Միջազգային

Թրամփը «Կփրկի՞» Նաթանյահուին

Իսրայելի կառավարության իրազեկ աղբյուրը հայտնել է, որ վարչապետ Նաթանյահուն փորձելու է ԱՄՆ նախագահին համոզել, որ ճնշում գործադրի Կատարի եւ Եգիպտոսի նկատմամբ, որպեսզի վերջիններս իրենց հերթին ազդեն ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա։

Վահրամ Աթանեսյան

Բայց Թրամփը «կփրկի՞» Նաթանյահուին
Բայց Թրամփը «կփրկի՞» Նաթանյահուին
Ապրիլի 6-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ավարտել է Հունգարիա այցը եւ Բուդապեշտից ուղեւորվել Վաշինգտոն, որտեղ հաջորդ օրն իսրայելական ժամանակով 20:00-ին պետք է սկսվի նրա հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Նաթանյահուի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ բանակցությունների օրակարգում պատանդների փոխանակման եւ Գազայում հրադադարի հաստատման, իրանական սպառնալիքի, Սիրիայում թուրքական ազդեցության տարածումից Իսրայելի անհանգստության, ինչպես նաեւ ԱՄՆ-ի կողմից իսրայելական ապրանքների ներմուծման նկատմամբ սահմանված մաքսատուրքի հետ կապված հարցերն են:

Ըստ տեղեկությունների, ամերիկյան կողմից հանդիպամանը ներկա է գտնվելու նաեւ Մերձավոր Արեւելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը, ինչից իսրայելցի փորձագետները եզրակացնում են, որ բանակցությունների առանցքային թեման ՀԱՄԱՍ-ի հետ «գործարքն է»: Ամերիկյան աղբյուրները հայտնել են, որ նախագահ Թրամփը ծրագրում է մայիսի կեսերին այցելել Սաուդյան Արաբիա: Բանակցությունների հաջողությունը պայմանավորված է Գազայում հրադադարի հաստատմամբ, ուստի, ինչպես իսրայելական մամուլն է կանխատեսում, Դոնալդ Թրամփը ձգտելու է Նաթանյահուից «առավելագույնը քամել»:

Իսրայելի կառավարության իրազեկ աղբյուրը հայտնել է, որ վարչապետ Նաթանյահուն փորձելու է ԱՄՆ նախագահին համոզել, որ ճնշում գործադրի Կատարի եւ Եգիպտոսի նկատմամբ, որպեսզի վերջիններս իրենց հերթին ազդեն ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա: Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողությունները վերսկել է, երբ ՀԱՄԱՍ-ը մերժել է հինգ պատանդի ազատ արձակել: Պաղեստինյան խմբավորումն իր հերթին պահանջում է, որ իսրայելական զորքերը Գազայից դուրս բերվեն եւ հաստատվի ոչ թե ժամանակավոր, այլ տեւական հրադադար:

Քանի որ Նաթանյահուի Վաշինգտոն այցի նախնական ծրագրում նախատեսված չէ նրա հանդիպումը Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականի եւ պաշտպանության նախարարի հետ, կարելի է ենթադրել, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների հարցն առայժմ հիմնական առաջնահերթություն չէ:

Իսրայելի վարչապետը Վաշինգտոն է մեկնել իր համար բավական բարդ ներքաղաքական իրավիճակում: Ընդդիմությունը համառորեն պահանաջում է ստեղծել ՀԱՄԱՍ-ի հարձակման պատճառները հետաքննող պետական հանձնաժողով, Նաթանյահուն դատարանին ցուցմունքներ է տալիս իր դեմ հարուցված չորս քրեական գործով, ոստիկանությունը ձերբակալել է նրա խորհրդականին եւ մամուլի նախկին քարտուղարին, ՇԱԲԱԿ-ի տնօրեն Ռոնեն Բարը վիճարկում է իրեն պաշտոնազրկելու մասին որոշումը, տասնյակ հազարավոր քաղաքացիներ պահանջում են պատանդների վերադարձ եւ անվտանգության երաշխիքներ:

Հատկանշական է, որ Նաթանյահուի Վաշինգտոն ուղեւորվելու օրը Գազայից Իսրայելի հարավային շրջանների ուղղությամբ ավելի քան տասը հրթիռ է արձակվել: Բանակի տարածած հաղորդագրության համաձայն՝ հինգ հրթիռ ոչնչացվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Ավելի կարեւորը ՀԱՄԱՍ-ի կողմից հրթիռակոծության պատասխանատվությունն ստանձնելու մասին հայտարարությունն է: Ակնհայտ է, որ պաղեստինյան խմբավորումը հետապնդում է ներիսրայելական լարվածությունը սրելու նպատակ:

Ընդ որում, ենթատեքստը, կարծես, այն է, որ նույնիսկ Միացյալ Նահանգների ներգրավածությունը ոչինչ չի փոխում, պաղեստինյան պայքարը շարունակվում է: Դա չափազանց հեռուն տանող ենթադրությունների տեղիք է տալիս, եթե նկատի ունենանք, որ մեկ ամիս առաջ Դոնալդ Թրամփը պնդում էր, որ Գազայի բնակչությունը պետք է տարհանվի այլ երկրներ, իսկ տարածքի կառավարումը՝ վերապահվի Միացյալ Նահանգներին: Այսօր Սաուդյան Արաբիա այցի նախապատրաստվելով՝ նա մտադրված է Գազայում հասնել հրադադարի հաստատման: Հակառակ դեպքում Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերը կտուժեն, քանի որ արաբական աշխարհը Պաղեստինի հարցում գոնե առերեւույթ միասնական է:

Մեծ է հավանականությունը, որ Իսրայելի վարչապետը կհամաձայնի պատանդների ազատ արձակման դիմաց Գազայում հրադադարի երկարաձգման առաջարկությանը: Դա կլինի Դոնալդ Թրամփին նրա մատուցած «նվերը»: Իսկ Թրամփը Նաթանյահուին «կփրկի՞» ներքաղաքական փորձությունից: Նաթանյահուի հանդեպ դեմոկրատական վարչակազմի վերաբերմունքն այնքան էլ բարյացակամ չէր: Դոնալդ Թրամփը նրան գործողությունների որոշակի ազատություն է տվել, բայց ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի վերջը չի կանխատեսվում, եւ ընդդիմությունը պատրաստվում է «Բիբիին գահընկեց անել»: Երեւում է, Նաթանյահուի անձնական ճակատագիրը Միացյալ Նահանգների նախագահին քիչ է հուզում: Կարեւորն արաբական աշխարհի հետ հարաբերություններն են:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *