաղած են ու Փաշինյանը ասես չի հասկանում, թե Գյումրիում ինչու են ընտրել «նախկին թալանչիներին»։
Բայց այս ամենից բացի, Հեղափոխությունը էապես նահանջեց քաղաքական առումով՝ քաղաքական դաշտում։ Քաղաքական դաշտի որևէ փոփոխություն չի գրանցվել, ուրվական կուսակցությունները, մարդ-կուսակցությունները շարունակել են մնալ օրենսդրական որևէ փոփոխություն տեղի չունեցավ։ Քաղաքական կուսակցությունների մասին որևէ օրենքը չընդունվեց, ոլորտը չկարգավորվեց, ընդհակառակը նոր ու անիմաստ կուսակցությունները շարունակվեցին շատանալ ու ավելի այլանդակել առանց այն էլ ավերված քաղաքական դաշտը։
Փաշինյանը և ՔՊ-ը իրենց պատասխանատու համարո՞ւմ են, եթե 2026-ին, մարդիկ ընտրեն հնին, այն հնին, որից դուրս գալու հույսեր ունեին, այն հնին, որի պարտության առաջամարտիկը Փաշինյանն էր։ Արդյո՞ք պատասխանատու են այն մարդկանց առաջ, որոնցից անպայմանորեն վրեժ կլուծեն նրանք, ում դեմ մարդիկ պայքարել են Փաշինյանի գլխավորությամբ։
Փաշինյանի ու ՔՊ պարտության պատճառներում մենք դեռևս չենք հիշատակում Արցախի կորուստն ու պատերազմում պարտությունը։ Այն շատ դառը և բարդ թեմա է, որում Փաշինյանն իր մեծ պատասխանատվության բաժինն ունի, բայց Փաշինյանը պարտվում է նույնիսկ առանց Արցախի դժբախտության։